Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց երկամյա Լիա Միսակյանի մահվան գործով դատավարությունը` վկաների հարցաքննության փուլը:
«Արաբկիր» ԲՀ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աշոտ Գյուլբուդաղյանը դատարանում պատմեց, որ 2013 թվականի հունվարի 2-ի երեկոյան` ժամը 10-ին մոտ, իրեն զանգահարել է բուժքույրերից մեկը և խնդրել շտապ հիվանդանոց գնալ, քանի որ կլինիկական մահով երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Մոտ տասը րոպե անց արդեն հիվանդանոցում է եղել և մասնակցել շուրջ մեկ ժամ տևած վերակենդացման աշխատանքներին, սակայն երեխայի սրտի աշխատանքն ու շնչառությունն այդպես էլ չեն վերականգնվել:
Գյուլբուդաղյանն իր խոսքում նշեց, որ երեխայի վիճակը կայուն ծանր է եղել, սակայն մեղադրողի այդ դիտարկմանը, որ ռեանիմատոլոգ Կարինե Մարտիրոսյանը հիվանդության պատմագրում նշել է, որ վիճակը միջին ծանրության է, վկան պատասխանեց, թե սխալ ասաց` երեխայի վիճակը եղել է միայն «կայուն»:
Իսկ արդյո՞ք այդ վիճակում երեխային չպետք է տեղափոխեին վերակենդանացման բաժանմունք: Բժիշկն ասաց, թե հնարավոր էր բուժումը կատարել նաև բոքսային բաժանմունքում, որտեղ էլ պառկած է եղել երեխան:
Հարցաքննության ժամանակ վկան հայտնեց, որ իրենց մոտ յուրաքանչյուր 100 երեխայի դեպքում մահացության թիվը կազմում է 3-7 տոկոս, ինչը նորմալ վիճակագրական տվյալ է` աշխարհի զարգացած երկրների հետ համեմատությամբ: Դատավորը հարցրեց, թե արդյո՞ք Լիայի մահվան դեպքը լոկ վիճակագրական թիվ է եղել, թե՞, որպես բացառիկ դեպք, քննարկվել է բուժանձնակազմի կողմից:
Թեև վկան ասաց, որ քննարկվել է, սակայն որոշակի պատասխաններ չտվեց այն հարցին, թե այդ քննարկումների արդյունքում ի՞նչ տեսակետներ են եղել, թե ի՞նչը կարող էր երեխայի մահվան պատճառ դառնալ:
Մյուս վկան` մանկաբույժ Իրինա Մամյանը, ով աշխատել էր երեխայի հիվանդանոց տանելու երրորդ օրը, մանրամասնորեն նկարագրեց, թե հունվարի 2-ի առավոտյան` ժամը 10-ից սկսած, երբ մեղադրյալ Զարինե Այվազյանից ընդունել է հերթափոխը, ինչ գործողություններ է կատարել` երեխային բուժելու համար:
Նրա խոսքով` առավոտյան համայցի ընթացքում տեսել է, որ երեխայի մոտ դժվարաշնչություն և հևոց կա, հանձնարարել է արյան անալիզ հանձնել, կրծքավանդակի ռենտգենյան հետազոտություն անել: Արդյունքում` պարզվել է, որ երեխայի արյան լեյկոցիտների քանակը ցածր է, իսկ աջ թոքում կա թեթև բորբոքվածություն: Նշանակվել է հակաբիոտիկ: Կատարվել է նաև վերին շնչուղիների մաքրում:
Ուշ երեկոյան, երբ ինքը եղել է ընդունարանում, զանգել, հայտնել են, որ երեխան վատ է, վազել է, անմիջապես տեղափոխել են ռեանիմացիա: Սակայն երեխայի մոտ սրտի հանկարծակի կանգ է եղել, և վերակենդանացման գործողությունները արդյունք չեն տվել:
Այն հարցերին, թե արդյո՞ք այդ նույն հետազոտություններն ու բուժօգնությունը պետք չէր ցույց տալ հենց հիվանդանոց բերելու օրը, և արդյո՞ք եթե արվեր այդպես, երեխային հնարավոր կլիներ փրկել, հստակ պատասխաններ չտրվեցին:
Իսկ թե ի՞նչը կարող էր երեխայի մահվան պատճառը լինել, մանկաբույժը պատասխանեց. «Չգիտեմ»:
Ի դեպ, երբ տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանն իր խոսքում ասաց, թե եթե սեղանից վեր կենային, գուցե ամեն ինչ այլ կերպ լիներ, մանկաբույժ Իրինա Մամյանը վրդովվեց, թե ինչո՞ւ են այդպես վերաբերվում բժիշկներին, ինչո՞ւ են ասում, թե կերել-խմել են. «Ես այդ ժամանակ 5 ամսական հղի էի ու այդ օրը մի կտոր բան չեմ կարողացել բերանս դնել»: Սակայն մահացած երեխայի հայրը նրան ասաց, որ խոսքը նրա մասին չէ, և թող բոլորի անունից այդպես չխոսի: