Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության «սև ցուցակ» գցելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Մարտի վերջին հայտնի դարձավ, որ Եվրամիության Ավիացիոն Անվտանգության Գործակալությունը (EASA) 2 հայկական ավիաընկերությունների զրկել է դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու, արդեն իսկ շնորհած իրավունքից:
Պատճառը` Հայաստանը, որպես շահագործողի երկիր, ի վիճակի չէ վերահսկելու օդանավերի թռիչքային պիտանելիության վկայականների հավաստագրման և թռիչքային անվտանգության գործընթացները՝ համաձայն միջազգային նորմերի: Գործակալությունը որոշումը կայացրել է այս տարվա փերվարի 4-7ը ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեյում անցկացրած աուդիտի արդյունքներով:
Եվ քանի դեռ ՀՀ ՔԱԿ-ը ուրախանում էր, որ իրենք վերջապես իմացան, թե ինչ բացթողումներ ունեն, EASA-ն զրկեց ավիաընկերություններին թռիչքների իրավունքից, իսկ ՔԱԿ-ին Երամիության ամոթալի «սև ցուցակ»-ում ներառելու գործընթացը փոխանցեց Եվրոհանձնաժողով: Պետական մարմնի հանդեպ կիրառվող պատժամիջոցների որոշումը կայացնում է եվրոպական մարմինը:
Մի խումբ երիտասարդ օդաչուների և ավիացիայի փորձառու մասնագետների հետ, դեռևս նախորդ տարվա վերջին, մշակել ենք մոտալուտ ճգնաժամից դուրս գալու ծրագրեր, և առաջարկել ենք և՛ ՔԱԿ, և՛ ՀՀ կառավարություն:
ՔԱԿ-ը, երևի ինչ որ հրաշքի սպասելով, համառորեն համարյա ոչինչ չէր անում: Համարյա, որովհետև Հոլանդիայից հրավիրած մի հոգին ի վիճակի չէր շտկելու դրությունը: Դա թիմային աշխատանքի պահանջ է:
Փաստորեն, ՀՀ ՔԱԿ-ը դեռևս 2019թ. հոկտեմբերից տեղյակ լինելով մոտալուտ ճգնաժամից, մի քանի ամիս` մինչև փետրվարի սկիզբ, զբաղված է եղել դեկորատիվ, իրավիճակին ոչ համարժեք գործողություններով աուդիտին «նախապատրաստվելով»:
Իսկ իրականում` նպատակաուղղված անգործությամբ: Ինչի առաջին արդյունքերն արդեն 2 ավիաընկերություն իրենց վրա զգում են: Իսկ մայիսի 12-14–ը Եվրահանձնաժողովի նիստում արդեն Հայաստանի Հանրապետությանն է սպասում նմանատիպ ցնցուղ:
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության «սև ցուցակ» գցելը:
Նախ` դա ապտակ է պետությանը: Սա բարոյական կողմը:
Հետո` Հայկական ավիաընկերությունները ստիպված են լինելու արտահերթ աուդիտ անցնել: Դա բավականին ծախսատար է: Եվ այդ աուդիտը անհամեմատ ավելի բարդ է լինելու: Քանի որ նրանք բացի իրենց գործառույթներից, պետք է ապացուցեն նաև, որ միջազգային պահանջներին չհամապախանող ավիացիոն իշխանությունների անպիտանության պարագայում անգամ, ի վիճակի են ինքնուրույն կատարել պետական մարմնի ֆունկցիաները իրենց ավիաընկերության աշխատանքների կազմակերպման բնագավառում:
Սա լավագույն տարբերակն է:
Կա նաև այլ տարբերակ` ավիաընկերությունները բարդություններից խուսափելու համար չեն գնա այդ ճանապարհով: Այլ ուղղակի կդադարեցնեն իրենց գործունեությունը հայկական դրոշի ներքո:
Այդ դեպքում հայկական ավիաշուկայի մոտ 70%-ը գրաված ռուսական ընկերություններն առանց հապաղելու կավելացնեն շուկայում իրենց մասնաբաժինը: Եվ «օգնության ձեռք կմեկնեն» եղբայրական հայ ժողովրդին` կսկսեն թռիչքներ կատարել նաև եվրոպական ուղղություններով: Այդպիսի միջազգային կարգավորում էլ կա (Օդի 5-րդ ազատություն + Չիկագոյի կոնվենցիայի 83bis հոդված):
Եթե առ այսօր դեռ ինչ–որ դիմադրություն կար գոնե փոքրիկ հայկական ավիաընկերությունների կողմից, ապա այսուհետ հայկական ավիաշուկան առանց ավելորդ ճիգերի կդառնա մեր ԵԱՏՄ «գործընկերոջ» սեփականությունը:
Ընդ որում նույն սպասարկման արժեքների տրամադրմամբ, ինչպիսիք սկուտեղի վրա մատուցվեցին «խնամոնց»` օտարերկրյա լոուքոստերներին:
Արդյունքում Հայաստանը բացի իր ինքնիշխանության կարևոր գործիքից, ինչպիսիք սեփական երկրի ավիափոխադրողներն են, կկորցնի ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար միայն մոտակա 3 տարվա տուրքերը չհավաքագրելով:
Ինչպես նաև, համաձայն Boeing և Airbus ընկերությունների հետ առանձին առանձին ունեցած քննարկումների արդյունքում ստացված միևնույն` հայկական ավիափոխադրողներին անհրաժեշտ, 12-15 օդանավի շահագործման չիրականանալու ծրագրից:
Ինչի պատճառով Հայաստանը կզրկվի մոտ 1200 աշխատատեղերից միայն ավիաընկերություններում:
Եվ ևս 2 -3 անգամ ավելի, հարակից ոլորտներում:
Գումարած չհավաքագրած հարկերն ու տուրքերը:
Ինչպես նաև ծառայություններ արտահանելով արտարժույթի ներհոսքի փոխարեն ստանալով հակառակը` ծառայություններ նեմուծելով արտարժույթի արտահոսքը: Ինչը տնտեսական էֆեկտը կդարձնի արդեն 2 անգամ ավելի զգալի:
Բա վնասարարությունը պոզով-պոչո՞վ է լինում:
Դե, հայտնի բան է` ռուսը որ չլինի` մեզ կուտեն»։