Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մի քանի ժամից ՄԻԵԴ-ում մեկնարկելու է «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի քննությունը։ Այս գործում Հայաստանը ներգրավված է որպես երրորդ կողմ:
ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը «Երկիրն այսօր»-ի հետ զրույցում նշել է, որ Ֆրանսիայի կառավարությունը Շվեյցարիայի կողքին է, եւ Ֆրանսիան նույնպես, որպես կողմ, պետք է ներկայացնի իր տեսակետը։ «Ինչ էլ լինի արդյունքը, եթե որեւէ մեկը ժխտողական հայտարարություն անի դատավարության ժամանակ, Թուրքիայի կառավարությունը վստահաբար կօգտագործի այն` որպես ժխտողական քաղաքականության մի մաս եւ 100-ամյակի տարվա ընթացքում կօգտագործի մեր դեմ»,- ասել է Փափազյանը:
Ֆրանսիայի հայկական համայնքը թեմայի վերաբերյալ զրուցել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։
«Բացատրեցինք, որ մեր դիմաց կա Փերիչեքը, կա թուրքական կառավարությունը: Եվ բացատրեցինք, որ Ֆրանսիայի զորակցության կարիքն ունենք, որպեսզի ուժ հաղորդի Շվեյցարիային: Եվ Օլանդը շատ հանգիստ, արագորեն ընդունեց, որ Ֆրանսիան պետք է մեզ հետ լինի: Եթե վճիռը մնա ի նպաստ Փերինչեքի, կնշանակի, որ Եվրոպայի մեջ այլեւս չեն կարող հակաուրացման օրենքներ ընդունվել, եթե շահենք, Եվրապայի մեջ պետք է օրենքներ ընդունել Հայոց ցեղասպանությանը ժխտման դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է Փափազյանը։
ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանն էլ, անդրադառնալով «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի վերաքննությանը, նշել է, որ հայկական ոչ կառավարական կազմակերպությունների ձեւավորած խումբն է նաեւ ներկայացնելու իր տեսակետները։ Ավելին` այդ խմբի թղթածրարի տակ կա նաեւ թուրքական կազմակերպության ստորագրություն։
«Անգամ Թուրքիայում մարդու իրավունքների հարցերով զբաղվող ամենահեղինակավոր կազմակերպությունն է ստորագրել այն թղթածրարի տակ, որով Թուրքիայից պահանջվում է իսկական ժողովրդավարություն եւ իսկական անաչառություն։ Արդարություն չի կարող լինել այդ երկրում, եթե ինքը չհաշտվի իր պատմության հետ եւ չընդունի Ցեղասպանության իրողությունը»,- ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամը։
«Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով, որպես երրորդ կողմ, ներգրավված է նաեւ Թուրքիան: 2007թ. մարտի 9-ին թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքին Շվեյցարիայի Վո կանտոնի դատարանը վճռել էր ենթարկել ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վո կանտոնի դատարանը եւ Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի այդ դատավճռի դեմ ներկայացված բողոքը: Սակայն 2013թ. դեկտեմբերի 17-ի իր որոշման մեջ ՄԻԵԴ-ի իրավասու պալատը որոշում էր կայացրել, ըստ որի՝ Շվեյցարական դատարանի վճռով խախտվել է բողոքարկողի ինքնաարտահայտման ազատությունը:
Որոշ տեղեկությունների համաձայն` թուրքերն ակցիաներ են նախաձեռենում, սակայն Մուրադ Փափազյանը նշել է, որ դա հակատրամադրություն կարող է ստեղծել ՄԻԵԴ-ի դատավորների շրջանում։
Ի դեպ, հունվարի 28-ից սկսվող գործընթացը կարող է տեւել 6 ամիս։ Հարցը պետք է քննեն, արձանագրումներ անեն, եւ, Մուրադ Փափազյանի համոզմամբ, գործի քննության վերջնական լուծմանը կարելի է սպասել ամռանը, անգամ՝ աշնան սկզբներին։