կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-12 17:05
Առանց Կատեգորիա

Ինչ են ստիպում զիջել Հայաստանին

Ինչ են ստիպում զիջել Հայաստանին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից Մադրիդյան սկզբունքները հիշեցնելուց, ավելի ճիշտ` դրա լույսի ներքո Հայաստանին ԼՂ հարցում հաստատված ստատուս քվոն փոխելու պահանջ առաջադրելուց հետո ո'չ համանախագահը, ո'չ դեսպան Հեֆերնը, ո'չ էլ պաշտոնական Վաշինգտոնը որևէ խոսք չասացին այն մասին, թե, ի պատասխան հայկական կողմից տարածքներ հանձնելու հարցում ակնկալվող զիջումների, ի՞նչ է պարտավոր անել կամ զիջել Ադրբեջանը: Վերջին շրջանում ամերիկացի դիվնագետների դրսևորած վարքագիծը, հայտարարություններից փչող պարտավորեցնող տոնը տպավորություն են ստեղծում, թե ԼՂ խաղաղ կարգավորման հեռանկարը, այսինքն` պատերազմի վերսկսումից խուսափելու միակ հնարավորությունը կախված է բացառապես հայկական կողմի զիջումներից:

 

Ամերիկյան այս դիվանագիտական դեմարշի ֆոնին ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահները, օգտագործելով ղարաբաղյան հրադադարի հաստատման 20-ամյակի առիթը, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որն, ըստ էության, Ուորլիքի ուղերձների կրկնությունն էր: «Կարգավորումը պետք է ընդգրկի տարրեր, որոնք պարունակվում են համանախագահ երկրների նախագահների 2009-2013 թթ. արված հայտարարություններում, որոնք ընդգրկում են ԼՂ-ի շրջակա տարածքների վերադարձը, ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակը, անվտանգության եւ ինքնորոշման երաշխիքներ, Հայաստանը ԼՂ-ին կապող միջնացք, ինչպես նաեւ ԼՂ-ի վերջնական կարգավիճակի մասին որոշում, բոլոր ներքին տեղահանվածների եւ փախստականների վերադառնալու իրավունք եւ անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում` խաղաղապահ ուժեր: ...Մենք կողմերին կոչ ենք անում կառուցողական, բարեխիղճ բանակցություններ վարել, որոնք խաղաղ համաձայնության կհանգեցնեն` այդ տարրերի հիման վրա հիմնախնդիրը կարգավորելու նպատակով»,- ասվում է համանախագահների համատեղ հայտարարության մեջ:

 

Առանձին վերցրած` հայտարարությունը որևէ արտառոց բան իրենից չի ներկայացնում: Նման տեքստեր համանախագահները հրապարակում են տարին առնվազն 6-7 հատ: Բայց այս տեքստը, Ուրիլիք հայտարարությունների և ԱՄՆ-ի կողմից կարգավորման գործընթացում նախաձեռնողականությունը խլելու հավակնություննների ֆոնին, կարևորություն է ստանում հատկապես երեք պատճառով: Նախ` ՄԽ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը ևս ստորագրել է այս տեքստի տակ, ինչն առնվազն նշանակում է, որ Մոսկվան չի առարկում ԱՄՆ-ի կողմից բանակցությունները հունավորելու հավակնությանը: Դա առաջին հայացքից տարօրինակ է թվում, քանի որ, հանդես գալով ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ առանձին դիրքորոշմամբ, Վաշինգտոնն առաջին հերթին անուղղակի անվստահություն արտահայտեց հակամարտությունը խաղաղ կարգավորելու հարցում Ռուսաստանի շահագրգռության նկատմամբ: Մոսկվան, փաստացի, չնկատելու է տալիս այս ակնարկը, ինչը նշանակում է, որ մի կողմից չի հավատում, թե Վաշինգտոնին կհաջողվի բեկում մտցնել բանակցություններում, մյուս կողմից` որ դրա արդյունքում առկա ստատուս քվոն տարածաշրջանում կփոխվի: Դրանով Մոսկվան փորձում է հասկացնել Վաշինգտոնին, թե Հարավային Կովկասում հողն իր ոտքերի տակից քաշելու պլանը դատապարտված է ձախողման:

 

Երկրորդ` հետաքրքրական է համանախագահների հայտարարության այն հատվածը, որտեղ նրանք կողմերին կոչ են անում բանակցություններ վարել նշված տարրերի հիման վրա հիմնախնդիրը կարգավորելու և արդյունքում խաղաղ համաձայնության հանգելու նպատակով: Ուշադրություն դարձնենք, որ խոսքը, ըստ էության, գնում է ոչ թե այդ տարրերը համաձայնեցնելու, այլ դրանց հիման վրա խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին: Սա նշանակում է, որ, ըստ համանախագահների, կարգավորման սկզբունքների համաձայնեցման փուլն ավարտված է, և նրանք փորձում են սկսել հաջորդ` այդ տարրերը կենսագործելու մեխանիզմների, հաջորդականության և մանրամասների հստակեցման փուլը: Եթե իսկապես այդպես է, ապա այն ամբողջությամբ համապատասխանում է խաղաղության մեծ պայմանագրի համաձայնեցմանն անցնելու` Ադրբեջանի պահանջին: Ի դեպ, օրեր առաջ Ջեյմս Ուորլիքի արած «բացահայտումների» ողջ իմաստն իրականում ևս ուղղված էր դրան: Չնայած այստեղ ևս տպավորություն է ստեղծվում, թե Մոսկվան ևս շահագրգռված է բանակցությունների առարկան սկզբունքների համաձայնեցման հարթությունից պայմանագրի ձևակերպման փուլ անցնելու հարցում, բայց սա կարող է խաբուսիկ տպավորություն լինել:

 

Բանն այն է, որ իրականում խնդիրը ոչ այնքան կարգավորման հիմնարար մադրիդյան սկզբունքների մեջ է, որոնց համաձայնություն են տվել Հայաստանի թե' երկրորդ և թե' երրորդ նախագահները, այլ դրանց կենսագործման մեխանիզմների ու մանրամասնությունների, որոնց շուրջ փոխըմբռնման հասնելը շատ ավելի բարդ է: Թերևս դա է պատճառը, որ Ռուսաստանն այստեղ` կարգավորման նկատմամբ վերահսկողության իմաստով իր համար առանձնապես լուրջ վտանգ չի տեսնում: Բայց սա հայկական կողմի համար ունի չափազանց կարևոր, ընդհուպ` ճակատագրական նշանակություն, որն առնչվում է հայտարարության կարևորության երրորդ պատճառին: Բանն այն է, որ վերջնական համաձայնությունների հասնելու կոչը համանախագահները հնչեցնում են Հայաստանին և Ադրբեջանին, ինչն առնվազն նշանակում է, որ, ըստ նրանց, ԼՂՀ-ն նաև այդ փուլում հնարավորություն չի ունենալու, որպես կողմ, ներգրավվել բանակցություններում: Ներկայիս ԼՂՀ-ի կարգավիճակը, անցած 20 տարիների արդյունքում ծնված նոր իրականությունը որևէ արտացոլում բանակցություններում, ըստ համանախագահների, չպետք է ունենա: Փաստորեն, Հայաստանից պահանջում են հակամարտության իրական կողմի` ԼՂ-ի փոխարեն որոշել ոչ միայն նրա տարածքների ճակատագիրը, այլև սեփական ձեռքերով «ջրել» 1991թ. անկախության հանրաքվեի արդյունքները: Եթե Երևանը համաձայնում է դրան, ապա հաստատում է, որ ագրեսոր է, և որ ԼՂ հիմնահարցը ոչ թե ինքնորոշման, այլ տարածքային վեճի թեմա է: Խաղաղության վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններին անցնելը ստատուս քվոյի փոփոխության չի հանգեցնում: Բայց առանց ԼՂՀ-ի` բանակցությունների մեջ ներգրավվելու դրան անցնելը կնշանակի լեգիտիմացնել ԼՂ-ի ինքնորոշման իրավունքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովմանը ստորադասելու և դրա ներքո ճանաչելու` հայկական կողմին պարտադրվող լուծումը:

 

Գևորգ Դարբինյան