կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-09 17:20
Մշակույթ

«UNICA»-ում Հայաստանը չի՞ պատրաստվում իր տեղը զիջել Ադրբեջանին

«UNICA»-ում Հայաստանը չի՞ պատրաստվում իր տեղը զիջել Ադրբեջանին

Օրեր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի (CANC) նախագահ Արտաշես Հովհաննիսյանը հայտնել էր, որ Հայաստանն այլևս չի մասնակցի «UNICA» միջազգային կինոփառատոնին` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի «շնորհիվ»:

 

Նրա հավաստմամբ` նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել փառատոնը, իսկ 2013-ին կինոփառատոնին իրենք մասնակցել են իրենց միջոցներով: «Այսուհետ «UNICA»-ում մեր տեղը կզիջենք Ադրբեջանին և Թուրքիային` Հասմիկ Պողոսյանի «շնորհիվ»,- ասել էր Հովհաննիսյանը:

 

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, խոսելով արծարծված խնդրի մասին, նշեց, որ նախարարությունն ի սկզբանե` ընդհուպ մինչև 2013թ., աջակցել է ոչ միայն փառատոնի` Հայաստանում կայացմանը, այլ նաև արդյունքում ընտրված ֆիլմերը դրսում ներկայացնելուն: Փոխնախարարը նշում է, որ քննադատություն հնչեցնելիս պետք է հիմնավոր փաստարկներ ունենալ:

 

«Երբ առաջին անգամ ստեղծվեց կազմակերպությունը, որն իր առջև խնդիր էր դրել ոչ կոմերցիոն ֆիլմերն ընդհանրապես Հայաստանում հավաքագրել, ամփոփել և դրանք ներկայացնել միջազգային կինոշուկաներում, մենք ողջունեցինք այդ գաղափարը, քանի որ այդ ուղղվածության կինոփառատոնը նպատակահարմար էր առաջին հերթին մեր` ոչ պրոֆեսիոնալ կինոարտադրությունն արտերկրում ներկայացնելու համար: Փառատոնը կարևոր է այնքանով, որ այն, կարծես, մի խողովակ էր` նման ֆիլմերը դրսում ներկայացնելու: Կինոփառատոնի առավելություններից մեկն էլ այն էր, որ այն համահայկական բնույթ էր կրում, այսինքն` նաև Սփյուռքի մեր ռեժիսորների գործերն էին մասնակցում փառատոնին»,- ասաց Պողոսյանը:

 

Ի դեպ, նախարարությունը 2011-ին տրամադրել է 700 000 դրամ` փառատոնի անցկացման, նույնքան էլ` ընտրված ֆիլմերը դրսում ներկայացնելու համար, 2012-ին` 1 մլն դրամ փառատոնի անցկացման համար, նաև աջակցություն` Բուլղարիայում կայանալիք կինոփառատոնին ներկայանալու, իսկ 2013-ին տրամադրվել է 1 մլն դրամ և ապահովվել Արմեն Վաթյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ներկայությունը Ֆրանսիայում տեղի ունենալիք փառատոնին:

 

Ֆիլմերի ընտրությանը նախարարությունը չի մասնակցում: Ինչ վերաբերում է այս տարվան, ապա այս տարի նախարարությունը հրաժարվել է աջակցել փառատոնի կայացմանը, սակայն ոչ դրսում ներկայացվելիք ֆիլմերին:

 

«Սովորաբար, մշակույթի նախարարության բյուջեով կայանալիք կինոփառատոները, բացի «Ոսկե ծիրանից», մենք ֆինանսավորում ենք երկու տարին մեկ անգամ: Եվ մենք 2013-ին տեղեկացրել ենք Հովհաննիսյանին այդ մասին: Մենք մինչ այդ երեք տարի շարունակ ֆինանսավորել ենք փառատոնին` ցանկանալով, որ այն կայանա, իսկ հիմա արդեն պետք է ֆինանսավորեինք, ըստ օրենքի, երկու տարին մեկ անգամ: Այո, պարոն Հովհաննիսյանը քանիցս դիմել է մեզ, որպեսզի կինոփառատոնին տրամադրվելիք գումարներն ավելացվեն, սակայն խոսքը ոչ թե տրամաբանական ավելացման մասին է եղել, այլ, ասենք, 2000-3000 տոկոսով: Վերջին անգամ նա 22 մլն դրամ էր ուզում, որի մեջ մտնում էր նաև գրասենյակի պահպանության գումարը, աշխատավարձերը, որը երբեք նախարարությունը չի ֆինանսավորում»,- ասաց փոխնախարարը:

 

Պողոսյանը նշեց նաև, որ եթե որևէ անճշտություն կա, ապա իրենք պատրաստ են զրուցել Հովհաննիսյանի հետ, ինչպես նաև համագործակցել` մեր ֆիլմերը դրսում կայանալիք փառատոներին ներկայացնելու համար: