կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-21 23:13
Քաղաքական

Կոալիցիոն համաձայնագիրը ներկոալիցիոն հաշտարարագիր էր

Կոալիցիոն համաձայնագիրը ներկոալիցիոն հաշտարարագիր էր

«Ստորագրված կոալիցիոն հայտարարությունը մեկ անգամ եւս վերահաստատեց կոալիցիոն ուժերի միասնականությունը` երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու, ինչպես նաեւ երկարաժամակետ խորը ռազմավարական համագործակցության  պատրաստակամությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը:

 

Նա նշեց, որ այս համաձայնագիրն ուղղված է մեր երկրի առաջընթաց զարգացման ապահովմանը, եւ ասաց, որ դրանից շահել է «մեր ժողովուրդը, պետությունն ու պետականությունը»:

 

Հարցին, թե արդյո՞ք այս դեպքում հավանական է, որ խորհրդարանական ընտրություններին կոալիցիան միասնական ցուցակներով կմասնակցի, Խ. Գալստյանն ասաց, թե դրա հավանականությունը չի բացառվում, սակայն նման որոշում էլ դեռ չկա. «Ընտրություններին  դեռ բավականաչափ ժամանակ կա: Նախընտրական մրցավազքի նախօրեին կհստակեցվի արդեն»:

 

Իսկ թե ի՞նչ անհրաժեշտությունից էր բխում վերոնշյալ համաձայնագրի ստորագրումը, Խ. Գալստյանը ասաց. «Դրա հիմնական մեսիջը վերաբերում էր ներկոալիցիոն կայունությանը, քանի որ կոալիցիոն ուժերը պայմանավորվեցին քաղաքական խաղի կանոնների շուրջ` միմյանց չվարկաբեկելու, միմյանց հաշվին ընտրողներից ձայներ չփախցնելու համար»:

 

Խ. Գալստյանը նշեց նաեւ, թե բոլորիս համար էլ տեսանելի էր, որ խորը ռազմավարական հակասությունների բացակայության պարագայում  կոալիցիոն ուժերի, հատկապես` ՀՀԿ-եւ ԲՀԿ-ի միջեւ պարբերաբար լինում էին որոշակի սրացումներ:

 

«Պարոն Ծառուկյանն իր ելույթում մատնանշեց, որ վերջին ժամանակներում ՀՀ նախընտրական զարգացումները ցավոտ են ընթանում եւ երբեմն անցնում են թույլատրելիի սահմանները:  Կարծում եմ, եթե նախկին տեմպով շարունակեինք մեր կոալիցիոն համագործակցությունը, թույլատրելի սահմանը կանցնեինք»,- ասաց Խ. Գալստյանը: