կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-04 12:51
Իրավական

Լարված մթնոլորտ` Վարդան Պետրոսյանի գործով նիստում. ցուցմունք են տալիս տուժողները

Լարված մթնոլորտ` Վարդան Պետրոսյանի գործով նիստում. ցուցմունք են տալիս տուժողները

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում,  Վաղինակ Մկրտչանի նախագահությամբ, շարունակվում է Վարդան Պետրոսյան գործով դատավարությունը:

 

Քիչ առաջ դատարանում ցուցմունք տվեց գործով տուժող Արթուր Հակոբյանը: Նա հայտնեց, որ դեպքի օրը նա իր «Նիվա» մակնիշի մեքենայով Եղվարդից գնում էր Աշտարակ: Մեքենայի մեջ են եղել ինքը, եղբայրը եւ իրենց երեխաները: Տուժողը պատմեց, որ, սակայն, Աշտարակ թեքվելու հատվածում մեքենայից ինչ-որ ձայներ է լսել և կանգնել է ճանապարհից դուրս խոտածածկ հատվածում ՝ նայելու` ինչ խնդիր կա: Բայց նա նշեց, որ դուրս չի եկել մեքենայից և միայն արգելակն ու գազն է սեղմել: Այդ պահին կողային հայելիներով տեսել է, որ իրենց ուղղությամբ լույս է գալիս: «Տեսա, որ շատ արագ մեքենա է գալիս` մոտ 150 կմ/ժ. արագությամբ: Մտածեցի` թող անցնի, նոր դուրս գամ, ամենաքիչը հարբած մարդու գործ է, ի՞նչ շտապելու բան ունեմ»,- պատմեց տուժողը և հավելեց, որ ուշքի է եկել միայն հիվանդանոցում և տեսել, որ կողքին` պատգարակի վրա մի քաղաքացի կա պառկած: Բժիշկներն ասել են, որ, պատգարակին պառկածն իր մեքենային հարվածողն է՝ Վարդան Պետրոսյանը:

 

«Ես ասացի` կապ չունի, թե ով է, շտապ օգնություն կանչեք, ի՞նչ իմանայի, որ երեխաներիս սպանողն է»,- նշեց Արթուր Հակոբյանը:

 

Ըստ նրա` Վարդան Պետրոսյանը, պատգարակին պառկած, ձայներ էր արձակում, որոնք նման էին հարբած մարդու ձայների:

 

Այնուհետև տուժողը պատմեց, թե ինչպես է ամիսներ առաջ իր պաշտպանը՝ Ռուբեն Բալոյանը, որոշել հաշտեցնել ամբաստանյալի հետ: «Սակայն այդ ամենը խաղ էր` մեր ներվերի հաշվին, իրենք մեզ ոչ մի բանով չեն օգնել, վնասը չի փոխատուցել»,-  ասաց նա և հավելեց որ պաշտպանական կողմն անգամ իր երեխաների քառասունքի օրը չի հարգել և հայտարարություններ է արել:

 

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի հարցին, թե արդյո՞ք ճիշտ է նրա նախաքննական ցուցմունքը, տուժողը պատասխանեց. «Ես իմ երեխեքի թաղմանը չեմ մասնակցել, բայց ցուցմունք եմ տվել»:

 

Նշենք, որ դատական նիստն անցնում է լարված մթնոլորտում: Տուժողները վիրավորական արտահայտություններ են հնչեցնում ամբաստանյալի և նրա պաշտպանի հասցեին: Քիչ առաջ էլ դատավորը սանկցիա կիրառեց և նիստերի դահլիճից դուրս հրավիրեց տուժող Հայկ Հակոբյանին. նա մի քանի անգամ Վարդան Պետրոսյանի պաշտպանին վիրավորելուց հետո ասել էր. «Ի՞նչ ես էդպես ժպտում, գոնե նրա նման դերասանություն արա»: