կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-08 18:24
Քաղաքական

Պարտադիր կուտակայինի դեմ պայքարողները կփակե՞ն փողոցները

Պարտադիր կուտակայինի դեմ պայքարողները կփակե՞ն փողոցները

2014թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ մտավ պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը, որը մաս է կազմում նոր` բազմաստիճան կենսաթոշակային համակարգին: Փաստորեն, ամիսներ առաջ հազարավոր մարդկանց բողոքի ձայնը այդպես էլ արձագանք չգտավ օրենսդիր ու գործադիր իշխանությունների կողմից:

 

«Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարին» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամներ Հայկ Ավետիսյանն ու Տիգրան Մարտիրոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեցին, որ իրենց պայքարը չի մարել, այն շարունակվում է: Խմբի մասնակիցների հիմնական մասը տրամադրված է շարունակել պայքարը: Տիգրան Մարտիրոսյանը նշեց, որ ներկայումս քննարկման ընթացքում են որոշ քայլեր, մասնավորապես՝ բոյկոտի հետ կապված ակցիաներ` «ՎիվաՍել» կազմակերպության և «Անելիք» բանկի դեմ: Քննարկվում է նաև բողոքի ակցիա կազմակերպել ՍԴ որոշմանն ընդառաջ: Հիշեցնենք, որ ՍԴ-ն հունվարի 25-ին կայացնելու է որոշում` ի պատասխան օրենքի գործադրման կասեցման միջնորդության:

 

«Ես անձամբ մեծ հույսեր չունեմ՝ ՍԴ որոշման հետ կապված: Պարզապես դա այն քայլն է, որը մեզ կուղղորդի դեպի առավել կոշտ քայլերի, օրինակ` փողոցներ փակելուն »,- ասաց Տիգրան Մարտիրոսյանը: Հայկ Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ մի քանի երկրներում նման լուրջ օրենքները մի քանի ամսում հետ են կանչել միայն այն բանի շնորհիվ, որ ժողովուրդը մինչև վերջ պայքարել է: