կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-12 13:21
Հասարակություն

2016 թվականին գազից թունավորման 47 պատահար է գրանցվել. 10 մարդ մահացել է

2016 թվականին գազից թունավորման 47 պատահար է գրանցվել. 10 մարդ մահացել է

2016 թվականին հանրապետությունում գազից թունավորման 47 պատահար է գրանցվել, արդյունքում` 10 մարդ է մահացել: Այս մասին լրագրողներին հայտնեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանը՝ ներկայացնելով, որ 2015 թվականին մահացու դեպքերը վեցն են եղել:

Գրիգորյանի խոսքով՝ թունավորումների պատճառ կարող են լինել էլեկտրական սնուցումից անջատված ձայնաազդանշանային սարքերը, լաթով փակված ծխատարները և այլն: «Ըստ տվյալների՝ ավելի շատ միտում կա Շիրակի մարզում, Կոտայքի մարզում, հետո՝ Երևանում»,- ասաց նա:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանի խոսքով՝ պետք չէ օգտագործել տարբեր տեսակի ինքնաշեն սարքավորումներ, պետք է ձեռք բերել միայն գործարանային արտադրության սարքավորումներ:

«Սարքավորումների տեղակայումը պետք է կատարվի համապատասխան մասնագետների կողմից: Մեր քաղաքացիների մի մասը, տնտեսումից ելնելով, նույնիսկ գազի վառարան չի օգտագործում, փայտի համար նախատեսված վառարաններում գազ են վառում, ինչը հանգեցնում է լուրջ խնդիրների»,- ասաց նա՝ բացատրելով, որ այդ պարագայում ևս առկա է թունավորման մեծ վտանգ:

Հայրապետյանը նշեց նաև, որ շատ կարևոր է քաղաքացիների տեղեկացված լինելը, քանի որ ոչ գրագետ մոտեցումը կարող է հանգեցնել անդառնալի կորուսների: «Շմոլ գազը վտանգավոր է այն առումով, որ անգույն ու անհոտ է, նարկոզի տիպի բան է և քնեցնում է»,- ասաց նա:

Հայրապետյանի խոսքով՝ բնակիչներից շատերը սխալ գործողություններ են անում գազի արտահոսքի պարագայում: «Վառում են լույս, կրակայրիչ, հեռախոսով զանգեր են ունում, մինչդեռ` աննշան կայծից կարող են տեղի ունենալ բռնկումներ: Առաջին հերթին պետք է օդափոխել տարածքը»,- ասաց նա:

«Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանն էլ նշեց, որ շմոլ գազից առաջացած թունավորումները հիմնականում ինքնագործունեության արդյունքում են լինում: «Ինքնակամ գազասարքեր են տեղադրում, դա պետք է կատարվի մասնագետի կողմից»,- ասաց նա՝ հավելելով, որ այն տարածված կարծիքը, թե գազի սարքերը շատ հոսանք են սպառում, բոլորովին էլ ճիշտ չէ:

Նալբանդյանը հորդորեց պարբերաբար օգտվել համապատասխան աշխատակիցների մատուցած ծառայություններից և ինքնագործունեությամբ չզբաղվել: «Մասնագետների կանչերն անվճար են»,- շեշտեց նա՝ ավելացնելով, որ տարին երկու անգամ պրոֆիլակտիկ այցեր են կատարվում բնակիչների տներ, որոնց արդյուքում բնակիչները պատշաճ իրազեկվում են:

Նալբանդյանը նաև տեղեկացրեց, որ եթե բաժանորդի բնակարանում խախտում է հայտնաբերվում, խախտման արձանագրությունը որևէ դրամական տուգանք չի առաջացնում, կնքվում է, խցափակվում է համապատասխան կետը, և ինֆորմացիան ուղարկվում է «Գազպրոմ Արմենիա»: