Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարզվում է' 2013 թվականին մակրոտնտեսական կայունությունը խաթարող ներքին և արտաքին ռիսկերից կարելի է առանձնացնել համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական աճի տեմպի դանդաղումը, էներգակիրների գների բարձրացումը, օտարերկրյա և ներքին ներդրումների կրճատումը, վարկավորման աճի տեմպի դանդաղումը, որոնք իրենց դերն ունեցան գնաճի կառավարելիության հարցում. այսօր կառավարությունում այսպես բնութագրեց ԿԲ 2013 թվականի ծրագրի կատարումը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը' կառավարություն հաստատմանը ներկայացնելով ՀՀ Կենտրոնական բանկի 2013 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը:
Կառավարությունը, իհարկե, հաստատեց այդ նախագիծը: Այսպիսով, նշեց Գագիկ Խաչատրյանը, պարենային ապրանքների գների և հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման հետևանքով տարվա երրորդ եռամսյակում գնաճի ցուցանիշը զգալի բարձրացավ նպատակադրված միջակայքից: Ճնշումները մեղմելու նպատակով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը 2013 թվականի օգոստոսին 0.5 տոկոսային կետով բարձրացրեց քաղաքականության տոկոսադրույքը՝ այն հասցնելով 8.5 տոկոսի: Վերջին գրեթե երկու տարվա մեջ դա առաջին փոփոխությունն էր: Սակայն հետագայում գնաճի տեմպը և տնտեսական ակտիվությունը զգալիորեն նվազեցին, և ԿԲ-ն իր միջոցառումը հետադարձեց' նոյեմբերին և դեկտեմբերին քաղաքականության տոկոսադրույքն իջեցրեց մինչև 7.75 տոկոս: Այս պայմաններում, նշեց ֆինանսների նախարարը, ի հայտ եկող մակրոտնտեսական կայունությանը սպառնացող ռիսկերը հնարավոր եղավ հաղթահարել դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների արդյունավետ կոորդինացման միջոցով, երբ Կենտրոնական բանկի գործողություններին համարժեք հարկաբյուջետային քաղաքականությունը 2013 թվականին պահպանեց իր զսպող ուղղվածությունը՝ նպատակադրելով նպաստել մակրոտնտեսական կայունության ձեռքբերմանը` միաժամանակ հաշվի առնելով պակասուրդի և պետական պարտքի կրճատման ու պարտքային կայուն միջավայրի ձևավորման առաջնահերթությունը:
«Արդյունքում` հարկաբյուջետային և դրամավարկային կոորդինացված քաղաքականությունների շնորհիվ չի խաթարվել մակրոտնտեսական կայունությունը' 2013 թվականին 12-ամսյա գնաճը կազմել է 5.6%՝ գրեթե համընկնելով տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանին, միաժամանակ արձանագրվել է 3.5% տնտեսական աճ: Այդուհանդերձ, 2013 թվականին տնտեսության զարգացման միտումները շարունակվել են նախորդ տարվա համեմատ ավելի դանդաղ տեմպերով, իսկ 2013 թվականի չորրորդ եռամսյակում մասնավոր հատվածի ծախսումների ճեղքվածքը գնահատվել է նշանակալի բացասական և գնաճի վրա ունեցել է 0.9 - 1.0 տոկոսային կետ զսպող ազդեցություն»,- նշեց Գագիկ Խաչատրյանը:
Այս զարգացումների պարագայում 2013 թվականի չորրորդ եռամսյակում աշխատանքի շուկայում էական անհավասարակշռություններ չեն արձանագրվել' նշված ժամանակահատվածում աշխատանքի շուկայի ազդեցությունը գնաճի վրա եղել է չեզոք: Տնտեսական դրական զարգացումների ամրապնդման հիմք է հանդիսացել արտահանումը, որի աճը տեղի է ունեցել արտաքին պահանջարկի դանդաղման և տնտեսության ներքին կարողությունների օգտագործման արդյունավետության բարձրացման պայմաններում: Իսկ հարկաբյուջետային քաղաքականությունը 2013 թվականին նպաստել է գնաճային ճնշումների թուլացմանը՝ բարենպաստ միջավայր ստեղծելով դրամավարկային քաղաքականության իրականացման համար: