կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-25 18:17
Քաղաքական

Կտեսնենք՝ դեկտեմբերի 6-ից հետո ով է սառը ցնցուղ ընդունելու՝ մե՞նք, թե՞ Դուք. Շարմազանովը` Փաշինյանին

Կտեսնենք՝ դեկտեմբերի 6-ից հետո ով է սառը ցնցուղ ընդունելու՝ մե՞նք, թե՞ Դուք. Շարմազանովը` Փաշինյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ից մեկնում է արձակուրդ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ  իր ֆեյսբուքյան էջում նա անդրադարձել է նաև այն քննադատություններին, թե երեկ իր կողմից հրավիրած երթը սակավամարդ է եղել: «Այս երթը դեռ շարունակվելու է երկար։ Եթե մտահոգված եք, սառը ցնցուղ ընդունեք»- գրել է նա: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն այս ընտրություններին մասնակցում է «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին» կարգախոսով:

Փաշինյանի` սառը ցնցուղ ընդունելու առաջարկին արձագանքել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ:

«Որոշ մարդիկ մեզ խորհուրդ են տալիս սառը ցնցուղ ընդունել կամ սառը ջուր խմել, բայց կարծում եմ` մենք ազգովի սառը ցնցուղ կընդունենք այն ժամանակ, եթե մտահոգությունները չփարատվեն: Իրեն էլ խորհուրդ չեմ տա սառը ցնցուղ ընդունի, քանի որ կարող է գրիպով հիվանդանալ, և թիմը անօգնական կարող է մնալ: Դեպի ձմեռ գնացող ճանապարհին խորհուրդ եմ տալիս թեյ խմեք, այլ ոչ սառը ցնցուղ»,- ասաց Շարմազանովը` անդրադառնալով իր մտահոգություններին:

Շարմազանովի խոսքով` հեղափոխությունից հետո խոսվում էր Սփյուռքից ներդրումների հոսքի մասին, մեղադրում էին, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին քիչ փող էին փոխանցում: Հիմա ինչու՞  մեկ ու կես միլիոն դրամով պակաս գումար փոխանցվեց:

«Մենք թալանչիներն էինք, դուք էլ սրբերը, բա ինչո՞ւ սրբերին փող չփոխանցեցին»,- հարցրեց Շարմազանովը:

Նա անդրադարձավ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին:

«Կտեսնենք՝ մեր վարչապետի «դուխով» հայտարարությունների արդյունքում գլխավոր քարտուղարի պաշտոնը կպահպանե՞նք, թե՞ կկորցնենք: Ու կտեսնենք՝ դեկտեմբերի 6-ից հետո ով է սառը ցնցուղ ընդունելու՝ մե՞նք, թե՞ Դուք»,- ասաց նա: