կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-12 17:56
Քաղաքական

Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան

Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը բողոքարկելու` Շվեյցարիայի որոշումը հնարավորություն կտա, որպեսզի  դատարանի որոշման մեջ Ցեղասպանության մասին վիճահարույց հաստատումները սրբագրելու փորձ արվի. Yerkir.am-ին այսօր ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` դեկտեմբերի 17-ի որոշման մեջ, որով ՄԻԵԴ-ն արդարացրել էր Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար դատապարտված թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին, խնդրահարույց կետեր կային Ցեղասպանության մասին, որոնք, կարելի է ասել, հարցականի տակ էին դնում` 1948 թվականի  Ժնեւի կոնվենցիայով սահմանված «ցեղասպանություն» տերմինը Հայոց ցեղասպանության վրա տարածվո՞ւմ է, թե՞ ոչ:

 

Ըստ Մանոյանի` Շվեյցարիային համոզելը, որ անպայման բողոքարկի ՄԻԵԴ-ի որոշումը, համազգային ճիգի արդյունք է` բաներ կան, որ արվել են, բայց որոնց մասին չի խոսվել, սակայն մնացած հանգրվաններն էլ համազգային ճիգ են պահանջում, միասնական աշխատանք:

 

Թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն հայաստանյան ու սփյուռքյան կառույցների կողմից` հաջակցություն Շվեյցարիայի, Կիրո Մանոյանը նշեց, որ դեռ վաղ է դրա մասին խոսել, քանի որ նախ` ՄԻԵԴ-ը պետք է Շվեյցարիայի բողոքն  ընդունելու որոշում կայացնի, հետո` որոշի, թե ինչ ձեւաչափով է ընթանալու բողոքի քննարկումը: Դրանից կախված կլինի' հայկական կողմը` Հայաստանը կամ սփյուռքյան կառույցերը, հնարավորություն կունենա՞ն դատարանում որպես շահագրգիռ կողմ հանդես գալու, թե՞ ոչ:

 

ՄԻԵԴ-ի կողմից բողոքարկման դիմումն ընդունելու շանսերի կապակցությամբ Մանոյանը նշեց, որ տեսականորեն դա հնարավոր է, որովհետեւ բավական լուրջ խնդիր է, նաեւ հույս հայտնեց, որ բողոքը կընդունվի, քանի որ հենց նույն հիմնավորումներով է հաջողվել Շվեյցարիային համոզել, որ բողոքարկման դիմում ներկայացնի:

 

Հիշեցնենք, որ թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, որին  Շվեյցարիայում դատապարտել էին Հայոց ցեղասպանության ժխտման համար, դիմել էր Եվրադատարան: Շվեյցարիայի վերաքննիչ դատարանի կողմից նույնպես մեղավոր ճանաչված Փերինչեքը ՄԻԵԴ-ին ուղղված նամակում փորձել էր պաշտպանվել' պնդելով, որ խախտվում է խոսքի իրավունքի 10-րդ և «Առանց օրենք չի կարող մեղադրանք լինել» օրենքի 7-րդ հոդվածները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի' դեկտեմբերի 17-ի վճիռով Փերինչեքն արդարացվել էր:

 

Հայաստանի եւ Սփյուռքի բազմաթիվ կառույցներ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով  վճիռը բողոքարկելու հորդորով դիմել էին Շվեյցարիայի կառավարությանը,  քանի որ ենթադրվում է, որ այս գործով Եվրադատարանի որոշումը նախադեպ կհանդիսանա մյուս երկրների համար, որոնք ցանկանում են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունել իրենց երկրում: