Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Դիմավորում են հագուստով, ճանապարհում` խելքով. պնդում է ռուսական ասացվածքը: Միանշանակ` հագուստը մեծ տպավորություն է թողնում շրջապատի վրա, համազգեստն` առավել ևս: Փաստաբանի, քննիչի կամ դատախազի արտաքին տեսքը մեծ ազդեցություն է թողնում քաղաքացիների վրա և շատ հաճախ դառնում նրա նկատմամբ վերաբերմունք ձևավորելու նախապայման:
Զարգացած պետություններում, մասնավորապես` ԱՄՆ-ում, եվրոպական շատ երկրներում, դատավարական կողմերը դատական նիստերին ներկայանում են հատուկ պատմուճանով: Այդ կերպ նրանք դատարանի առջև ներկայանում են պատշաճ տեսքով և ընդգծում իրենց կարգավիճակը: Իսկ Ռուսաստանում, օրինակ, դեռևս խորհրդային տարիներից դատարանում առանձնացել են դատախազները` կրելով հատուկ համազգեստ:
Դատախազների համազգեստ կրելու պարտականությունը սահմանված է նաեւ մի շարք այլ երկրների օրենքներում, ընդ որում` երկրների մի մասում համազգեստ կրելը պարտադիր է միայն դատարանում մեղադրանք ներկայացնելիս (Մեծ Բրիտանիա, Մակեդոնիա, Ռուսաստան եւ այլն), մյուս մասում` իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս (Լիտվա, Լատվիա, Մոլդովա, Ֆրանսիա, եւ այլն): Որոշ երկրներում էլ նախատեսված է, որ պետությունը դատախազներին անվճար տրամադրի համազգեստ (Բելառուս, Ուկրաինա, Ղազախստան եւ այլն):
Այս ավանդույթը մեզանում ևս տարածում է գտել, սակայն համատարած բնույթ չի կրել: Մինչեւ 2013 թվականը գործող օրենքներով պետական բյուջեի միջոցների հաշվին համազգեստ էր տրվում միայն Զինվորական կենտրոնական դատախազությունում և կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող դատախազներին: Սակայն 2013թ. հունիսի 8-ից ուժի մեջ մտավ «Դատախազության մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով սահմանվում էին համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանց կրման կարգը: Ըստ փոփոխությունների` համազգեստի կրումը պետք է տարածվեր բոլոր դատախազների և ՀՔԾ ծառայողների վրա: Դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դրանք կրելու կարգը սահմանվեց ՀՀ կառավարության 2013թ. հունիսի 20-ի 664Ն որոշմամբ, որն ուժի մեջ պետք է մտներ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, սակայն…
ՀՀ գլխավոր դատախազությունից yerkir.am-ը տեղեկացավ, որ կառավարությունը 2013-ին չի հատկացրել համազգեստի համար նախատեսված գումարը: Նշենք, որ 2013 թ. պետական բյուջեով ՀՀ դատախազությանը հատկացվել է 2579539,2 դրամ, որի մեջ, սակայն, դատախազների համազգեստի համար ծախսերը չեն ներառվել: Մինչդեռ կառավարությունը ՀՀ Հատուկ քննչական ծառայության ծառայողներին համազգեստով ապահովելը ֆինանսավորելու համար 2013թ. պետական բյուջեից հատկացրել է 7 107 500 դրամ: Նույնքան էլ նախատեսված է եղել դատախազներին տրվող համազգեստի համար, բայց ինչ-ինչ պատճառներով կառավարություն- դատախազություն ճանապարհին այդ գումարները կա'մ փոշիացել են, կա'մ տեղ հասցնելու համար հավելյալ ժամանակ է պահանջվել: Դատախազները համազգեստով պետք է շրջեին դեռևս 9 ամիս առաջ` վարչապետի ստորագրած որոշման` ուժի մեջ մտելու հաջորդ օրվանից:
Մինչ որոշման կատարման ձգձգման բուն պատճառներին անդրադառնալը օրենքի շրջանակներում ներկայացնենք դատախազներին համազգեստ հատկացնելու անհրաժեշտությունը: «Դատախազության մասին» ՀՀ օրենքով հիմնավորվում է, որ դատախազների կողմից մեղադրանքի պաշտպանության, հետաքննության եւ նախաքննության, պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն եւ այլ գործառույթներ իրականացնելու պայմաններում անհրաժեշտություն է առաջանում նրանց համազգեստով ապահովելը, որը մի կողմից կնպաստի դատախազության նկատմամբ առավել հարգալից վերաբերմունքի, պատկառանքի, նրա` որպես պետության շահերը պաշտպանող ներկայացուցչի պետական հեղինակության բարձրացմանը, իսկ մյուս կողմից` դատախազների զգոնության բարձրացմանը եւ պատշաճ վարքագծի դրսեւորմանը: Բացի այդ` դատախազին համազգեստով ապահովելն անհրաժեշտ է դատավարության մյուս մասնակիցներից տարբերվելու եւ իր մասնագիտական պարտքն առավել պատասխանատվությամբ եւ հետեւողականորեն իրականացնելու համար:
Օրինակ` հետաքրքրական է, որ Մակեդոնիայի «Դատախազության մասին» օրենքի 55-րդ հոդվածը դատախազների կողմից դատարանում համազգեստ կրելու պարտականությունը սահմանում է հենց դատավարության մյուս մասնակիցներից տարբերվելու նպատակով: Սակայն մեր երկրում գործող օրենքը նման դրույթ չի սահմանում:
Փոխարենը ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի որոշմամբ հստակ սահմանվում է. «Պաշտոնական միջոցառումների, հանդիպումների, հիշատակի օրերի, ծառայողական պարտականությունները կատարելու, դատախազության կոլեգիայի նիստերին մասնակցելու, ատեստավորման, վերապատրաստման ժամանակ դատախազները կրում են ամենօրյա համազգեստ, իսկ հատուկ միջոցառումներին՝ ամենօրյա համազգեստը կրում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կարգադրությամբ: Տոնական օրերին, պարգևներ շնորհելու և երդման արարողակարգի ժամանակ դատախազները կրում են տոնական համազգեստ»:
Դատախազների տարբերանշաններն են՝ գլխարկանշանները, թևքանշանը, օձիքի մակակարերն ու ուսադիրները: Դատախազը պետք է կրի շնորհված դասային աստիճանին և պաշտոնին համապատասխանող համազգեստ: Օրինակ` Բարձրագույն դասային աստիճան ունեցող (արդարադատության պետական խորհրդականի, 1-ին, 2-րդ և 3-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան) դատախազների համազգեստը մուգ կապույտ գույնի գաբարդինից է, իսկ 3-րդ դասի խորհրդականից մինչև արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող դատախազներինը` մուգ կապույտ գույնի կիսաբրդյա կտորից: Դատախազների ամենօրյա և տոնական համազգեստների ձևին և նկարագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Պարզվում է, որ մեր դատախազները նույնպես կողմ են այս օրենքին և պատրաստակամ են կրել իրենց հասանելիք համազգեստը, եթե այն, իհարկե, տեղ հասնի: Թերևս նման հավաստիացումներ ստացանք դատախազությունից: Ի դեպ` այնտեղից yerkir.am-ին հայտնեցին, որ համազգեստի տրամադրման համար գումար նախատեսվել է 2014թ-ի պետական բյուջեի ծրագրում, այսինքն գործընթացը նոր-նոր է սկսվում: Սա նշանակում է, ո դեռ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի համազգեստը կիրառության մեջ մտնի` գնումների գործընթաց, համազգեստը կարելու համար նախատեսված մրցույթ և այլն:
Իսկ մինչ այդ մեր դատախազներն իրենց լիազորությունները կատարելիս կամ միջոցառումներին մասնակցելիս կշարունակեն ներկայանալ դասական ոճի հագուստով (կոստյում, վերնաշապիկ, փողկապ): Նշենք, սակայն, որ շատ դատախազների համար դժվար թե մտահոգիչ լինի այդ խնդիրը, քանի որ ոմանց համար համազգեստն ընդամենը ձևական բան է: Սակայն կգտնվեն այնպիսիք, որ համազգեստով կփորձեն ընդգծել իրենց դիրքի առավելությունը մյուս կողմի, ինչու ոչ` նաեւ դատավորի նկատմամբ:
«Կոստյո՞ւմն է, որ պետք է գեղեցկացնի նրանց»,- երևի թե մտածել է նախորդ տարվա որոշումն օդում թողած վարչապետն ու 2014 թ. բյուջեի նախագծի մի անկյունում «խցկել» դատախազների համազգեստի հարցը: Կառավարության ղեկավարը, առաջնորդվել է «լավ է ուշ, քան երբեք» սկզբունքով:
Հ. Գ. Մենք կառավարությանը գրավոր հարցում ենք ուղարկել եւ սպասում ենք նրանց պարզաբանմանը, թե որն է գումարն ուշացնելու պատճառը:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ