կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-25 17:45
Քաղաքական

Աղվան Վարդանյանը կոչ է անում հետաձգել օպերայի և բալետի թատրոնի տնօրենի մրցույթը

Աղվան Վարդանյանը կոչ է անում հետաձգել օպերայի և բալետի թատրոնի տնօրենի մրցույթը

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին, որը կայանալու է ապրիլի 4-ին:

 

Պատգամավորի խոսքով՝ օպերայի թատրոնը շարքային ՊՈԱԿ չէ, և դրան մշակութային համակարգում բացառիկ դեր է վերապահված: Ըստ Վարդանյանի` ավելի ճիշտ կլիներ մրցույթից առաջ մի պահ դադար առնել, վերաիմաստավորել այդ թատրոնի դերն ու նշանակությունը, մասնագիտական-փորձագիտական խոր քննարկումներ անցկացնել, մոդելի ընտրություն կատարել, մշակել զարգացման հայեցակարգ, ռազմավարություն և նոր միայն առաջ գնալ:

 

«Ահա այս առաջարկով ու մտահոգությամբ մեր խմբակցությանը դիմել է աշխարհահռչակ օպերային երգիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը: Պարոն Թումանյանը առաջարկում է նախ հիմնավորված ընտրություն կատարել հնարավոր երեք մոդելների միջև:

 

Առաջին՝ օպերային թատրոնը իրականացնում է օպերային թատրոնի, Մեծ թատրոնի, Հայաստանի Գրանդ օպերայի լիարժեք ֆենոմենը, որի մշակութաբանական առաջնահերթությունն է մշակույթի ոլորտը ՀՀ պետականության անբաժան և անհրաժեշտ բաղադրիչը դարձնելը:

 

Երկրորդ՝ օպերային թատրոնը տեխնոլոգիական համալիր է, որը գործում է շոու բիզնեսի ձևաչափում, և որի առաջնահերթությունը տնտեսական բնույթի է, իսկ հիմնական նպատակը՝ շահույթ ստանալը:

 

Երրորդ՝ օպերային թատրոնը մշակույթի տուն է, ժողովրդական տուն, որի խնդիրը բնակչության բազմապրոֆիլ սոցիալական սպասարկումն է: Այսինքն՝ ներկայացումները, համերգները, դրանց հետ կապված այլ միջոցառումները տեղի են ունենում ցանկացած տարբերակով, իսկ դրանց էությունն ու բովանդակությունը կարող են խեղաթյուրվել բոլոր ասպեկտներով:

 

Պարոն Թումանյանը իրավացիորեն գտնում է, որ, առանց գաղափարախոսության հստակեցման, առանց մոդելի ընտրության, կայանալիք մրցույթը մեզ տանելու է ոչ մի տեղ, ավելի ստույգ՝ տաճար չի տանելու:

 

Մենք համաձայն ենք մաեստրոյի դիտարկումներին և համոզված, որ թվարկվածներից միայն առաջին մոդելի փաստարկված-մշակված ռազմավարությամբ է հնարավոր օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին մեր մշակութային կյանքում համակարգաստեղծ գործառույթ ու բովանդակություն հաղորդել: Ուստի առաջարկում ենք հետաձգել տնօրենի մրցույթը և քննարկումների միջոցով ձևակերպել առաջին մոդելի հայեցակարգը: Մենք նաև համոզված ենք, որ մշակույթի ոլորտում ազգային-պետական քաղաքականությանը հակացուցված են ժամանակավոր, իրավիճակային լուծումները»,- ասաց Աղվան Վարդանյանը: