կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-29 15:52
Քաղաքական

Բաղրամյան պողոտան փակելը, որպես գործիք, այլևս իրեն սպառեց

Բաղրամյան պողոտան փակելը, որպես գործիք, այլևս իրեն սպառեց

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր Yerkir.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով «Ոչ թալանին» նախաձեռնության մեկշաբաթյա պայքարը Բաղրամյան փողոցում և տեղի ունեցող զարգացումները, նշեց, որ առանց սխալվելու հավանականության այժմ արդեն կարելի է փաստել, որ մի խումբ երիտասարդների «Ոչ թալանին» ինքնաբուխ քաղաքացիական նախաձեռնությունը պայմանավորված էր ոչ այնքան այն բանով, թե ինչու է բարձրանում էլեկտրաէներգիայ գինը, այլ ՀԷՑ-ի սխալ մենեջմենթի, երբ անգամ էներգետիկայի նախարարն օգտագործեց «գողություն, թալան» բառերը:

«Այսինքն` ընդվզման հիմնական դրդապատճառը արդարությունը վերականգնելն էր` ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկը թալանի, իսկ սպառողը կոմպենսացնի: Քանի դեռ անցկացվելու է աուդիտ, սպառողն իր գրպանի վրա չպետք է զգա հոսանքի թանկացումը, իսկ եթե փորձաքննությունը պարզի, որ իրականում թալանը փորձել են կոծկել սակագնի բարձրացմամբ, ուրեմն կառավարության կողմից այդ ընթացքում վճարված գումարները հետ կգանձեն ՀԷՑ-ից»,- ասաց նա:

Խոսրով Հարությունյանի համոզմամբ` ըստ արժանվույնս պետք է գնահատել այդ քաղաքացիական նախաձեռնությունը, քանի որ բոլորն ականատես են լինում հանրային կյանքի առողջացման լուրջ դրսևորումների: Պատգամավորն ընդունում է, որ առաջին օրը ոստիկանությունը կոշտ վարվեց, բայց նա առաջարկում է համեմատել, թե ինչ կլինի, եթե փակեն Փարիզի Շանզ Էլիզեն կամ Բեռլինի կենտրոնական պողոտան, ուր ոստիկանության արձագանքը, սովորաբար, ավելի կոշտ կլիներ:

«Բոլորս շատ զգուշորեն ու գուրգուրանքով ենք ուզում վերաբերվել այս` ոտքի կանգնող քաղաքացիական ինստիտուտին: Դա բոլորիս ձեռքբերումն է: Ինչպես ես նկատեցի, քաղաքացիական նախաձեռնության տղաները ըմբռնումով վերաբերվեցին նախագահի որոշմանը` անցկացնել աուդիտ ու բացահայտել թալանը: Ինձ դուր եկավ այդ տղաների պատասխանատվությունը: Նրանց քաղաքացիական կեցվածքը արդարացված է, և կարևոր է, որ նրանք չընկճվեն: Մարդիկ հայտարարեցին նստացույցի մասին, դա արեցին և ստիպեցին իշխանություններին հաշվի նստել իրենց հարցադրման հետ: Սա, անկասկած, առողջ հարցադրում է: Հիմա եկել է պահը, և երկարաշունչ քաղաքացիական այդ պայքարում առաջին հանգրվանը կարող ենք համարել ձեռքբերում: Բաղրամյան փողոցը փակելը, որպես գործիք, այլևս իրեն սպառեց, պետք է շարունակել ակտիվ քաղաքացիական պայքարը Ազատության հրապարակում` ցույցերի տեսքով: Եթե պարզվի, որ փափուկ բարձ է դրվում մեր գլխի տակ, նույն հաջողությամբ կարող ենք գալ, գրավել Բաղրամյան պողոտան, ընդ որում` ավելի երկարաշունչ որոշմամբ»,- ասաց Խոսրով Հարությունյանը` հավելելով, որ քաղաքացիական նախաձեռնությունն իր որոշմամբ ցույց տվեց, որ պատասխանատվությամբ է վերաբերվում այդ ինքնաբուխ նախաձեռնությանը: Իսկ եթե շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում, ուրեմն պետք է փոխվեն կարգախոսները:

Հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում ժողովրդի մի մասը մնաց Բաղրամյան պողոտայում, նա պատասխանեց, որ հանրության մոտ կա անվստահություն իշխանությունների նկատմամբ, իսկ ճգնաժամային պայմաններում այդ անվստահությունն ավելի է խորանում: Ըստ նրա` նախաձեռնության տղաները ընդգծված լիդերներ չէին, անփորձ էին, մյուս կողմից` Բաղրամյան պողոտան փակելն առաջ բերեց ակնկալիքներ, գուցե` անիրականանալի, դեր խաղաց երիտասարդական ավյունը, խանդավառությունը, ազատ, անկաշկանդ միջավայրը: Եվ, վերջապես, գտնվեցին մարդիկ, ովքեր փորձեցին օգտվել առիթից և այդ էներգետիկան ուղղել այլ ուղղությամբ, որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

«Պետք է պաշտպանել քաղաքացիական նախաձեռնության անդամներին, անպայման պետք է սատար կանգնել նրանց, որովհետև այդ շարժումը բոլորիս ձեռքբերումն է: Ինքս պատրաստ եմ այցելել նրանց Ազատության հրապարակ, խոսել նրանց հետ ու ոգևորել նրանց, որովհետև կարևոր է, որ քաղաքացիական հասարակության կայացումը չխեղվի, չխաթարվի, չդեֆորմացվի, որովհետև այս շարժումը մեծ ապագա է խոստանում բոլորիս»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Նա կարևորեց քաղաքացիական նախաձեռնության հետևողական լինելը, որպեսզի էներգետիկ ոլորտում պարզվի ամեն բան: