կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-29 16:46
Արցախ

Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալի ամբողջական հոդվածը Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի վրա հարձակման թեմայով

Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալի ամբողջական հոդվածը Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի վրա հարձակման թեմայով

Akunq.net-ը թուրքերենից թարգմանաբար և առանց կրճատումների ներկայացնում է Հայոց ցեղասպանության գլխավոր ճարտարապետներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հոդվածը՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների թեմայով։ Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը Հայոց ցեղասպանությունը ճանաչած և այդ թեմայով գրքի հեղինակ թուրք մտավորականներից է։

Հասան Ջեմալ

«Երբեք մի մոռացեք, որ վաղվան ոչ թե մարտակոչերը կմնան, այլ՝ խաղաղության երգերը մենք պատմականորեն մեղավոր չենք լինի, որ մերժել ենք «Կեցցե՜ մահը» գոչել։

Առավոտյան սուրճն ըմպում եմ՝ հիանալով փաշա եղած պապիս հայրենի երկրով՝ Մեիս կղզով։ Գեղեցիկ է։ Արտակարգ լռություն․․․ Միջերկրական ծովի լազուր կապույտը․․․ Աշնան առաջին զեփյուռը․․․ Ներսս լեցուն է խաղաղությամբ։ Մեկ էլ այդ մշուշուտ կապույտի միջից խուսավարող ռազմանավն էլ որ չլիներ․․․ Վաղորդյան լռության մեջ, ներաշխարհիս միայնությանն ապավինելով, մտորում եմ․ այն դեպքում, երբ կարելի է այսպիսի գեղեցկությամբ կիսվել, երկու հեռավոր հարևան լինելուց ազատվել, մարտակոչերով հանդես գալն ի՞նչ է, եթե ոչ՝ նախնադարյան մտածելակերպ․․․

Կովկասում էլ են մարտակոչերն ականջ ծակում։ Ի՜նչ սրտաճմլիկ է։ Մտնում եմ Twitter ու կարդում հետևյալ տողերը․ «Ստամբուլում փախստականի կարգավիճակում ապրող և աշխատող առնվազն 100 հազար հայ կա, այստեղ նրանց վաստակածը զենք ու զինամթերք է դառնում հայերի համար և Ադրբեջանի դեմ ուղղվում․ դուրս վռնդենք այստեղի հայերին»։

«Երևանի հենց կենտրոնում պետք է հրթիռ ընկնի»։

Միակ բանը, որի վրա վստահ եմ, հետևյալն է․ երբ վաղը առավոտյան պոլսահայերը գնան իրենց խանութները բացելու, նրանք մի կերպ են առաջ շարժվելու։

Ամենուր պատերազմ, կրակ և բախումներ տենչող այս մարդիկ արդյոք որտե՞ղ և ի՞նչ պայմաններում են մեծացել։ Ի՞նչ կլինի, որ գեթ մեկ անգամ ձեր երկու հարևանների միջև ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն ցանկանաք, այդ խաղաղության համար միջնորդ դառնաք։ Այդ դեպքում կտեսնեք, թե աշխարհը որքա՜ն սքանչելի է դառնում բոլորի համար։

Հայ-ադրբեջանական բախումների ժամանակ աշխարհում միայն Թուրքիան աջակցություն հայտնեց պատերազմին։ Այն դեպքում, երբ բոլոր երկրներն ու միջազգային կազմակերպությունները զինադադարի կոչերով են հանդես գալիս, Թուրքիայի նախագահականը և թուրքական լրատվամիջոցները շարունակում են մարտակոչեր հնչեցնել։

Պատերազմը աղե՜տ է։

Մենք էլ դեմ հանդես գանք պատերազմին։ Իմ թվիթերյան էջում գրում եմ․

«Ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն՝ Կովկասում, ոչ թե պատերազմ, այլ՝ դիվանագիտություն, ոչ թե զենք, այլ՝ բանակցային սեղան, երկխոսություն հանուն խաղաղության․․․»։

Ապա սկսում եմ կարդալ այդ գրառմանս հետևանքով ինձ ուղղված հայհոյանքներն ու վիրավորանքները․

«Կամ էլ Ադրբեջանը հանձնենք, թող խաղաղություն լինի, ինչպես որ Ձեր պապն արեց․․․»։

«Դա քո հայ ընկերներին ասա՛»։

«Ձեր անունը Հանս փոխեք, որ գոնե Ձեր գյավուր լինելն ակնհայտ լինի»։

«Ստամբուլի կառավարության (նկատի ունի Մուդրոսի զինադադարի կնքումից հետո, մինչև Թուրքիայի Հանրապետության հռչակումը գործած օսմանյան իշխանություններին-Ակունքի խմբ) կողմնակիցներրի նման ես գրել։ Խաղաղության մանկիկ․․․»։

«Պապիկիցդ ամաչի՛ր»։

«Երբ Հայաստանին թուրքական հողերից շպրտենք, խաղաղությունն ինքնին կհաստատվի»։

«Սիկտի՜ր»։

«Խաղաղությունը, դիվանագիտությունը, բանակցություններն ու երկխոսությունը զենքի ուժով են միայն լինում․․․»։

«Թող Ալլահը դավաճանների տան օջախի վրա կրակ թափի, միգուցե դույզն-ինչ ուշքի գան»։

«Հայերի որջերն ենք մտնելու, որջերը․․․»։

«Պապո՜ւդ նման ես, Հասա՛ն Ջեմալ»։

«Անշուշտ մի օր դավաճաններից էլ հաշիվ կպահանջենք»։

Վերընթերցում եմ 2 տարի առաջ, 2018 թ․ հրապարակված գրքիս տողերը․

«Ստամբուլ, 9-ը փետրվարի, 2018 թ

Թերևս ամեն ժամանակաշրջանում էլ տառապել է պետք ապրելու համար․․․ Ինչպիսի՜ երկրում ենք ապրում։ Ազգայնամոլությամբ և իսլամիզմով տոգորված դեսպոտիզմը գրտնակի նման անցնում է ազատությունների վրայով։  Եւ մենք անկարող ենք դրա դեմ։ Քեզ հայրենիքի դավաճանության, ազգիդ թիկունքից հարվածելու մեջ են մեղադրում միայն նրա համար, որ համարձակվել ես Աֆրինի գործողությանը դեմ արտահայտվել, խաղաղության մասին խոսել։ Մինչև իսկ երկաթե ճաղերի հետևում ես հայտնվում այդ պատճառով։ Օյա Բայդարն անցյալ օրը լավ վերնագիր էր ընտրել T24-ում հրապարակված իր հոդվածի համար՝ «Մեղավոր ենք, որովհետև «Կեցցե՜ մահը» չենք աղաղակում»․․․

Այս օրերը կանցնեն վաղվան ոչ թե մարտակոչերը կմնան, այլ՝ խաղաղության երգերը։ Մենք պատմականորեն մեղավոր չենք լինի, որ մերժել ենք «Կեցցե՜ մահը» գոչել։

https://t24.com.tr/yazarlar/hasan-cemal/hic-aklinizdan-cikarmayin-yarinlara-savas-naralari-degil-baris-turkuleri-kalir,28171

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net