կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-08 10:30
Սպորտ

Ըմբշամարտ. Գևորգ Մխեյանն ու Սարգիս Հովսեփյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Ըմբշամարտ. Գևորգ Մխեյանն ու Սարգիս Հովսեփյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Բուլղարական Սամոկով քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 2-րդ օրը նույնպես հաջող էր Հայաստանի ընտրանու անդամների համարԱրշակ Հայրապետյանի ղեկավարությամբ` մեր հինգ ըմբիշներից 4-ը պայքարեցին մեդալների համար. հաղորդում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

 

54 կգ քաշային կարգում եզրափակիչ մտած ու Նանկինի ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի ուղեգիր ապահոված Վաղինակ Մաթևոսյանը վճռորոշ գոտեմարտում տանուլ տվեց ռուսաստանցի Ամիրխան Գուվաժոկովին ու բավարարվեց Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսով:

 

46 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճելուն հավակնում էր Վազգեն Թևանյանը, սակայն 3-րդ տեղի համար գոտեմարտում պատանի հայ ըմբիշը  6:9 հաշվով զիջեց Ուկրաինան ներկայացնող Նիկոլայ Չաբանին և, ի վերջո, գրավեց 5-րդ տեղը:  

 

63 կգ քաշային կարգում Գևորգ Մխեյանը 3-րդ տեղի համար մենամարտում 3:1 հաշվով պարտության մատնեց Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Կուչուկյիլդիրիմին և նվաճեց բրոնզե մեդալ:

 

Նման պատվի արժանացավ նաև 76 կգ քաշային կարգում հանդես եկող Սարգիս Հովսեփյանը, ով 3-րդ տեղի համար գոտեմարտում բացահայտ առավելությամբ՝ 11:0 հաշվով, հաղթեց Բելառուսի պատվիրակ Մաքսիմ Սուխոցկուն:

 

Նշենք, որ օլիմպիական 5 քաշային կարգերից 3-ում (46, 54, 76 կգ ) ոսկե մեդալներ նվաճեցին Ռուսաստանի, իսկ մնացած 2-ում (63 և 100 կգ)` Ադրբեջանի ներկայացուցիչները: