կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-14 18:47
Առանց Կատեգորիա

Սառը ցնցուղ` ԼՂ միջնորդների համար

Սառը ցնցուղ` ԼՂ միջնորդների համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 16-ին կժամանեն տարածաշրջան: Դա կլինի նրանց առաջին այցը ԼՂ կարգավորման տարրերի մասին ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտնի ելույթից և դրա հիմնական շեշտադրումները հաստատող` երեք համանախագահների արած համատեղ վերջին հայտարարությունից հետո: Նրանք ժամանելու են Երևան և Բաքու, ըստ էության, չափելու բանակցող երկու կողմերի դիրքորոշումների վրա այդ հայտարարությունների, դրանց շուրջ ծավալված քննարկումների ազդեցությունը:

 

Համանախագահները, սակայն, լավատեսության հիմքեր չունեն: Ուորլիքյան բացահայտումները վերջնականապես հաստատեցին, որ այս պահին կողմերի դիրքորոշումները, առավել քան երբևէ, տարբերվում են իրարից և տարբերվում են տրամագծորեն: Եթե մինչ այժմ համանախագահների գլխացավանքը Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշման կարծրացումն էր, ապա հիմա դրան ավելացել է նաև Հայաստանի հանրային կարծիքի` իրենց համար անակնկալ կարծրացումը: Միջնորդ երկրներում զարմանում են, թե ինչպե՞ս հասկանալ, որ նախկինում հայերը լրջորեն չէին առարկում տարածքները զիջելու սկզբունքին, հիմա կտրականապես դեմ են արտահայտվում: Նման տեսակետ, մասնավորապես, հայտնել էր ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը: Մինչդեռ ամեն ինչ ավելի քան պարզ է` ժամանակներն են փոխվել ու փոխվել են հենց միջնորդների, նրանց անգործության և կիրառած երկակի ստանդարտների պատճառով:

 

Մինչև 2011թ. Կազանում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովը, որտեղ Ադրբեջանը տապալեց մադրիդյան սկզբունքների ստորագրումը, Բաքուն, կարծես, բավարարվում էր գոնե նախկին ԼՂԻՄ-ին հարակից իր նախկին վարչական շրջանները ստանալու դիմաց ԼՂ-ում հանրաքվե անցկացնելու հեռանկարով: Այսօր արդեն Բաքուն հավակնում է նույնիսկ Երևանին: Այդ երկրի նախագահը օր ու մեջ հայտարարում է գրեթե ողջ Հայաստանն ընդգրկող` Ադրբեջանի «պատմական տարածքները» վերադարձնելու, դրանով, իբր, «պատմական արդարությունը» վերականգնելու մասին: Չորս տարի շարունակ համանախագահներից ոչ մեկը չհամարձակվեց զսպել Ալիևի մեծացող ախորժակը, հիշեցնել այն խղճուկ վիճակը, որում հայտնվել էր հրադադարի պայմանագիրը Ղարաբաղի հետ ստորագրելիս, նույն մադրիդյան սկզբունքները, որոնք, անտեսելով 1991թ. ԼՂՀ-ի անկախության հանրաքվեի արդյունքները, այնուամենայնիվ, պարունակում էին Ղարաբաղին ինքնորոշման հանրաքվե անցկացնելու խիստ հեղհեղուկ իրավունքի մասին դրույթը: Նրանք ոչինչ չէին խոսում և ոչինչ չէին անում նունիսկ այն ժամանակ, երբ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում էր կատարել դիպուկահարներին շփման գծից հետ կանչելու ստանձնած պարտավորությունը, շարունակաբար գնդակոծում էր Հայաստանի գյուղերն ու դրանց խաղաղ բնակչությանը, այլև այնքան ինքնավստահ ու լկտի դարձավ, որ հրաժարվեց անգամ պարբերաբար իրականացվող մշտադիտարկման համար առաջին գիծ հանել ԵԱՀԿ դիտորդներին:

 

Այս ամենից միջնորդ երկրները չեն զարմացել, բայց ահա, դրանց ի պատասխան, հայկական կողմի դիրքորոշման կարծրացումից վատ են զգում: Դրա պատճառը, նաև` Հայաստանի վարած արտաքին քաղաքականության անողնաշարության հետևանքով, միջազգային հանրության մոտ ձևավորված այն կանխակալ կարծիքն է, թե միանգամայն օրինաչափ ու նորմալ է, որ բանակցություններում ցանկացած նոր իրական կամ տեսական առաջընթաց պետք է կատարվի Հայաստանի միակողմանի զիջումների արդյունքում: Իսկ այդպիսի զիջումներն առավել քան ակնառու են: Եթե նախկինում բանակցություններում գործում էին «տարածքներ կարգավիճակի դիմաց», հետո` «տարածքներ` պատերազմ չսկսելու դիմաց» սկզբունքները, ապա վերջում արդեն փաստացի Ադրբեջանը առաջադրում է «ամեն ինչ` ոչնչի դիմաց» կապիտուլյացիոն սկզբունքը: Էլ չասած այն մասին, որ մադրիդյան սկզբունքների հիման վրա կարգավորման գնալու պարագայում Ադրբեջանն ստանում է հող, տարածքներ, ձերբազատվում է փախստականների հիմնահարցից, իսկ Արցախը` միայն անորոշ հեռանկարում պլեբիսցիտ անցկացնելու մասին միջազգային հանրության կողմից տրված խոստում, այսինքն` թղթի կտոր: Անգամ ամենաանուղղելի լավատեսը չի կարող սա հավասարակշռված փոխզիջում կամ ձեռքբերում համարել:

 

Այս իմաստով հայկական կողմի արձագանքը Ուորլիքի ելույթին ոչ միայն տեղին էր, այլև անհրաժեշտ և նույնիսկ ուշացած: Այն պատասխան է ոչ թե ադրբեջանական մաքսիմալիստական ձգտումներին, այլ ինքնին համանախագահների անգործությանը և երկու կողմերի վարքագիծը համահարթեցնելու, հավասարեցնելու` արդեն անտանելի և աղետալի հետևանքների բերած ուղենիշին: Երևանում և Ստեփանակերտում համանախագահներին պետք է հենց այս ուղերձները հասցնել և փորձել հասնել այն բանին, որ բանակցությունները շարունակելու միակ ճանապարհը համարվի դրանցում ԼՂՀ-ին ընդգրկելը: Եվ սա, թերևս, պետք է ուղեկցվի ԼՂՀ-ի ներկայիս կարգավիճակի ճանաչմանն ուղղված հստակ դիվանագիտության որդեգրմամբ, ինչը ցույց կտա, որ նման միակողմանի ճնշումներ բանեցնելու միջնորդների ուղեգիծը որևէ հեռանկար չունի, որովհետև իմաստ չունի, առհասարակ, պրոցեսը շարունակել ինչ-որ տարրերի հենքի վրա, որոնք ցանկացած պարագայում տանում են լարվածության խորացման և պատերազմի անխուսափելիության:

 

Իսկ եթե ցանկացած դեպքում հեռանկարը պատերազմն է, ապա որքանո՞վ է խելամիտ խոսել զիջումների պատրաստակամության մասին: Այս իմաստով ոչ միայն խիստ խորհրդանշական, այլև ուղղորդիչ էր ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային վեհաժողովի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու վերաբերյալ բանաձևի ընդունումը:

 

Գևորգ Դարբինյան