Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄՄ անդամ երկրների ղեկավարների` մարտի 5-ին կայացած համաժողովում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր ուկրաինական ճգնաժամի հետ կապված առանձին հանդիպում անցկացնելու անհրաժեշտության մասին: Նազարբաևն իր այդ նախաձեռնությունը բացատրել էր «ընթացիկ իրավիճակում վտանգավոր միտումների զարգացման անթույլատրելիության միջոցառումներ» մշակելու շուրջ քննարկումներ անցկացնելու հրատապությամբ` առանց բացահայտելու, թե ինչ է հասկանում` վտանգավոր միտումներ և «անթույլատրելիության միջոցառումներ» ասելով: Մարտի 5-ի համաժողովում որևէ ամփոփիչ փաստաթուղթ չընդունվեց, ինչը ցույց տվեց, որ Ռուսաստանին, ըստ էության, չէր հաջողվել ստանալ Ուկրաինայում իր վարած քաղաքականությանը Ղազախստանի և Բելառուսի անվերապահ աջակցությունը: Նազարբաևը, ըստ էության, չի թաքցնում իր բացահայտ դժգոհությունը ուկրաինական հարցում Պուտինի որդեգրած քաղաքականությունից: Պատահական չէ, թերևս, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում, ըստ Ղազախստանի նախագահի աշխատակազմի հրապարակած պաշտոնական հաղորդագրության, Նազարբաևը հաստատել է Ուկրաինայի ճգնաժամը դիվանագիտական մեթոդներով խաղաղ հանգուցալուծելու անհրաժեշտությունը` «ապահովելու համար այդ երկրի տարածքային ամբողջականությունը և նպաստելու համար բոլոր շահագրգիռ կողմերի դիրքրոշումների մերձեցմանը»:
Փաստորեն, պաշտոնական Աստանան Ուկրաինայի կազմից Ղրիմի անջատման և ՌԴ-ի կազմում ընդգրկվելուն ուղղված ներկայիս քայլերը որակում է որպես Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններ կամ, որ նույնն է, արտաքին ագրեսիա: Երկրորդ` խոսելով «բոլոր շահագրգիռ կողմերի հետ» բանակցությունների անցկացման անհրաժեշտության մասին` ակնհայտորեն նկատի ունի նաև Ուկրաինայում հեղափոխության արդյունքում ձևավորված նոր իշխանություններին, որոնց լեգիտիմությունը Մոսկվան ճանաչել չի ցանկանում: Նազարբաևն անուղղակիորեն Պուտինից պահանջում է համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և ճանաչել ուկրաինական նոր իշխանություններին: Այս իրողությունը հաստատվում է մեկ այլ փաստով ևս: Նազարբաևը հեռախոսազրույց է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրա պաշտոնական կայքում այս մասին հրապարակված հաղորդագրության մեջ բառացիորեն նշվում է հետևյալը. «Նուրսուլթան Նազարբաևն ընդգծել է, որ Ղազախստանը` որպես ռազմավարական գործընկեր, ըմբռնումով է մոտենում Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների իրավունքները և իր երկրի անվտանգության հարցում հետաքրքրությունները պաշտպանելու` Ռուսաստանի դիրքորոշմանը»: «Ըմբռնումով մոտենալն» հաստատապես այն ձևակերպումը չէ, որ կցանկանար իր ռազմավարական գործընկերոջից ստանալ Մոսկվան:
Ղազախստանի անհանգստությունը միանգամայն բնական է: Ուկրաինայում տեղի ունեցողը ցույց է տալիս, որ ցանկացած պահի նրա վիճակում կարող է հայտնվել հետխորհրդային երկրներից յուրաքանչյուրը, առաջին հերթին` հենց Ղազախստանը: Այդ երկրում մեծ թվով ռուսներ և ռուսախոս ազգաբնակչություն է ապրում: Թե' Ղազախստանը, թե' նման խնդիր ուենցող որևէ այլ երկիր այլևս երաշխիք չունեն, որ էթնիկ ռուսների իրավունքները պաշտպանելու պատճառաբանությամբ Մոսկվան արտաքին ագրեսիա չի իրականացնելու կամ առնվազն դա Ղազախստանի ներքին գործերին միջամտելու լծակ չի դարձնելու: Ուկրաինական դեպքերը հետխորհրդային երկրներին համոզում են, որ նախադրյալներ են ստեղծվում նրանցից յուրաքանչյուրի ինքնիշխանությունը սահմանափակելու համար: Եվ ահա Նազարբաևը փորձում է իր նկատմամբ ուկրաինական սինդրոմի կրկնության բացառման երաշխիքներ ստանալ Կրեմլից:
Դրանով Ղազախստանը մեծ ծառայություն է մատուցում նաև Հայաստանի իշխանություններին, որոնք Մոսկվայից ինչ-որ բան պահանջելու կամ ակնկալելու ո'չ բավարար ռեսուրս ունեն, ո'չ էլ համարձակություն, թեև գտնվում են խոցելի վիճակում` հաշվի առելով երկրում ռուսական ռազմակայանի առկայությունը: Երևանի բախտը բերում է այնքանով, որ Կրեմլից առայժմ չեն պահանջում հստակ դիրքորոշում արտահայտել ուկրաինական ճգնաժամի և դրանում Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ: Անգամ դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի Երևանի վիճակը, եթե տենդագին կերպով միջազգային օժանդակություն փնտրող և չգտնող Մոսկվան սկսի հույսը կապել Հայաստանի հետ: Այդ հեռանկարից առայժմ փրկում է երկու իրողություն: Նախ` այն հանգամանքը, որ Ռուսաստանը ձգտում է ոչ թե անկախացնել Ղրիմը, այլ այն դաշնային հանրապետության կարգավիճակով մտցնել իր կազմը: Ակնհայտ է, որ այստեղ աբխազական կամ հարավօսական սցենարի կրկնություն չի լինելու, և Հայաստանը ստիպված չի կանգնելու Ղրիմի սուվերենությունը ճանաչելու կամ չճանաչելու երկընտրանքի առջև: Սա հույս է ներշնչում, որ Երևանը կկարողանա «կաշին փրկել»` ընդհանուր բնույթի, ոչինչ չասող հերթապահ հայտարարություններ անելով: Եվ երկրորդը` Հայաստանը կարող է թաքնվել Ղազախստանի թիկունքում` հույսը դնելով այն բանի վրա, որ վերջինս գոնե այս անգամ կկարողանա Ռուսաստանից ստանալ թե' իր և թե' գործընկեր պետությունների ինքնիշխանությունը հարգելու համապատասխան երաշխիքները: Բանն այն է, որ, վերցնելով Ղրիմը, Ռուսաստանը կարծես համակերպվում է Ուկրաինան որպես տնտեսական տարածք կորցնելու, այսինքն` Կիևին Եվրասիական տնտեսական միություն ներքաշելու հնարավորությունից զրկվելու մտքի հետ: Ուկրաինայի բացակայությամբ Ղազախստանի դերը Մոսկվայի համար դառնում է անգնահատելի, որովհետև եթե Ղազախստանը ևս հրաժարվի Եվրասիական միություն ստեղծելու հեռանկարից` պուտինյան ինտեգրացիոն պրոյեկտները և նոր տիպի Խորհրդային Միություն ստեղծելու մտադրությունը վերջնականապես հօդս կցնդեն` էլ ավելի խորացնելով Ռուսաստանի միջազգային մեկուսացումը: Պատահական չէ, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրելու համար հենց Ղազախստանի և հենց Նազարբաևի վրա է խաղադրույք կատարում: Եթե վերջինիս չհաջողվի խափանել Ուկրաինան մասնատելու` Ռուսաստանի ծրագիրը, գոնե կփորձի ՄՄ և ԵՏՄ երկրների «ապահովագրության» խնդիր առաջադրել, որից կարող է օգտվել նաև Հայաստանը, թեև, իհարկե, նման երաշխիքներին վստահել հնարավոր չէ` հաշվի առնելով թեկուզ այն հանգամանքը, որ հենց Ռուսաստանն էր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ համատեղ ստանձնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու երաշխավորի դերը: Բոլոր դեպքերում դա թեթև հույս է ներշնչում, որ եվրասիական ինտեգրացիոն նախագծերում Հայաստանը ոչ թե վասալի կամ ֆորպոստի կարգավիճակով կընդգրկվի, ինչպիսի դեր, կարծես, վերապահվում էր նրան մինչև վերջին զարգացումները, այլ քիչ թե շատ սուվերեն պետության: Ըստ այդմ` եթե ոչ հրապարակավ, ապա գոնե կուլիսային մակարդակով Երևանը պետք է աջակցի Ղազախստանի դիմադրողական կեցվածքին:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ