կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-25 17:57
Իրավական

Որքա՞ն գումար է նախատեսված դատախազների համազգեստի համար

Որքա՞ն գումար  է նախատեսված դատախազների համազգեստի համար

2013թ. հունիսի 8-ից ուժի մեջ մտավ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, ըստ որի` համազգեստի կրումն այսուհետ պետք է տարածվեր բոլոր դատախազների վրա: Այս թեմային yerkir.am-ն անդրադարձել էր դեռևս մեկ ամիս առաջ և մանրամասն ներկայացրել համազգեստը կրելու կարգը, անհրաժեշտությունը, տրամադրման ժամանակահատվածը, սակայն ֆինանսավորման մասին խոստացել էինք հրապարակել կառավարությունից պատասխան ստանալուց հետո:

 

Կառավարության մեր գործընկերներից շուրջ մեկ ամիս պահանջվեց` հասկանալու համար, որ մեզ հուզող հարցերի պատասխանը կարող է տալ միայն ֆինանսների նախարարությունը,  և մեր` արդեն երրորդ հարցումը ստանալուց հետո միայն այն վերահասցեագրվել է ֆիննախին: Արդարացի լինելու համար նշենք, որ, ի տարբերություն կառավարության, նախարարությունից yerkir.am-ի հարցմանը պատասխանեցին հաշված ժամերի ընթացքում:

 

Ի պատասխան մեր հարցման` նախարարությունից հայտնեցին, որ ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի «ՀՀ դատախազության պահպանում» ծրագրի «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով դատախազների համազգեստի ձեռք բերման համար հատկացվել է 15,408.8 հազ. դրամ, որի դիմաց դրամարկղային ծախսը կազմել է 13,959.0 հազ. դրամ:

 

Իսկ այդ նպատակով ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարը կազմել է 105,991.8 հազ. դրամ:


Մեզ տեղեկացրին, որ այս գումարով նախատեսված է ձեռք բերել 337 կոմպլեկտ համազգեստ ՀՀ դատախազության համակարգի դատախազների համար, որոնցից 12 կոմպլեկտը` բարձրագույն դասի համար: Բարձրագույն դասի համազգեստի մեկ կոմպլեկտի համար նախատեսված է 680784, իսկ մյուս համազգեստի մեկ կոմպլեկտի համար՝ 300992 ՀՀ դրամ:

 

Նշենք, որ դատախազության համազգեստի մեկ կոմպլեկտը ներառում է հետևյալ միավորները` 1 գլխարկ ականջակալով, 1 գլխարկ հովհարով, 1 գլխարկ տոնական, 1 կիտել, 1 կիտել տոնական, 1 վերարկու ձմեռային դրապից, 1 անձրևանոց գոտիով, 1 տաբատ, 1 տաբատ տոնական, 2 վերնաշապիկ երկարաթև / սպիտակ կտորից/, 2 վերնաշապիկ կարճաթև /սպիտակ կտորից /, 1 փողկապ, 1 կոշիկ, 1 կիսաճտքավոր կոշիկ, 1 ձեռնոց, 1 գոտի, 1 փողկապի ամրակ, 1 վզարկու, 4 զույգ ուսադիր / կամ 4 զույգ օձիքի տարբերանշան /, 1 զույգ ուսադիր տոնական / կամ 1 զույգ օձիքի տարբերանշան տոնական /:

 

Հայտնի դարձավ նաև, որ ՀՀ դատախազության համակարգի համազգեստի ձեռք բերման համար կնքված պայմանագրով տնտեսումը սահմանված գնից կազմել է 6.565.808 ՀՀ դրամ:

 

Փաստորեն, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դատախազների համազգեստի համար նախատեսված գումարն օգտագործել է ռացիոնալ կերպով: Իսկ թե որքանո՞վ կարդարացվեն այդ տնտեսումներն ու հատկացված գումարները, պարզ կդառնա այն ժամանակ, երբ, ի վերջո, մեր դատախազները շրջեն համազգեստով: