Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդամենը երեք ամիս պահանջվեց, որպեսզի փետրվարի 17-ին ստորագրված կոալիցիոն համատեղ հայտարարությունը վերածվի արխիվային փաստաթղթի: Որպես քաղաքական գործոն` այն կորցրել է արդիականությունը: ԲՀԿ վերջին ենթատեքստային ուղերձները վկայում են, որ խախտվել են ձեռք բերված ներկոալիցիոն հիմնական երկու պայմանավորվածությունները. խորհրդարանական ընտրություններին մասնակցություն միասնական ցուցակով, գործող նախագահի թեկնածությունը կոալիցիոն սկզբունքով պարտադիր պաշտպանելու երաշխավորում:
Սրանով, իհարկե, կոալիցիան չի դադարում գոյություն ունենալուց: Պարզապես այն կրկին պայմանավորվում է 2008թ. ստորագրված և մինչև եկող խորհրդարանական ընտրությունների համար նախատեսված հուշագրով: Ներկայիս կոալիցիան փաստացի շարունակում է գործել հիմնականում այն պատճառով, որ բոլոր կողմերին էլ այս պահին ձեռնտու է նման կարգավիճակով գործընթացի շարունակումը մինչև եկող խորհրդարանական ընտրություններ: 2008-ին ստորագրված հուշագիրը, որքան էլ բնույթով հռչակագրային, ավելի խորքային է և մատնանշում է կոալիցիայի գործունեության հիմնական ուղղությունները, նպատակները և թիրախները:
Մինչդեռ փետրվարին ստորագրված այս հուշագիրը ոչ միայն նման շեշտադրումներ չունի, այլև բացառապես ուղղված է գալիք ընտրություններին միտված քաղաքական պայմանավորվածությունների ձեռքբերմանը: Եվ վերադարձը նախորդին կրկին առաջին պլան է մղում կոալիցիոն իշխանության պատասխանատվության խնդիրը, ավելի չափելի է դարձնում իշխանության գործունեությունը: Բացի դրանից` կոալիցիան կգործի, որովհետև ԲՀԿ-ի քայլերն առայժմ ընդամենը նախազգուշական բնույթ ունեն և որևէ մեկը, նույնիսկ Գագիկ Ծառուկյանը, չի կարող հիմա պնդել, թե կուսակցությունը կարող է կտրուկ շրջադարձեր կատարել ու վերադարձնել նախկին` հարաբերականորեն ինքնուրույն կարգավիճակը:
ԲՀԿ-ն ձգտում է հնարավորինս էժանացնել կոալիցիոն հուշագիրը: Ելման դիրքեր վերադառնալու ճանապարհը այն փորձում է հարթել ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման պատասխանատվությունը ՀՀԿ-ի վրա բարդելու միջոցով: Մասնավանդ որ հանրապետության նախագահը այդ հիմքերն ստեղծում է: Հուշագրի ստորագրումից հետո, հենց նախագահը և ՀՀԿ-ն ձեռնարկեցին արմատական ընդդիմության հետ երկխոսության գործընթացը` բացարձակապես անտեսելով ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի շահերը: Բայց քանի դեռ այդ երկխոսությունը համագործակցության կոնկրետ դրսևորումներ չունի, նկատելի չէ նրանց միջև հնարավոր նոր տանդեմի ձևավորման ակնհայտ միտում և սկսվածն էլ առայժմ ավելի շատ ֆիկցիա և խաղ է, ԲՀԿ-ն ավելի սկզբունքային դիրքերից հանդես գալու, առավելևս 2008թ. ստորագրված կոալիցիոն հուշագրի շրջանակներից դուրս գալու պատճառներ չի տեսնում, թեև չի էլ կարող ՀՀԿ-ն վերաբերվել որպես վստահելի և կայուն գործընկերոջ:
Կոալիցիայի ներսում ստեղծված ներկայիս իրավիճակը ոչ այնքան գործընկերային է, որքան անջատողական տրամադրություններով հագեցած անորոշ-սպասողական: ԲՀԿ-ի խնդիրը հիմա կոալիցիայի փլուզման պատասխանատվությունը միայնակ ստանձնելուց խուսափելն է: Սա փետրվարից սկիզբ առած արհեստականությունից թոթափվելու, քաղաքական իրական հարաբերություններին վերադառնալու ընթացք է: Որևէ քաղաքական կոալիցիա ստեղծվում է կողմերի ազատ կամարտահայտման, ընտրության հիման վրա:
Եթե այն ներդաշնակ է, ապա միությունը կենսունակ է: Մինչդեռ, փետրվարին կոալիցիան թարմացվեց արհեստականորեն` բացառապես նախագահի կամքի ու այդ կամքը թելադրելուն ուղղված վարչահրամայական լծակների գործադրման միջոցով: Փաստացի դա ոչ թե միության ստեղծում էր, այլ հեգեմոնիա ունեցող ուժին կամ նրա թելադրած խաղի կանոններին մյուսների հպատակեցում: Եվ հիմա անգամ այս կամ այն խնդրի վերաբերյալ ՀՀԿ-ի երրորդական դեմքերի մակարդակով արված հայտարարություններն ընկալվում են որպես ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի պաշտոնական մոտեցումներ: Այսպիսի հարաբերությունների պարագայում ներդաշնակության մասին խոսք լինել չի կարող: Ուստի, առաջին իսկ առիթի դեպքում, նման կոալիցիան պետք է ճաքեր տար:
Հանրապետական կուսակցությունը երկրում առկա քաղաքական անկայունության չեզոքացումը սկզբից սխալմամբ փորձեց գտնել ՀՀԿ-ԲՀԿ առանցքում: Մինչդեռ իրական առանցքը իշխանություն-հասարակություն հարաբերություն էր, որը կոալիցիայի թարմացման իրական դրդապատճառների հետ որևէ կապ չուներ: Բայց երբ արտաքին ճնշումները և ներհասարակական խմորումները ակնհայտ դարձրեցին, որ կոալիցիայի թարմացումը ոչ մի էֆեկտ չի կարող տալ և առկա խնդիրների հանգուցալուծման տեսանկյունից անհաշվենկատ քայլ էր, իշխանությունն անցավ հակառակ ծայրահեղության. փորձեց հարաբերությունները կարգավորել հասարակական տրամադրությունները գեներացնելու խնդիրն իրենը դարձրած ՀԱԿ-ի հետ: Սա երկրորդ սխալն էր, որովհետև հիմքում ոչ թե հանրության, այլ ՀԱԿ-ի և իր շահերի համադրման անհրաժեշտությունն էր: Նման առանցքը չի կարող կենսունակ լինել, որովհետև գումարելիներից մեկի պարզ փոփոխությունից էլ գումարը չի փոխվում:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ