Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանը: Նա, ի դեպ, մեկն է այն ինը անձանցից, ովքեր դիմել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին:
-Ձեր ծրագրում ի՞նչ հարցերի եք անդրադարձել, ի՞նչ խնդիրներ եք տեսնում օպերայի թատրոնում:
-Անկեղծ ասած՝ խնդիրներ շատ կան, բայց որպեսզի ճիշտ վերլուծություն կատարվի, մասնագիտական կառավարման տեսակետից պետք է դա ուսումնասիրել: Ասում են` տնօրենի թափուր հաստիքի մրցույթին դիմածների հայեցակարգերը յոթ փակի տակ են դրված, ինչը շատ սխալ է: Հայեցակարգը, որ ես ներկայացրել եմ, 4-5 էջ է, որը բաժանել եմ 6-7 մասի: Իմ ներկայացրած ծրագիրն, ավելի ճիշտ, հայեցակարգ չէ, այլ տեսլական՝ ինչպես եմ ես տեսնում ապագան: Օպերան յուրահատուկ թատրոն է, եւ յուրաքանչյուր ղեկավար պետք է ունենա առաջիկա գոնե վեց ամսվա ծրագիր:
-Կարևոր անելիքներից մի քանիսը կնշե՞ք:
-Առաջին հերթին պետք է նայենք՝ ի՞նչ ունենք: Պետք է նյութաբազայի վերլուծություն անենք եւ դա անենք պատկերավոր, քանի որ ոչ միշտ է թղթի վրա գրվածը համապատասխանում իրականությանը: Անհրաժեշտ է կատարել օպերայի 15 տարվա դինամիկայի ուսումնասիրություն՝ ինչպիսի՞ ներկայացումներ են եղել, որո՞նք են առավել շատ հանդիսատես ունեցել, ո՞վ է թիրախային հանդիսատեսը օպերայում, ո՞ւմ ենք ուզում մենք տեսնել օպերայում, ներկայիս իրավիճակը համադրել ցանկալիի հետ: Պետք է չիզոլացվել, որի համար միջազգային բաժին կամ, եթե հնարավոր չէ, գոնե մեկի անհրաժեշտությունը կա, ով արտաքին կապերի հաստատմամբ կզբաղվի: Շատ կարեւոր է, որ դրսից դիրիժորներ, օպերային երաժիշտներ, մենակատարներ գան. արվեստագետը փորձի փոխանակման միջոցով է աճում, իր վարպետության դասը դա է: Օպերա ունենալն, իհարկե, թանկ հաճույք է, բայց այն նաև խոսում է յուրաքանչյուր ազգի մշակույթի եւ զարգացվածության մասին: Կարևոր է նաև, որ թատրոնն ունենա արտագնա ներկայացումներ, հյուրախաղեր: Ես հասկանում եմ` դա մատչելի չէ, բայց մենք կարող ենք սկսել մեր հարևաններից՝ Վրաստանից, ՌԴ-ից: Հայաստանի շատ քիչ հիմնարկերում են գենդերային վերլուծություններ արվում: Ես առաջարկել եմ գենդերային վերլուծություն անել եւ պարզել՝ քանի՞ կին եւ տղամարդ աշխատող կա, ինչպիսի՞ ծանրաբեռնվածությամբ են աշխատում, միգուցե այն կինը, ով աշխատում է ինչ-որ հաստիքում, հաճույքով չէ իր գործն անում, եւ դա տղամարդու գործ է, և հակառակը: Պետք է վերանայել աշխատավարձի չափը, տեսնել` ինչքան եկամուտ է գալիս արտաբյուջեից եւ զարգացնել PR-ն ու մարքեթինգը: Ես առաջարկում եմ ստեղծել հոգաբարձուների խորհուրդ, օպերայի ընկերների ակումբ կամ միություն, որը նույնպես կարող է նպաստել բյուջեի գոյացմանը: Շատ կարևոր տեղ եմ հատկացրել ինֆլյացիային` այսօր սահմանում ենք մի աշխատավարձ, բայց ինֆլյացիայի պատճառով գնողունակությունն ընկնում է:
-Դուք, ճիշտ է, կառավարման փորձ ունեք, բայց օպերայի թատրոնն ավելի բազմամարդ է` չհաշված վերջին շրջանում այնտեղ տեղի ունեցած խմորումները: Այս ամենը հաշվի առնելով` մի քիչ պատասխանատու չէ՞ տնօրենի պաշտոնը ստանձնելը:
-Ես ղեկավարում եմ 172 հոգանոց կոլեկտիվ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում վեց կոլեկտիվ է ընդգրկված: Խմորումներ մեզ մոտ էլ են լինում, հնարավոր չէ` ստեղծագործող մարդկանց միջև խմորումներ չլինեն, դա նորմալ է, ուղղակի պետք է ճիշտ ժամանակին հասկանալ խնդրի էությունը և փորձել արագ լուծել այն: Դրա համար էլ ես կարևորում եմ գեղարվեստական ղեկավարի կամ խորհրդի առկայությունը: Պետք է հստակ բաժանել կառավարումն ու գեղարվեստական կառավարումը: Գեղարվեստական ղեկավար պետք է լինի մի մարդ, ում բոլորը կհարգեն, ով հետք ունի մշակույթի ու Հայաստանի պատմության մեջ: Բայց քանի որ այսօր չկա գեղարվեստական խորհուրդ, ունենք այն, ինչ ունենք:
-Հայտարարված մրցույթում հաղթելու` Ձեր հնարավորությունները որքա՞ն եք գնահատում, առավել եւս, մեր տեղեկությունների համաձայն, հավակնությունը Ձեր կողմն է:
-Չկա նման բան, ոչ մի հավակնություն էլ չկա: Ես բոլորի նման գնացել, հարցաշար եմ վերցրել, որը շատ բարդ է: Հարցաշարը բարդ է, ներառում է աշխատանքային օրենսգիրքը, ՀՀ Սահմանադրությունը, «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքը, մշակույթի նախարարության կանոնադրությունը և այլն, ինչպես նաև բանավոր` անգլերեն և ռուսերեն: Եթե իմ ավագ կոլեգաները վարժ տիրապետում են ռուսերենին, անգլերենին, կառավարման փորձ ունեն, ուրախ կլինեմ նրանց տեսնել այդ պաշտոնին: Ես գրեթե միշտ ղեկավար պաշտոնների եմ եղել՝ սկսել եմ ուսխորհրդի նախագահից, Համալիրի փոխտնօրենից, կոնսերվատորիայի պրոռեկտորով եւ, բնականաբար, կամերային նվագախմբի ղեկավար: Ի դեպ, կոչ եմ անում բոլորին վերաբերվել այդ հաստիքին որպես աշխատանքի, քանի որ այդպես էլ կա: Մարդիկ գնալու են աշխատանքի, նրանցից արդյունք են սպասելու, պետք չէ կանխավ շնորհավորել միմյանց: Նա, ով հավակնում է տնօրենի պաշտոնին, պետք է գիտակցի, որ դա շատ դժվար և տքնաջան աշխատանք է: Պետք չէ օպերայի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը շոու սարքել: Նախ պետք է քննությունը հանձնել, որը բարդ է: Ես, օրինակ, պարապում եմ:
Կարինե Հարությունյան