Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եղել են թերացումներ ու բացթողումներ, որոնք սակայն ուղղակի կապ չունեն երեխայի մահվան հետ. 2-ամյա Լիա Միսակյանի մահվան գործով այսօրվա դատական նիստում նման եզրահանգում հայտնեց փորձագետ, բժշկական գիտությունների թեկնածու, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ բժիշկ Արուսյակ Խաչատրյանը:
Նրա խոսքով` 2012 թվականի դեկտեմբերի 31-ին և հաջորդ տարվա հունվարի 1-2-ը «Արաբկիր» ԲՀ-ում երեխային ադեկվատ ախտորոշում է տրվել, և դրան համապատասխան էլ նշանակվել են հետազոտություններ և բուժում:
Արուսյակ Խաչատրյանն այս գործով եղել է առաջնային փորձաքննություն կատարող հանձնաժողովի անդամ: Փորձագետը նշեց, որ իրենք համարել են բացթողումներ և թերացումներ այն, որ պետք է արյունաբանի զննություն կատարվեր, հիվանդության պատմությունը պատշաճ չի լրացվել, և երեխայի վիճակի մասին բավարար տեղեկություններ չկան դրանում, հարկավոր էր ավելի վաղ վերակենդանացման բաժանմունք տանել, կատարել կոագուլոգրամ հետազոտությունը:
Փորձագետի խոսքով` երեխայի մոտ առաջացել է հազվադեպ պատահող բարդություն` ագրանուլոցիտոզ, ինչի հետևանքով արյան լեյկոցիտների հատուկ մի ձևը` նեյտրոֆիլները, նորմայի շեմից խիստ սակավանում են, և որպես դրա հետևանք` կարող են լինել միանգամից մի քանի հիվանդություններ, որոնք էլ երեխայի մոտ նկատվել են` թարախային թոքաբորբ, նշիկաբորբ:
Այսօրվա դատական նիստը, ինչպեսև նախորդ նիստերը, անցնում էր բավական լարված մթնոլորտում: Ամբաստանյալների փաստաբանները բազմիցս առարկում էին դատավորի գործողությունների դեմ, որոնք, սակայն, դատարանը չէր ընդունում:
Մասնավորապես` Զարինե Այվազյանի փաստաբան Երեմ Սարգսյանը մի քանի անգամ հայտարարեց, որ դատարանն ու դատախազը սահմանափակում են փորձագետի` պատասխանելու իրավունքը: Նաև դատարանը փորձում է կանխակալ վերաբերմունք ցույց տալ, մասնավորապես, իր հետևյալ արտահայտությամբ. «Երևի թերացել են, սակայն դա դեռ ապացուցված չէ»:
Հարցաքննության ժամանակ հունից դուրս եկավ նաև մահացած երեխայի հայրը: Նա ասաց, որ փորձաքննության ժամանակ հիմք են ընդունել բժիշկների կողմից նշված այն հանգամանքը, թե երեխայի շնչառությունը րոպեում 32-34 է եղել, այնինչ` ինքը տեսահոլովակներ է տվել այս փորձագետին, միասին էլ հաշվել են, որ վերոնշյալ թիվն իրականում 56 է եղել: Սակայն փորձագետը նշեց, որ տեսահոլովակները նայել է, սակայն չի հիշում, թե միասին հաշվել են երեխայի շնչառությունը:
Երեխայի հայրը խնդրեց, որ փորձագետը ճիշտն ասի, քանի որ հենց նա լավ է հասկանում բժիշկների կատարած սխալը, ինչի հետևանքով երեխան մահացել է. «Ձեր ասելով` էրեխեն շատ լավ էր, բայց միամիտ մահացավ»:
Հիշեցնենք, որ ամբաստանյալի աթոռին են «Արաբկիր» ԲՀ մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանն ու Զարինե Այվազյանը, ովքեր մեղադրվում են մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ինչի հետևանքով երեխան մահացել է: