կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-17 16:43
Քաղաքական

Վերջ ձևական կոալիցիոն իշխանության «դարաշրջանին»

Վերջ ձևական կոալիցիոն իշխանության «դարաշրջանին»

ՀՅԴ Գերագույն մարմինը վաղը մեկնարկելիք` կուսակցության Գերագույն ժողովից առաջ հանդես է եկել հայտարարությամբ` ներկայացնելով իր դիրքորոշումը Հայաստանում ստեղծված քաղաքական նոր իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության մեխը նոր ձևավորվող կառավարությանը մաս չկազմելու նախնական որոշման կայացումն է, որի շրջանակում էլ, փաստորեն, ձևավորվելու է Գերագույն ժողովի ընդհանուր մոտեցումը:

 

Հաշվի առնելով նաև իշխանական կոալիցիայից դուրս գալու և նոր կառավարության ձևավորմանը չմասնակցելու մասին ՕԵԿ-ի քաղխորհրդի` երեկ կայացրած որոշումը, ինչպես նաեւ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության», նաեւ ԲՀԿ-ի՝ նախօրոք արված հայտարարությունները կոալիցիային մաս չկազմելու վերաբերյալ, պարզ է դառնում, որ Հայաստանում առնվազն վերջին 13 տարվա կտրվածքով առաջին անգամ կարող է ձևավորվել մեկ իշխող քաղաքական ուժի ներքո գործող կառավարություն: Սա նշանակում է, որ Հայաստանում ձևավորվում է միակուսակցական իշխանություն, որի համար ամբողջական պատասխանատվությունը կրելու է բացառապես Հանրապետական կուսակցությունը:

 

Փաստորեն, տապալվեց, այսպես կոչված, ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու` իշխանության և անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը, որը հնարավոր էր բացառապես լայն ֆորմատով և ընդգրկման կոալիցիա ձևավորելու միջոցով: Հովիկ Աբրահամյանը չդարձավ կենտրոնաձիգ այն ֆիգուրը, որը պետք է ապահովեր այս օպերացիայի բարեհաջող իրականացումը` օգտագործելով բոլորի հետ լեզու գտնելու իր` Ազգային ժողովում շատ հաճախ էֆեկտիվ աշխատող հմտությունը:

 

Բայց դա ոչ թե Աբրահամյանի ձախողումն էր, այլ Սերժ Սարգսյանի, որում հսկայական դեր կատարեց երկու գործոն: Առաջինը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում ուղիղ մեկ շաբաթ առաջ նախագահի արած հայտարարությունն էր այլևս երբեք նախագահ, ինչպես նաև խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու դեպքում` վարչապետ դառնալու հավակնություն չդրսևորելու մասին: Այն ուղերձ էր իշխանությունը սահմանադրական ճանապարհով թողնելու մտադրության մասին, որը ներկայումս տեղի ունեցող պրոցեսները, մասնավորապես` վարչապետի փոփոխությունը դուրս բերեց նոր կառավարության ձևավորման ու նույնիսկ ներիշխանական վերադասավումների տիրույթից և տեղափոխեց ապագա ամբողջական իշխանության ձևավորման գործընթացի հարթություն: Այսինքն` փոխվեց քաղաքական գործընթացների ողջ տրամաբանությունը, որը ոչ թե տակտիկական, այլ արդեն ռազմավարական նշանակության որոշումներ ու քայլեր կատարելու խնդիր է տալիս ոչ մարգինալ քաղաքական ամբողջ հանրույթին:

 

Երկրորդ` ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստում, որտեղ, որպես վարչապետացու, հաստատվեց Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, նախագահը շատ պարզ հայտարարեց, որ թե' նոր վարչապետի և թե' նոր կառավարության առջև ոչ թե հանրային պահանջ հանդիսացող արմատական փոփոխությունների խնդիր է դրվում, այլ` նախորդ կառավարության քաղաքական կուրսի շարունակման: Նախագահը հանձնարարեց շարունակել Տիգրան Սարգսյանի սկսած և նրա հրաժարականով կիսատ մնացած բոլոր, այդ թվում` նաև կենսաթոշակային կուտակային պարտադիր բաղադրիչը ներդնելու «բարեփոխումները»: Այդպիսով` Սերժ Սարգսյանն ի սկզբանե բացահայտեց, որ ինչպիսի ընդգրկման կոալիցիա և կոալիցիոն կառավարություն էլ ձևավորվի, այն գործելու է ոչ թե հանրային պահանջների ու դրանց հենքի վրա կառուցված հստակ օրակարգի հենքի վրա և այն իրականացնելու նպատակով, այլ այն առաջնահերթությունների, որոնք անձամբ ինքը և ՀՀԿ-ական իր թիմը կհամարի հարմար:

 

Նախագահը դա ամրագրեց առանցքային երկու պոստերում` արտաքին գործերի և պաշտպանության նախարարների պաշտոններում նշանակելով նախկին անձանց: Այդպիսով` նա հասկանալի դարձրեց, որ այս երկու ուղղություններով, որոնք գտնվում են իր կոմպետենցիայի և պատասխանատվության դաշտում, շարունակվելու է նախկին քաղաքականությունը: Մասնավորապես` ՀՅԴ-ի պարագայում դա նշանակում էր առաջադրված 7 կետանոց պլատֆորմի առանցքային կետերից մեկի` հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը օրակարգից հանելու պայմանի անտեսում:

 

Նման մոտեցումը, որն ընկած է եղել իշխանության` անցած վեց տարիների  գործողությունների հիմքում, նվազագույնի է հասցնում, եթե չասենք` առհասարակ, չեզոքացնում է քաղաքական կոնսենսուսի և դրա արդյունքում որևէ ծրագրի մշակման, առավել ևս դրա իրականացման հնարավորությունը, իսկ դրանց մասին հավաստիացումները դարձնում է ծիծաղելի և անլուրջ:

 

Այսպիսով` դառնալով իշխանության միակ կրողը` ՀՀԿ-ն զրկվեց իր դե յուրե և դե ֆակտո ստանձնած պարտավորությունը այլ ուժերի վրա բարդելու, դրանով սեփական ձախողումներն ինչ-որ կերպ արդարացնելու հնարավորությունից: Իշխանական դաշտում ջրերը պարզվեցին, այստեղ ամեն ինչ վերադարձավ քաղաքական և քաղաքագիտական տրամաբանության շրջան, իշխանության ամբողջական տերը դարձավ այն քաղաքական ուժը, որը խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն և կազմում է իշխանության կրողի` նախագահի քաղաքական վստահելի հենարանը:

 

Որևէ կոալիցիա նման միակուսակցական իշխանության պարագայում դառնում է ոչ միայն ձևական, այլև, քաղաքական համակարգի և մշակույթի կայացման տեսանկյունից, խիստ վտանգավոր, որովհետև ձևականացնում է քաղաքական պատասխանատվության կատեգորիան, լղոզում և ապականում քաղաքական դաշտը, կտրում դրա և հասարակության միջև առկա բոլոր թելերը, չեզոքացնում հանրային վստահության էլեմենտները: Բայց որքան պարզվում են իշխանության «դաշտավայրի» ջրերը, նույնքան, հատկապես` կոալիցիայից դուրս գալու` ՕԵԿ-ի որոշումից հետո, «պղտորվում են» ընդդիմությանը: Վերջինս թևակոխում է չափազանց հետաքրքրական և ինտրիգային վերափոխումների շրջափուլ, որտեղ էլ կկանխորոշեն Հայաստանի հետագա քաղաքական կյանքի ընթացքի հիմնական ուղղությունները:

 

Գևորգ Աղաբաբյան