կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-13 15:22
Տնտեսական

ՏՏ ոլորտին պետական աջակցության օրինագիծն ունի քաղաքական բովանդակություն. վարչապետ

ՏՏ ոլորտին պետական աջակցության օրինագիծն ունի քաղաքական բովանդակություն. վարչապետ

ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնություններ ու պետական աջակցություն տրամադրելու ուղղությամբ օրինագիծ մշակելու գաղափարը ծնվել է դեկտեմբերին Դիլիջանում կայացած տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ինովացիոն տեխնոլոգիաների թեմայով ֆորումի ժամանակ: Եվ այն ժամանակ կառավարությունը խոստացել էր, որ կպատրաստի օրենքի համապատասխան նախագիծ ու կներկայացնի հանրությանը. կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցության մասին» նոր օրինագծի կարեւորությանը:

 

Վարչապետը շեշտեց, որ այս օրինագծի մշակման ու ներդրման հարցը քննարկվել է նաեւ հանրապետության նախագահի մոտ եւ արժանացել նրա հավանությանը, քանի որ այդ որոշումն ունի քաղաքական բովանդակություն:

 

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այս պահին իր զարգացածությամբ հասել է մի այնպիսի աստիճանի, որ անհրաժեշտ են որակական նոր փոփոխություններ, որպեսզի Հայաստանը ՏՏ համաշխարհային քարտեզի վրա' իր առանձնահատկություններով, իր հարաբերական առավելություններով, գրավի իր հատուկ տեղը»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

 

Վարչապետի կարծիքով' օրենքի այս նախագիծը, այլ գործիքակազմի հետ միասին, այդպիսի նախադրյալներ է ստեղծում: Տիգրան Սարգսյանը, մասնավորապես,  հիշատակեց վենչուրային հիմնադրամը, որի միջոցները նույնպես կարող են ուղղվել start up բիզնեսների ֆինանսավորմանը:

 

«Մենք այսօր, ձեզ հետ միասին, բացառիկ հնարավորություն ենք ստեղծում այդ ոլորտի համար' ազատելով բոլոր տիպի հարկերից, թողնելով միայն եկամտահարկ` ֆիքսված 10 տոկոսով, ազատելով շահութահարկից: Դա լրջագույն խթան է լինելու start up-ների համար: Այս ոլորտում, կարծում եմ, կապահովվի նաեւ նոր առաջընթաց»,- նշեց Տիգրան Սարգսյանը:

 

Վարչապետը համաձայնեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի առաջարկի հետ' օրենքը համարել անհետաձգելի ու համապատասխան ընթացակարգերն անցնել այդ ձեւաչափով, քանի որ այն սպասված է նաեւ ՏՏ ոլորտի կողմից:

 

Հիշեցնենք' կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցության մասին» նոր օրինագիծը, որով ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերությունները ազատվում են շահութահարկից, վճարում են ընդամենը 10 տոկոս ֆիքսված դրույքաչափով եկամտահարկ, ինչպես նաեւ ստանում են պետական աջակցություն' ներդրումների, դրամաշնորհների, տեխնիկական աջակցության եւ այլ ձեւերով: