Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՏՏ ոլորտի հարյուրավոր աշխատակիցներ մանրակրկիտ ուսումնասիրել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը և դրանում գտել բազմաթիվ բացասական կողմեր և ոչ մի դրական կետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեցին «Ընդդեմ կենսաթոշակների 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները:
Նրանց համոզմամբ` եթե «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը գործարկվի, ապա քաղաքացիները ահռելի վնասներ են կրելու, որովհետև հայտնի չէ` 20-30 տարի հետո քաղաքացիներն ինչպես են ստանալու այդ գումարները և, առհասարակ, ստանալո՞ւ են արդյոք: Պարտադիր բաղադրիչը, ըստ բանախոսների, կիրառելի է միայն շատ զարգացած երկրների համար, որտեղ գրանցվել է տնտեսական լուրջ առաջընթաց: Նախաձեռնող խմբի անդամները նշեցին, որ շատ երկրներում այդ օրենքը կիրառվել է կամավոր սկզբունքով, իսկ այն երկրներում, որոնցում այն պարտադիր է եղել, որպես կանոն, ձախողվել է, օրինակ` Արգենտինայում կենսաթոշակային ֆոնդերը սնանկացել են, իսկ Ռուսաստանում այդ գումարները սառեցվել են: Իսպանիայում էլ ճգնաժամի տարիներին վերադարձվել է քաղաքացիների գումարի 70 տոկոսը միայն: Անգամ Չիլիում, ուր օրենքը իբր իրեն արդարացրել է, դրա արդյունավետությունը վիճելի է:
«ԽՍՀՄ-ի տարիներին էլ քաղաքացիները մեծ գումարներ ունեին բանկերում, բայց դրանք չվերադարձվեցին քաղաքացիներին: Երաշխիք չկա, որ հերթական ճգնաժամը չի լինի, և մեր գումարները չեն կորչի»,- ասաց նախաձեռնող խմբի անդամ Հայկ Ավետիսյանը` հավելելով, որ խնդիրները սկսվում են այնտեղից, երբ սկսվում է պարտադրանքը, որովհետև, եթե դա լավ օրենք լինի, մարդիկ կամավոր սկզբունքով կվճարեն իրենց աշխատավարձերից: ՏՏ ոլորտի աշխատակիցները անտրամաբանական են համարում կառավարության խոստացած արժանապատիվ ծերությունը, եթե իր վարած քաղաքականությամբ կառավարությունը չի կարողանում այն ապահովել:
Պատասխանելով Yerkir.am-ի հարցին` ի՞նչ են պատրաստվում անել, երբ օրենքի գործարկմանը մնացել է մեկ ամիս, Հայկ Ավետիսյանը նշեց, որ պայքարելու են մինչև վերջ` բոլոր հնարավոր միջոցներով. կլինեն գործադուլներ, հանրահավաքներ, կանեն ամեն ինչ, որ օրենքի պարտադիր բաղադրիչը հանվի: «Այդ պարտադրանքը նշանակում է փողերը քամուն տալ: Թող այդ հարցը դնեն հանրաքվեի և կտեսնեն, որ չի լինի մարդ, որը կողմ կլինի այս օրենքին»,- ասաց նա: