կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-22 13:27
Քաղաքական

Կառավարության ծրագրում կան դրույթներ, որոնք արդեն մերժվել են հանրության կողմից, դա պարտադիր կուտակային համակարգն է

Կառավարության ծրագրում կան դրույթներ, որոնք արդեն մերժվել են հանրության կողմից, դա պարտադիր կուտակային համակարգն է

ԱԺ նիստում, երբ քննարկվում էր կառավարության ծրագիրը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը առանձնացրեց այն խնդիրները և մտահոգությունները, որոնք կան` ծրագրի հետ կապված: Նա նշեց, որ այդ մտահոգւթյունները բխում են այն իրողությունից, որ երկրում կուտակվել են թե' ներքին, թ'ե արտաքին բազում մարտահրավերներ, որոնք պահանջում են շուտափույթ ու համակարգված լուծում` հիմնված մի քանի սկզբունքների վրա:

 

Պատգամավորը, որպես սկզբունք, առանձնացրեց ներքին համախմբվածության հարցը, առանց որի որևէ երկրի չի հաջողվել դուրս գալ ծանր վիճակից: Երկրորդ սկզբունքը հանդուժողականությունն է, իրար լսելը, ընկալելը և դրա հիման վրա ծրագրեր իրականացնելը, նաև այդ փուլում անհրաժեշտ ներգրավվածությունը, որը վերաբերում է թե' հանրությանը, թե' այն ուժերին, որոնք ձևավորում են հանրության քաղաքական կամքը:

 

«Կառավարության ծրագրում պետք է որ լինեին քաղաքական ընդդիմության դերակատարության վերաբերյալ` կառավարության տեսակետը, մոտեցումը և կոնկրետ ծրագրային առաջարկները: Կուզենայինք ծրագրում տեսնել կառավարության վճռականությունը ընդդիմության մասին օրենքի ընդունման և գործադրման մասով, կուզենայինք տեսնել, որ կառավարությունն  ու իշխանությունը պատրաստ են իշխանության գործողությունների նկատմամբ վերահսկությունը վերապահել նաև ընդդիմությանը, որովհետև, առանց նման համատեղ աշխատանքի և փոխադարձ զսպումների, հնարավոր չէ ապահովել ներքին համախմբվածությունը և առաջ գնալ, հակառակը` կամրապնդվի փոխադարձ անհանդուրժողականությունը և իրար ծրագրեր չընդունելը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Նա նշեց, որ  ծրագրում ցավալիորեն չկան հակակոռուպցիոն գործակալության ստեղծման, ընդդիմության դերակատարության մեծացման վերաբերյալ դրույթներ: ՀՀ բարձրագույն պաշտոնական որևէ անձ չպետք է ունենա, իր կարողություններն այս երկրում վաստակելով, այլ երկրներում ներդրումներ անելու հնարավորություն` վիլաների ու բիզնես կառույցների տեսքով, խոսքը գնում է արժեթղթերի, բանկային ավանդների ու անշարժ գույքի մասին: Պատգամավորի խոսքով` հանրությունը դժգոհում է, որովհետև օտարված է որոշումների կայացումից, և պատահական չէ, որ կուտակային օրենքի, արագաչափերի, կարմիր գծերի, տրանսպորտի թանկացման դեմ պայքարի շրջանակներում քաղաքացիները ագրեսիվ են դառնում, որովհետև նրանք ներգրավված չեն որոշումների կայացման մեջ:

 

«Մենք ակնկալում էինք, որ կառավարությունը կառաջարկի կոնկրետ քայլեր, որ թվարկածս խնդիրների մասով կասեցումներ տեղի ունենան, չի կարող տրանսպորտի գինը բարձրանալ, եթե երկրում չի ձևավորվել միասնական տրանսպորտային համակարգ: Մենք առաջարկում էինք նաև, որ այն բոլոր բարեփոխումները, որ կառավարությունը պետք է նախաձեռներ, ձևավորվեր մշտադիտարկում իրականացնող թիմ` հանրության մեջ հեղինակություն վայելող անձանցից կազմված` առանց բաժանելու իշխանության և ընդդիմության, «մենք»-ի ու «դուք»-ի»,- ասաց պատգամավորը:

 

Նա նշեց, որ կառավարության ծրագրում չկա նաև աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ ճանապարհային քարտեզ, որի մասին առաջարկ էր արել Դաշնակցությունը` չհամաձայնելով հնչած այն տեսակետի հետ, թե կառավարությունը պատասխանատու չէ աշխատատեղերի ստեղծման համար: Պատգամավորը հարցնում է` այդ դեպքում ո՞վ է պատասխանատու աշխատատեղերի ստեղծման համար, եթե ոչ` կառավարությունը:

 

«Պետությունը, կառավարությունը նրա համար են, որ ապահովեն քաղաքացու արժանապատիվ աշխատատեղ ստեղծելու համար անհրաժեշտ միջավայրը, դրա ստեղծման գործիքներն էլ ենք առաջարկել: Ծրագրում կան լոկ ցանկություններ, բայց դրանց հետ միասին կան դրույթներ, որոնք արդեն մերժվել են հանրության կողմից, դա պարտադիր կուտակային համակարգն է»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ կուտակայինի մասին կրկնելու է այնքան ժամանակ, քանի դեռ հանրության պահանջը չի իրացվել լիարժեքորեն, և պայքարելու են մինչև վերջ, քանի որ դա հակասահմանադրական է և հակաիրավական: