Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը շարունակում է պնդել, որ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքողների հետևում թաքնված են գաղտագողի գործող քաղաքական ուժեր, հիմա էլ, որպես թիրախ, ընտրել են երեխաներին և նրանց միջոցով բողոքի ակցիաներ են կազմակերպում:
Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ դեռևս չի ստացել փոքրիկ երեխաների ձեռքով նկարած ու իրեն հասցեագրված նկարները: Հիշեցնենք, որ օրեր առաջ փոքրիկ երեխաները ԱԺ մուտքի մոտ, հետո նաև Սիրահարների այգում կազմակերպել էին բողոքի ակցիա` ուղղված ԱԺ այն պատգամավորների դեմ, որոնք կողմ են կուտակային կենսաթոշակային համակարգին: Ակցիայի մասնակից երեխաները նկարներ էին նկարել` «Մի նեղացրեք մեր ծնողներին» թեմայով, ու խնդրել էին ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Միւնասյանին նկարների մի մասը փոխանցել Մանվել Բադեյանին, ով մի քանի վիրավորական հայտարարություններ էր արել կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող քաղաքացիների հասցեին:
Մանվել Բադեյանը կրկնում է. «Այդ օրենքն ընդունվել է երեք տարի առաջ, ի՞նչ է նշանակում` ես դեմ եմ»: Նա նշում է, որ այդ քաղաքական ուժերը երեք տարի հատուկ ձայն չեն հանել: Մեր դիտարկմանը, որ հանրությունը երեք տարի առաջ ամբողջությամբ տեղյակ չի եղել սպասվելիք փոփոխության մանրամասներին, Մանվել Բադեյանը պատասխանեց. «Բա թող այդ քաղաքական ուժերը տեղեկացնեին, բա իրանց գործը ի՞նչ ա: Այդ քաղաքական ուժերը լիքը թերթեր ունեն, հեռուստատեսություններ ունեն, թող տեղեկացնեին»:
Պատգամավորն այն կարծիքին է, որ քաղաքական ընդդիմությունը հատուկ չի տեղեկացրել հանրությանը, որպեսզի մոլորեցնի ու գրգռի քաղաքացիներին: Նրա խոսքով` երեք տարիների ընթացքում բազմիցս քննարկումներ են եղել, բայց նրանք անգամ չեն մասնակցել քննարկումներին: «Իրանց քննարկումը չի հետաքրքիր, իրանց հետաքրքիր ա սրա քաղաքական բաղկացուցիչը` վայ տեսեք` ինչ արեցինք, մենք դառանք ժողովրդի պաշտպան, իսկ Հանրապետականը` ժողովրդի հալածող»,- ասում է Բադեյանը ու ավելացնում. «Մինչդեռ Հանրապետականը մի բան ա ասում, որ դու պետք է վերջապես արժանի թոշակ ստանաս, դրա համար էլ էսօր քո աշխատավարձի հինգ տոկոսից կպահես, պետությունն էլ կավելացնի, այդ գումարը երաշխավորված կդնեն գործի մեջ…»:
Մանվել Բադեյանի համոզմամբ` բողոքելու անհրաժեշտություն չկա, քանի որ այդ գումարը ոչ ոք չի տալիս, այլ դա կուտակվում է քաղաքացիների հաշվեհամարին, և որ 23 տարի հետո մարդիկ պետք է թոշակ ստանան: Պատգամավորը համաձայնեց, որ վստահության խնդիրը կա` կապված ռիսկերի հետ: