կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-20 14:39
Տարածաշրջան

Էրդողանը բոլորի հույսերը սպառեց, բայց ինքն էլ սպառվեց. Հասան Ջեմալ

Էրդողանը բոլորի հույսերը սպառեց, բայց ինքն էլ սպառվեց. Հասան Ջեմալ

 

Հոդվածը ներկայացնում ենք հատվածաբար:

 

Թայիփ Էրդողանը, «պետությունը ես եմ» ասելով, պետականացավ:

Ժողովրդավարության վրա «զինվորական արգելակը» դնելիս իր՝ «քաղաքացիական արգելակը» տեղադրեց:

Կաշառակերության և կոռուպցիայի վերացման հարցում Թուրքիայի հույսերը կրկին խափանեց:

Իսկ ի՞նչ կլինի, եթե Էրդողանը ընտրություններում հաղթի:

Էրդողանը ինչպե՞ս և որտեղի՞ց կարող է այլընտրանք ունենալ:

Թայիփ Էրդողանը բոլորի հույսերը խափանեց: Մանավանդ՝ ժողովրդավարության առումով:

Ժամանակի ընթացքում տեղի ունեցածները, հատկապես՝ Գեզին և դեկտեմբերի 17-ը, բացահայտեցին, որ Թայիփ Էրդողանի գեներում ո'չ ժողովրդավարության, ո'չ էլ օրինականության մշակույթ կա:

 

«Ալո´, Ֆաթի´հ» և «Ալո´, Մութաֆա´» (թերթերի խմբագիրներ, որոնց զանգելով` հրամայում էր լրագրողներին աշխատանքից հեռացնել) զանգերը ցույց տվեցին, որ Էրդողանի մտքում ազատ մամուլի հասկացություն գոյություն չունի:

Կարճ ասած՝ Էրդողանի բուն խնդիրը ժողովրդավարությունը չէ, այլ իր գերիշխանությունը, որը տարեցտարի պարզ դարձավ…

 

Էրդողանը վախենում է օրենքից:

Էրդողանը վախենում է ժողովրդավարությունից:

Էրդողանը փախչում է ժողովրդավարությունից և օրենքից, և չի ցանկանում ո´չ ազատ մամուլ, ո´չ էլ ազատ դատական համակարգ, որովհետև կաշառակերներին և գողերին ուզում է թաքցնել:

Իսկ ի՞նչ կլինի, եթե ընտրություններում հաղթի:

Եթե մարտի 30-ին 49 տոկոս քվե հավաքի ի՞նչ է լինելու:

Արդարացվա՞ծ է լինելու՝ ոչ:

Ժողովրդավարությունն ու օրենքը գետնով մեկ անելը հիմնավորվելո՞ւ են՝ ոչ:

Կաշառակերությունն ու կոռուպցիան արդարացվելո՞ւ են՝ ոչ:

«Միակ մարդը լինելու» կամ «պետությունը ես եմ» մտածելակերպը միայն կարող է իրականանալ ընտրությունների արդյունքում՝ ժողովրդի քվեարկությամբ, բայց այդժամ չի լինի ժողովրդավարություն, չի լինի օրենք:

 

Էրդողանը սխալվում է

Էրդողանին թվում է, որ, ընտրությունների արկղերից դուրս եկող քվեների մեծամասնությունը ստանալով, մաքուր դուրս կգա:

Էրդողանին թվում է` ընտրություններում հաղթելով՝ ժողովրդավարության և օրենքի խափանված հույսերը մոռացնել կտա:

Էրդողանին թվում է, որ ժողովրդավարության և օրենքի նկատմամբ՝ երկրի օրեցօր արթնացող պայքարը կկանգնեցնի:

Սխալվում է Էրդողանը, դրանցից ոչ մեկը չի լինելու: Եթե նույնիսկ ընտրությունների արդյունքում մի նոր «հաղթանակ» նվաճի, ոչնչի չի հասնելու:

Կարճ ասած՝ թեկուզ ընտրություններում հաղթի՝ Էրդողանը սպառվել է:

 

Հասան Ջեմալ

 

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի