կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-05 02:59
Քաղաքական

Իշխանություններն ամենաշատը Փոստանջյանի կադրն են հավանել

Իշխանություններն ամենաշատը Փոստանջյանի կադրն են հավանել

Ոստիկանները պետք է իմանան, որ այլեւս սովետական ամբողջատիրական կարգերը չեն. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

 

Ըստ նրա` «Կենտրոն» հեռուստաընկերության հարցազրույցը ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանի հետ լավագույնս ցույց տվեց, թե ինչպիսին չպետք է լինի ոստիկանությունը: «Վայ ինձ, եթե իմանայի, թե բոլորն են այդքան անգրագետ մեր ոստիկանությունում: Փառք Տիրոջը, դա այդպես չէ, բայց այն, որ մեր ոստիկանությունում կան իրանաբանության մեջ անգամ տարրական գիտելիքներ չունեցող անձինք, ինքնին խոսում է այն մասին, որ վտանգված է ոչ միայն հասարակությունը, այլեւ իշխանությունը»,- ասաց Ալավերդյանը:

 

Պատգամավորը հատկապես վրդովվել է հանրային հեռուստաընկերության ցուցադրած ռեպորտաժից, երբ գործընկերուհու (խոսքը Զարուհի Փոստանջյանի մասին է) չարաճճիությունը ներկայացրին որպես հանցագործություն պետության դեմ, իսկ ոստիկանության` պետության դեմ հանցագործությունը ներկայացրին որպես չարաճճիություն:

 

Փոխարենը պատգամավորները գոհունակություն հայտնեցին էլեկտրոնային լրատվամիջոցներին` օպերատիվ եւ հավաստի տեղեկատվության համար: Արմեն Մարտիրոսյանը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց մեր ոստիկանությանը` «որովհետեւ երեկ մեզ մոտ չհայտնաբերեցին ո'չ զենք, ո'չ զինամթերք, ո'չ ատոմային բոմբ, եւ նույնիսկ մի կտոր փայտ»:

 

«Հարգելի Հ1,-ասաց նա,- «Ժառանգության» պատգամավորների կամ այդ մեկ տասնյակ կանանց մոտ դուք որտե՞ղ տեսաք այնպիսի ագրեսիվ տրամադրություններ, որ ասացիք` իբր պատրաստվում են լուսացույցեր ջարդել, աղբարկղեր վառել...Հանրային հեռուստաընկերությունը մեր բոլորի ֆինանսներից է սնվում, եւ ես` որպես հարկատու, պահանջում եմ, որ ինքն անկողմնակալ տեղեկատվություն տան»:

 

Պատգամավորն ամենից շատ ազդվել է Անահիտ Բախշյանի հասցեին ոստիկաններից մեկի արած արտահայտությունից. «Բարոյականությունից ինչքան զուրկ պետք է լինի ոստիկանը, որ ասի` տիկի'ն Բախշյան, Դուք ինձ հայհոյել եք: Եթե որեւէ բանական մարդ, ճանաչելով տիկին Բախշյանին, կարող է երբեւէ նմանատիպ բան ասել, ապա դա անբարոյականության վերջին աստիճանն է»:

 

Անդրադառնալով Փոստանջյանի կադրին` Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ դա իսկապես չարաճճիություն է եղել եւ օրենքի որեւէ կետ չի խախտում. «Իսկ եթե մեր իշխանությունները գտնում են, որ նմանատիպ քայլերը խիստ վտանգավոր են, ապա ես շատ եմ ցավում նրանց համար»:

 

Առաջնային մանդատով ու իրեն նաեւ աստվածային իրավունքով օժտած Մարտիրոսյանը հավելեց, որ այսուհետ եւս դիմելու է ինքնապաշտպանության` հավասարազոր ձեւով:

 

Լ. Ալավերդյանն էլ նկատեց, որ մարտի 1-ին հենց պատգամավոր Մարտիրոսյանն է իր մարմնով փրկել ոստիկանին:

 

Բանախոսները նաեւ տարակուսանք հայտնեցին, թե այդ երբվանի՞ց է հանրապետության հրապարակի «գորգը» համարվում ռազմավարական նշանակության տարածք, կամ ցուցարարներից ո՞ր մեկն էր ռասիստական, կրոնական, բռնի գործողությունների կոչ անում:

 

Վերջում հավաստիացրին, որ հետամուտ են լինելու «Ավետիսյան կոչված ոստիկանին» (ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Խաչիկ Ավետիսյան.- Շ. Շ.) համակարգից հեռացնելուն: Եվ եթե պետք է` կդիմեն նաեւ Եվրոպական դատարան` իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար:

 

Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ