կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-29 11:51
Քաղաքական

Գալուստ Սահակյանն ամենաերիտասարդ կադրն է

Գալուստ Սահակյանն ամենաերիտասարդ կադրն է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի համոզմամբ` հանրապետականները հաստատ քվեարկելու են Գալուստ Սահակյանի օգտին:

 

Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ինքը միանշանակ կողմ է քվեարկելու, քանի որ Գալուստ Սահակյանի հետ անցել է երկար ու դժվարին աշխատանք, և նա լիովին արժանի է լինելու ԱԺ նախագահ: «Գալուստ Սահակյանի համար ԱԺ նախագահի պաշտոնը վաստակած պաշտոն է»,- ասաց Համլետ Հարությունյանը:

 

Հարցին` կկարողանա՞ ՀՀԿ խմբակցության նոր ղեկավարը անհրաժեշտության դեպքում հուժկու հակահարված հասցնել ընդդիմությանը, այնպես ինչպես Գալուստ Սահակյանին էր հաջողվում, Համլետ Հարությունյանը պատասխանեց. «ՀՀԿ ֆրակցիայի բոլոր պատգամավորներն էլ պատրաստ են տեղին ու ժամանակին հակահարված հասցնել նրանց, ովքեր կփորձեն իրենց ոչ ճիշտ պահել»:

 

Դիտարկմանը, որ երիտասարդ հանրապետականները կարող են նեղվել, որ իրենց չեն առաջադրում կարևոր պաշտոններում, պատգամավորը պատասխանեց. «Գալուստ Սահակյանն ամենաերիտասարդ կադրերից մեկն է, որովհետև մարդկանց պետք է գնահատել ոչ թե տարիքով, այլ փորձով, կուսակցական կերպարով, անցած ճանապարհով: Փառք Աստծո, երիտասարդները շատ լավ էլ ներգրավված են, գուցե ավելի շատ, քան պետք է»:

 

Հարցին` ի՞նչ կմաղթի Գալուստ Սահակյանին, պատասխանեց. «Դե, ընկերն ընկերոջը ի՞նչ կմաղթի, իմ ընկերոջը անձնական և գործնական հաջողություններ եմ մաղթում»: