կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-15 11:39
Տնտեսական

Քոչարյանը հաստատեց, որ պարտադիր կուտակայինի պրոյեկտը ԿԲ-ի ցանկությունն է

Քոչարյանը հաստատեց, որ պարտադիր կուտակայինի պրոյեկտը ԿԲ-ի ցանկությունն է

Տնտեսագիտությունը երկրորդ նախագահի հարցազրույցում քիչ տեղ էր զբաղեցնում, եւ ավելի շատ հանրային-քաղաքական պատասխան էր հնչեցվում. Yerkir.am-ին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը' անդրադառնալով Տիգրան Սարգսյանի «Մասնագիտական վերլուծությանը» տված` Ռոբերտ Քոչարյանի պատասխան-հարցազրույցին:   Նա կարծիք հայտնեց, որ այդ պատասխաններում հստակ  դիրքորոշում կար թե' շինարարության ոլորտի, թե' այլ հարցերի` պարտադիր կուտակային համակարգի կամ գազի գնագոյացման վերաբերյալ:

 

Ըստ Մինասյանի` շինարարության ոլորտի մասով երկրորդ նախագահը չէր խոսել Հայաստանի անշարժ գույքի շուկայում, հատկապես` նոր կառուցվող բնակարանների ու արտադրական ենթակառուցվածքների շինարարության օբյեկտիվ պահանջարկի ձեւավորման մասին, սակայն լավ կլիներ, որ խոսեր: Մասնավորապես` Սփյուռքի օբյեկտիվ պահանջմունքը, նաեւ Հայաստանի բնակարանային ու արտադրական ենթակառուցվածքների թարմացման անհրաժեշտությունը կար, որից  կարող է եւ պետք է օգտվի ցանկացած երկիր եւ ստեղծի տնտեսության մեջ կարեւոր ճյուղ: Ինչ վերաբերում է նախագահի խոսքին, որ եթե հիփոթեքային վարկերն այդքան լավն էին, ապա ինչո՞ւ է այդքան վատ շինարարության վիճակը, ըստ Մինասյանի, սա եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ հիփոթեքային շուկան չի ապահովում նվազագույն պահանջմունքի իրացումը մեր երկրում:

 

«Ես կիսում եմ երկրորդ նախագահի տեսակետը եւ, որպես տնտեսագետ, մեթոդաբան, համարում եմ, որ ճիշտ հարցադրում է, որ դեռեւս հիփոթեքային վարկերի այս ծավալի մասին պետք է հստակ պատկերացում լինի` որոնք են, որ դասակարգվում են հիփոթեքային վարկերի տիրույթում: Բացի դա, ես կարծում եմ, որ երկրորդ նախագահը կարող էր անգամ արձագանքել այն բանին, որ, 2007 թվականի դեկտեմբերի դրությամբ, ոչ թե 49 միլիարդ դրամ է ներգրավված եղել հիփոթեքային վարկերի մեջ, այլ, ըստ ԿԲ պաշտոնական վիճակագրության` 53 միլիարդ դրամ: Մյուս կողմից էլ` դինամիկան, որ 2007 -ից հետո եղել է, ցույց է տալիս, որ դա ներկա կառավարության շնորհիվ չէ, որ տեղի է ունեցել, այլ ուրիշ պատճառներ էլ են եղել»,- ասաց պատգամավորը' պարզաբանելով, որ դա պայմանավորված է նաեւ տնտեսության մեջ հսկայական վարկային ռեսուրսների մուտքով կամ պետության ֆինանսավորման համակարգով:

 

Արծվիկ Մինասյանը մի կարեւոր հանգամանք էլ ընդգծեց Ռոբերտ Քոչարյանի խոսքից' ցանկացած կառավարություն եւ նախագահ պետք է հպարտանա, որ երկրում երկնիշ տնտեսական աճ է արձանագրվել' անկախ նրանից` դա շինարարության ոլորտում կլինի, թեգերազանցապես շինարարության ոլորտ կլինի. շատ կարեւոր է, որ այդ աճը լինի:

 

«Բայց սա բավարար պայման չէ երկրի զարգացման տեսակետից. Հարկավոր է, որ աճի հետ միասին վերաբաշխման համակարգը առավել արդյունավետ դաշտ ապահովի նաեւ այն անձանց համար, ովքեր ներգրավված չեն այս աճի ապահովման ուղիղ գործում, այլ, այսպես ասած, կողքից են օգտվում»,- նշեց պատգամավորը:

 

Այդ համատեքստում նա կարեւորում է Ռոբերտ Քոչարյանի' պարտադիր կուտակային բաղադրիչի վերաբերյալ տված գնահատականը եւ շնորհակալություն հայտնում նրան, որ մեկընդմիշտ փակեց նաեւ այդ հարցը' մանրամասնելով. «Մենք անընդհատ պնդում էինք` որպես Դաշնակցություն, որ այն ժամանակ, երբ Դաշնակցությունը եղել է կառավարության կազմում, միշտ դեմ է արտահայտվել այս համակարգին: Սա, ըստ էության, հաստատեց նաեւ երկորրդ նախագահը' նշելով, որ կառավարությունը դեմ է եղել, ու այս պրոյեկտը, ըստ էության, ԿԲ-ի ցանկությունն է, կամ նրանց ձգտումն է' երկրում ապահովել պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը: Իսկ դա նշանակում է, որ սոցիալական պաշտպանության համակարգի հետ կապ չունի այս` բարեփոխում կոչվածը»: