կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-07 15:27
Հասարակություն

Պարտադիր կուտակայինի 5 տոկոսը կմտնի եկամտահարկի մե՞ջ

Պարտադիր կուտակայինի 5 տոկոսը կմտնի եկամտահարկի մե՞ջ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այսօր ակնարկեց, թե ինչ է պատրաստվում անել գործադիր իշխանությունը պարտադիր կուտակային հետ:

 

Նա նշեց, որ այդ օրենքի' պարտադիր բաղադրիչին վերաբերող մասը ՍԴ-ն էլ համարեց հակասահմանադրական, ուստի ինքնըստինքյան դուրս է գալիս, եւ ցանկացած մարդ, եթե արդեն իսկ պարտադիր կուտակայինի համար վճարումներ է կատարել, կարող է դիմում գրել ու հետ ստանալ դրանք:

 

Նշելով, թե կենսաթոշակային համակարգը շատ կարեւոր է, Վարդան Այվազյանը նշեց, թե իրականում ամբողջ աշխարհն այս ուղղությամբ է գնում: «Եկեք` անկեղծ լինենք, ներկա սոցիալ-տնտեսական վիճակում, հաշվի առնելով նաեւ վստահության ռեսուրսը եւ այլն, եւ այլն, երիտասարդ աշխատողը չի կարող իր ծնողին, 45 հազար դրամ թոշակ տալով, պահել: Մինչեւ թոշակառուն մի կանգառից մյուսը հասնի, այդ 45 հազարը կպրծնի»,- ասաց պատգամավորը եւ սկսեց պարզաբանել, որ կուտակային կենսաթոշակային համակարգի պայմաններում մարդն ինքն իր ապագայի համար միջոցներ կկուտակի, պետությունն էլ կուտակածի չափով կավելացնի' մինչեւ 25 հազար դրամի չափով:

 

Քանի որ այս ուղուց նահանջելն էլ մի բան չէ, նախկին ձեւով առաջ շարժվել էլ չի լինի, ապա, ըստ Այվազյանի, մինչեւ հունիսի 30-ը գործադիրն այս հարցի առնչությամբ նոր օրինագիծ պետք է ներկայացնի ԱԺ-ի քննարկմանը:

 

Նախնական դիտարկվող տարբերակներից մեկը, հայտնեց Վարդան Այվազյանը, այն է, որ եկամտահարկի 25 տոկոս դրույքաչափը պետությունը քչացնի 5 տոկոսով, ու այդ 5 տոկոսները փոխանցվեն կուտակային ֆոնդեր' դրանով հասարակության եկամուտների վրա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ունեցած ազդեցությունը չի երեւա: Սակայն սա դեռ ոչ թե վերջնական, այլ քննարկվող տարբերակներից մեկն է: