Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի համոզմամբ` ներկա պահին քաղաքականության մեջ գնում է «Սերժ Սարգսյանի խաղը»: Այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով ներքաղաքական խնդիրների մասին` նա կարծիք հայտնեց, որ եթե Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ապա ԱԺ նախագահի պաշտոնում տեսնում է Կարեն Կարապետյանին` Տաշիրի Կարենին, որովհետև նրան սրտամոտ մարդ է, իսկ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանին այդ պաշտոնում չի տեսնում, որովհետև նա «Քոչարյանի մարդն է»:
Տիգրան Կարապետյանը կարծում է, որ կառավարության կազմում ԲՀԿ-ն և Դաշնակցությունը կունենան պորտֆելներ: Նրա համոզմամբ` կառավարության կազմը պետք է փոխվի: Եղած նախարարներից Տիգրան Կարապետյանը հավանում է միայն պաշտպանության նախարարին` ազնիվ մարդ լինելու համար, իսկ ազնվությունը, ըստ նրա, ներկա ժամանակներում դեֆիցիտ հատկանիշ է:
Yerkir.am-ի հարցին` կադրերի պակասի խնդրի առջև չե՞նք կանգնելու, եթե կառավարության ամբողջ կազմը փոխվի, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ կադրերի պակաս կա, որովհետև ներկայիս նախարարներից ոչ բոլորն են մասնագետ: Հիմա կարծում եք, որ ոչ ոք չի՞ կարող փոխարինել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, հա՞»:
Ինչ վերաբերում է քառյակի գործողություններին, նա նշեց, որ քառյակի գործողությունների կողքին կանգնած է Ռոբերտ Քոչարյանը: Ըստ Կարապետյանի` ՀԱԿ-ը համագործակցում է Սերժ Սարգսյանի հետ, ահա` ինչու նրանք կարողացան անցնել խորհրդարան, Դաշնակցությունը մեկ պաշտոններ է վերցնում, մեկ հետ տալիս, «Ժառանգությունը» արդեն «սկել է», իսկ ԲՀԿ-ն վերջին ժամանակակատվածում փորձում է սիրաշահել ժողովրդին, ինչը, ըստ Տիգրան Կարապետյանի, հաճելի երևույթ է, որովհետև վերջին տարիներին ոչ ոք ժողովրդին բանի տեղ չէր դնում:
«ՀԱԿ-ը ինձ էր ասում, որ ես Սերժ Սարգսյանի մարդն եմ: Եթե այդպես լիներ, գոնե հեռուստաընկերություն կունենայի: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը չորս ուժերի առաջնորդների միջև հանդիպում է պահանջում, որովհետև իր փայն է ուզում, ուզում է պայման դնի, որ` եթե դուք փայ եք վերցնում, ես էլ եմ փայ ուզում»,- ասաց Տիգրան Կարապետյանը:
Նրա խոսքով` եթե Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին 500 մարդ էր սնվում կերակրատաշտից, ապա հիմա 5 հոգի է սնվում, և դա Սերժ Սարգսյանի նեղ շրջապատն է:
Խոսելով կուտակային կենսաթոշակային օրենքի մասին` Տիգրան Կարապետյանը նշեց, որ թեև ՍԴ-ն հակասահմանադրական է համարում օրենքը, սակայն ՍԴ նախագահն ասում է` դեռ պետք է վճարեք, որովհետև Հայաստանը Եվրոպայից 100 միլիոն դոլար է վերցրել կուտակային կենսաթոշակային համակարգի համար, և այդ 100 միլիոնը պետք է վերադարձնել: «Հայաստանը բանկրոտ է»,- ասաց նա: