կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-15 14:48
Իրավական

ՄԻԵԴ-ում հրապարակվեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը

ՄԻԵԴ-ում հրապարակվեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը

Քիչ առաջ ՄԻԵԴ-ի «Մեծ պալատը» հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը, որով մերժեց Շվեյցարիայի հայցը։

Ստրասբուրգում գտնվող թղթակիցը Tert.am-ին հայտնել է, որ համաձայն վճռի՝  շվեյցարական դատարանը սխալ է վարվել` Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկելով, սակայն Հայոց ցեղասպանության մասով ոչ հայանպաստ մի շարք ձևակերպումներ վճռից հանվել են կամ խմբագրվել Հայաստանի օգտին:

Այսպիսով` համաձայն ՄԻԵԴ-ի որոշման՝ Շվեյցարիայի դատարանների՝ Փերինչեքի դեմ հրապարակած դատավճիռը հակասում է խոսքի ազատության իրավունքին:

Նշենք, որ Եվրոպական դատարանի վճիռը հնարավոր է գործիք դառնա Հայոց ցեղասպանությունը ժխտողների ձեռքին:

Հիշեցնենք, որ 2008թ. Շվեյցարիայի դատարաններից մեկը դատապարտել էր Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։ Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, եւ 2013թ. Եվրոպական դատարանի ստորին պալատը որոշել էր, որ Շվեյցարիայի դատարանի վճիռը Մարդու իրավունքների կոնվենցիայի 10–րդ հոդվածի ոտնահարում է։

Շվեյցարիայի կառավարությունն, իր հերթին, դիմել էր ՄԻԵԴ` գործը ՄԻԵԴ-ի Մեծ պալատ փոխանցելու խնդրանքով, որը 2014թ. բավարարվել էր։ Հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատում տեղի են ունեցել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական լսումները:

Հայաստանն այս գործում ներգրավված էր որպես երրորդ կողմ, որպեսզի հնարավորություն ունենար Եվրոպական դատարանին ներկայացնելու ողջ հայության դիրքորոշումը ինչպես տվյալ գործի, այնպես էլ դատարանի առանձին ձևակերպումների վերաբերյալ:

Ստրասբուրգում Հայաստանը ներկայացնում էին ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի հիմնադիր, միջազգային հայտնի փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը, միջազգային հայտնի փաստաբաններ Ամալ Քլունին և Թոբի Քոլիսը: