Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես այդ ուսումնասիրությունը, որ մեզ ներկայացվեց, անվանել եմ «պարտիզանություն», ու ճիշտ եմ արել»,- Yerkir.am-ին այսօր ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն' անդրադառնալով ապրիլի 4-ին Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված' ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով դեկտեմբեր ամսվա ընթացքում միջազգային խորհրդատուի կողմից կատարված' Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքի ուսումնասիրությանը:
Այդ ուսումնասիրության համաձայն` մեկ տարվա միջինացված կտրվածքով, մայրաքաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքը կազմում է 167 միլիոն 957 հազար 518 քաղաքացի: Հիմք ընդունելով, համադրելով ուղևորահոսքի և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված ծախսերի նախնական քննարկված ամփոփ հաշվարկը' ձևավորվել են ներքաղաքային ուղևորափոխադրումների համար որոշակի սակագներ: Համաձայն կատարված հաշվարկի՝ գազով աշխատող միկրոավտոբուսների պարագայում այն կազմել է 207.2, նույն վառելիքով աշխատող ավտոբուսների՝ 196.2 և դիզելային վառելիքով աշխատող ավտոբուսների համար՝ 252.3 ՀՀ դրամ:
«Հուլիս ամսից մինչև ապրիլի 4-ը հանձնաժողովն աշխատել է, բայց ես և հանձնաժողովի մյուս անդամներն այդ տվյալների մասին իմանում ենք ապրիլի 4-ին: Եթե մենք այդ հաշվարկների մասին իմանում ենք ամսի 4-ին, դա նորմալ չէ, սեփական ժողովրդի հետ այդպես չեն վարվում»,- ընդգծեց Արմեն Պողոսյանն ու հավելեց, որ իրենք պետք է տեղյակ լինեին, թե որ կազմակերպությունն է հաշվարկներ կատարում, որ արժանիքների համար է այդ կազմակերպությունն ընտրվել, որ մեթոդիկայով են աշխատում և այլն:
Թե ինչո՞ւ են թաքուն հաշվարկներ իրականացրել, Արմեն Պողոսյանը նշեց, որ քաղաքապետարանի ու ավագանու աշխատանքի ոճն է, որից ազգաբնակչությունը, բացի արհամարհական արտահայտություններից ու վերաբերմունքից, ոչ մի այլ բան չի տեսել: Ուստի, ըստ նրա, «պետք է այդ ավագանուն անվստահություն հայտնել և ուղարկել տուն»:
Ով այդ հետազոտությունը պատվիրել ու վճարել է, նշեց ՀԿ-ի նախագահը, նաև հստակ պարամետրեր է տվել' արդյունքների համար: Այդ զեկույցում քաղաքացիներին հետաքրքրող հիմնական պատասխանը չի երևում' որքա՞ն ուղևոր է փոխադրում մեկ միկրոավտոբուսը մեկ օրում: Որովհետև, պարզաբանեց Պողոսյանը, ուղեվարձերի սակագները գոյանում են' ծախսերը բաժանելով ուղևորների թվին, ու այստեղ այլ մաթեմատիկա հնարելու կարիք չկա:
«Եթե այդ զեկույցի մեջ ոչ մի տեղ ուղևորների թիվը չի նշվում, էլ ինչների՞ս է պետք այդ հետազոտությունը: Հետո' մի թիվ էլ հրապարակեցին' 613 հազար մարդ է երթևեկում: Ես հազարավոր անգամ հայտարարել եմ, որ Երևանում երթևեկում է 600 հազարից ավելի ուղևոր, ու Իտալիայից կամ ինչ-որ երկրից կազմակերպություն հրավիրել պետք չէր` այս թիվը ստանալու համար, մեզ այն հայտնի էր: Երեկ էլ մեզ ասում են' 613 հազար, ի՞նչը փոխվեց: Կամ` ասում են, թե քանի վարորդ է առանց սափրվելու մեքենա վարում: Դա արհամարհանք է, նշանակում է, որ ովքեր պատվիրել են, իրենց գործը չեն հասկանում»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Հետազոտության տվյալների հավաստիության վրա Արմեն Պողոսյանը չի կասկածում, այլ կասկածում է մեթոդիկայի վրա, համարում է, որ ճիշտ մեթոդիկա ընտրված չի եղել: Արդյունքն էլ այն է, որ սակագինը 200 դրամի շրջանակներում ստացվեց:
Yerkir.am-ի հարցին' իսկ իր ղեկավարած ՀԿ-ն հաշվարկներ արե՞լ է, կամ, իրենց կարծիքով, ինչքա՞ն պետք է կազմեր սակագինը, Արմեն Պողոսյանը պատասխանեց, որ այդպիսի հետազոտություն անելը ՀԿ-ի ուժերից վեր է, բայց այլ կազմակերպություններ կան, որ հաշվարկել ու ստացել են 86 դրամ: «Ես իմ հաշվարկը չունեմ, դա իմ պարտականություն չէ, դա մեր ուժերից վեր է: Մեր գործն առաջարկելն է, խնդիրը բարձրացնելն է և լուծման ուղիները նշելը»,- ասաց նա: