կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-07 11:14
Սպորտ

Ըմբշամարտ. Նարեկ Հովհաննիսյանն արժանացավ բրոնզե մեդալի

Ըմբշամարտ. Նարեկ Հովհաննիսյանն արժանացավ բրոնզե մեդալի

Բուլղարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայտնի դարձան 50 և 58 կգ քաշային կարգերի մրցանակակիրները: 50 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորած Նարեկ Հովհաննիսյանը 3-րդ տեղի համար գոտեմարտում առավել քան վստահ հաղթանակ տոնեց (13:2) տանտերերի ներկայացուցիչ Դանիել Գանևի նկատմամբ ու արժանացավ բրոնզե մեդալի: Նշենք, որ Նարեկը եզրափակիչ տանող ճանապարհին նախ 12:2 հաշվով հաղթեց Թուրքիայի պատվիրակ Դենիզ Ակային, ապա` 12:0 հաշվով ավստրիացի Սիմոն Մարչլին ու միայն կիսաեզրափակիչում 1:8 հաշվով զիջեց Եվրոպայի ապագա չեմպիոն, ադրբեջանցի Աղվան Քամիլ Խաշալովին: Վերջինս եզրափակիչում 8:0 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Մուհամեդ Բատրուդինովին: Այս քաշային կարգի 2-րդ բրոնզե մեդալը բաժին հասավ ուկրաինացի Ռոման Գուցուլյակին:


58 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն էր պահպանում նաև Վրեժ Քարամյանը: Նրա ու ռուսաստացի Դինիսլամ Աջիևի միջև կայացած լարված ու համառ գոտեմարտն, ի վերջո, ավարտվեց 6:5 հաշվով` հօգուտ մրցակցի, որին էլ բաժին հասավ բրոնզե պարգևը: Վրեժն այս անգամ ստիպված էր բավարարվել 5-րդ տեղով: Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Թուրքիայի պատվիրակ Քամ Ալին, ով եզրափակչիում 2:0 հաշվով առավելության հասավ մոլդովացի Ստեֆան Տոնուի նկատմամբ: Բրոնզե 2-րդ մեդալին տիրացավ բուլղարացի Սվետոսլավ Պետրովը: Առաջնության առաջին օրը ասպարեզ մտած Հայաստանի 5 ըմբիշներից 2 -ը՝ Արման Մնոյանն (42 կգ) ու Նարեկ Հովհաննիսյանը (50 կգ), պայքարն ավարտեցին, համապատասխանաբար, արծաթե և բրոնզե մեդալներով:

 

Այօսր մրցագորգ դուրս կգան մեր ևս 5 ըմբիշներ, որոնք մեդալներից բացի կպայքարեն նաև Նանկինի ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի ուղեգրերի համար:

 

Աղբյուր՝ wrestling.am