Փոխարժեքներ
13 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Yerkir.am-ը ուսումնասիրել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կայքը և պարզել է մի հետաքրքիր տեղեկատվություն, ըստ որի` համալսարանի առկա ուսուցման համակարգում ուսանողների թիվը 2025 թվականի հունվարի 3-ի դրությամբ կազմում է շուրջ 2533:
Ըստ համալսարանի պաշտոնական տեղեկատվության` միասնական քննությունների արդյունքում առկա ուսուցման համակարգ 2021 թ. ընդունվել է 90, 2022 թ.՝ 41, 2023 թ.՝ 60 դիմորդ: Անցած տարի ընդունվել է 52 դիմորդ:
Ստացվում է, որ 2021-2024 թթ. ագրարային համալսարան ընդունվել է ընդամենը 243 դիմորդ: Եվ թե ինչ հրաշքով է 243 ուսանողը 2025 թվականի հունվարի 3-ին դարձել 2533, թերևս կիմանան միայն ԿԳՄՍ նախարար, ակադեմիական քաղաքի կառուցման երախտավոր Ժաննա Շինարարն ու ռեկտոր Հրաչյա Զաքոյանը:
Yerkir.am-ը հարցում է ուղարկել ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին` խնդրելով ներկայացնել, թե 2025 թ. հունվարի 3-ի դրությամբ ըստ կուրսերի ո՞ր մասնագիտություններում է սովորում առկա համակարգի 2533 ուսանողը:
Ըստ նախարարության պատասխանի՝ հարցը ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասության շրջանակում չէ, և մեզ առաջարկում են դիմել բուհին: Քանի որ էկոնոմիկայի նախարարությունում ուղարկված հարցման բովանդակության ընկալման հետ խնդիրներ կան՝ Գևորգ Պապոյանին առաջարկում ենք կուսակրոնության թեմաներից զատ նաև զբաղվել իր ենթականերով և հանձնարարել պաշտոնական գրություններ ուղարկելիս ֆիկտիվ պատասխաններ չգրել:
Նախ Yerkir.am-ը էկոնոմիկայի նախարարությունից, առավել ևս Հայկազ Նասիբյանից որևէ տեղեկատվություն չի ուզել: Մենք տեղեկատվություն ենք ուզել փոխնախարար Արման Խոջոյանից, որն իր պաշտոնի բերմամբ է հայտնվել ագրարայինի հոգաբարձուների խորհրդի նախագահի աթոռին: Իսկ ինչ վերաբերում է Խոջոյանին, ապա հրապարակավ առաջարկում ենք հրապարակել առկա համակարգի 2533 ուսանողների մասնագիտություններն ու կուրսերը: Այլապես համալսարանի կայքում ներկայացված տվյալը կապ չունի իրականության հետ: Ի դեպ, մի անբովանդակ պատասխան էլ ստացել էինք սանտեխնիկայի բնագավառում հայտնի տիկին Ժաննայի ղեկավարած հիմնարկից: