կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-03 12:40
Հասարակություն

2013 թվականին Հայաստանում արտադրական պատահար-դեպքերից 51 հոգի է տուժել, որոնցից 2-ը մահացել են

2013 թվականին Հայաստանում արտադրական պատահար-դեպքերից 51 հոգի է տուժել, որոնցից 2-ը մահացել են

Ըստ հանրապետության  կազմակերպություններում աշխատանքային գործունեության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների վերաբերյալ ստացված վիճակագրական հաշվետվությունների, ամփոփ տվյալների, աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով 2013թ. արձանագրվել է 51 արտադրական  դժբախտ  պատահար:  Այդ պատահարներից 3-ի ժամանակ տուժել են կանայք: Արտադրական դժբախտ պատահարներից տուժած 51 հոգուց 2-ը մահացել են:

 

Ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների' ամբողջ հանրապետության կտրվածքով, արտադրական 12 դժբախտ պատահար է գրանցվել Երեւանում, 3-ական' Արարատի եւ Կոտայքի մարզերում, 29-ը' Սյունիքի,  1-ական դժբախտ պատահար ու դեպք էլ գրանցվել են Արագածոտնի, Լոռու, Վայոց ձորի ու Տավուշի մարզերում:

 

Աշխատունակությունը 1 և ավելի օրով կորցրած անձանց 2013թ. ավարտված ժամանակավոր անաշխատունակության հիման վրա հաշվարկված  անաշխատունակ  մարդ-օրերի  գումարային քանակը կազմել է 1.6 հազ. մարդ-օր: Դժբախտ պատահարների  հետևանքով ՀՀ Սյունիքի մարզում 1 տղամարդ դարձել է II, 3 տղամարդ' III խմբի հաշմանդամ:

 

Աշխատանքի   գնալու  և  աշխատանքից   տուն  վերադառնալու   ճանապարհին   տեղի  է ունեցել, համապատասխանաբար, 1 և 3 դժբախտ դեպք:

 

2013թ. հանրապետությունում աշխատողների աշխատանքային  պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական  հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ծախսերը, որոնք տրվում են տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց, կազմել են 221.3 միլիոն  դրամ:  Աշխատանքի  պահպանման  միջոցառումների  վրա  ծախսված  գումարը  կազմել  է 1 միլիարդ 124.4 միլիոն դրամ:

 

Ժամանակավոր անաշխատունակության նպաստների հետ կապված ծախսերը կազմել են 165.6 միլիոն դրամ, կորցրած աշխատավարձի փոխհատուցման հետ կապված ծախսերը' 14.9 միլիոն դրամ, միանվագ նպաստների ծախսերը' 16 միլիոն դրամ, բժշկական, սոցիալական եւ մասնագիտական վերականգնման ծախսերը' 19.7 միլիոն դրամ, այլ նման ծախսերը' 5.1 միլիոն դրամ:

 

Այս ամենն, իհարկե, ամբողջ պատկերը չէ, այլ միայն գրանցված, քանի որ քիչ չեն լինում դեպքեր, երբ արտադրական կամ տեխնիկական վթարներն ուղղակի թաքցվում են: