կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-09 16:33
Հասարակություն

Տարօրինակ խստություններ

Տարօրինակ խստություններ

Դպրոցներում կատարվող դրամահավաքության երևույթի մասին այնքան հաճախ և պաթոսով խոսեցինք, որ հանրության մեջ ձևավորվեց մտայնություն, թե ժամանակակից հայ դպրոցը ավելի մեծ թշնամի և ավելի մեծ սպառնալիք, քան դրամահավաքությունն է, չունի:

 

Այսկերպ շատ հանգիստ կարողացանք երկրորդական պլան մղել հանրակրթական դպրոցի իրական մտահոգությունները՝ սևեռվելով խիստ չափազանցված և, ըստ էության, հանրակրթության հետ ուղղակի կապ չունեցող մի վտանգի վրա: Խնդիրը բնավ այն չէ, որ դրամահավաքությունը չարիք չէ, որի դեմ բոլոր միջոցներով պետք է պայքարել, խնդիրն այդ չարիքի դեմ կազմակերպվող պայքարով դպրոցում բույն դրած իրական չարիքներն ու կարիքները միտումնավոր կամ ակամա սքողելու դյուրին հնարավորությունն է, որ որդեգրվել է կրթության մեր պատասխանատուների կողմից:

 

Այսօր էլ, ահա, Երևանի փոխքաղաքապետը մամուլի ասուլիսում խոսել է դրամահավաքության անթույլատրելիության մասին՝ հայտարարելով, թե «Վերջին զանգի դրամահավաքի համար դպրոցների տնօրենները կարող են զրկվել պաշտոնից»:

 

Անշուշտ, ողջունելի է, որ մեր պաշտոնյաները, մասնավորապես` կրթության ոլորտում, այսքան անզիջում են, ուրախալի է, որ նրանք իրենց այդ կեցվածքը պահպանում են նաև ցանկացած այլ առիթներով կատարվող դրամահավաքությունների դեմ պայքարելիս, այնուամենայնիվ հետաքրքիր է, որ առ այսօր որևէ դպրոցի տնօրեն չի զրկվել պաշտոնից կամ այդպիսի սպառնալիք չի ստացել սովորողների ցածր առաջադիմության համար, ինչն, ի դեպ, յուրաքանչյուր կրթական հաստատության կարևորագույն նպատակն է և առաքելությունը, մինչդեռ ահա ինչ-որ գումար հավաքելը դիտվում է դպրոցի տնօրենին պաշտոնանկ անելու չափ աններելի: Աններելի, եթե նույնիսկ այդ հավաքած գումարով երեխաները ցանկացել են որևէ թատրոնում ներկայացում դիտել կամ փոքրիկ նվերով այցի գնալ իրենց հիվանդ ընկերոջը:

 

Լ. Սարգսյան