կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-10 17:40
Առանց Կատեգորիա

Հայաստանը փորձում է կանխե՞լ իր թիկունքում հյուսվող դավադրությունը

Հայաստանը փորձում է կանխե՞լ իր թիկունքում հյուսվող դավադրությունը

Հունիսի վերջին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցից հետո, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված, պաշտոնական Երևանի դիրքորոշումներում հետաքրքիր փոփոխություններ են նկատվում:

 

Լավրովի այցից ուղիղ մեկ շաբաթ անց Երևանում ՀՀ ՊՆ-ի, ՀԱՊԿ-ի, քաղաքական գիտության հայաստանյան և ռուսաստանյան ասոցիացիաների համատեղ կազմակերպած միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե ԼՂ հակամարտությունը միակն է աշխարհում, որտեղ առանց խաղաղարար ուժերի տեղակայման հարաբերական խաղաղությունը պահպանվում է կողմերի միջև հավասարակշռության ապահովման միջոցով և ընդգծեց, թե այս պահին շփման գծում խաղաղապահների տեղակայումը Հայաստանի համար ընդունելի չէ: Իսկ երեկ, այցելելով հայ-ադրբեջանական` նախիջևանյան սահմանագծի հայկական մի քանի հենակետեր, Սեյրան Օհանյանը ոչ միայն կոնկրետացրել է այս միտքը, այլև արել ևս երկու հավելյալ և շատ ուշագրավ դիտարկում: Նախ` նա նշել է, թե հնարավոր չէ հայկական կողմին միակողմանի զիջումներ պարտադրել: Ապա, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` օրերս արած թվիթերյան գրառմանը, թե ղարաբաղյան ստատուս քվոն գնալով վտանգավոր է դառնում, ավելացրել է, թե միջնորդները ճիշտ կանեն` մտածեն ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման ճանաչման և ԼՂՀ-ն բանակցությունների կողմ դարձնելու ուղղությամբ: «Հարցի լուծման վերջնագծում կարող է այնպես լինել, որ Հայաստանը ԼՂՀ-ի հետ նորից սկսի զրոյից»,- ասել է Օհանյանը:

 

Դրան զուգահեռ Հարավային Ամերիկայում տարածաշրջանային այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արգենտինական Nacion պարբերականին տված հարցազրույցում, պատասխանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ժամանակակից հարձակողական տեխնիկա վաճառելու մասին հարցին, բառացիորեն ասել է հետևյալը. «Դա մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին։ Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանն այնքան ուժ և ունակություն ունի, որ կարողանա պաշտպանել իր սահմանը։ Թեեւ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, ես չեմ կասկածում, որ մեզ համար դժվար իրավիճակում Ռուսաստանը կկատարի ստանձնած պարտավորությունները»։

 

Դատելով հայտարարություններից` կարելի է փաստել, որ պաշտոնական Երևանը այս շրջափուլում անհրաժեշտ է համարում կատարել չորս հիմնական շեշտադրում: Առաջին` հայկական կողմը դեմ է ԼՂ հակամարտության գոտում որևէ խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման, այսինքն` ստատուս քվոյի որևէ փոփոխության: Երկրորդ` Հայաստանը ոչ միայն արդեն ակնարկում, այլև, ըստ էության, պնդում է Լեռնային Ղարաբաղին ճանաչել որպես հակամարտության կարգավորման լիարժեք կողմ և ներգրավել բանակցային գործընթացում: Երրորդ` Հայաստանը ԼՂ հարցում որևէ միակողմանի զիջման չի գնալու, որ ուժային կենտրոնից էլ այդ հնարավոր պահանջը ներկայացվի: Եվ չորրորդ` ԼՂ հակամարտության պարգավորման գործընթացում Ռուսաստանն ավելի շատ պարտավորություններ, քան իրավունքներ ունի, և Երևանը հույս ունի, որ իրավիճակի սրման դեպքում Մոսկվան կգործի այդ պարտավորություններին համահունչ: Շեշտադրումներն արվում են հայաստանյան իշխանություններին ոչ բնորոշ համարձակությամբ և կոնկրետությամբ, ինչն ինքնին, որքան զարմանալի է և ոգևորող, նույնքան էլ մտահոգիչ է:

 

Նախ` պետք է հաշվի առնել, թե ի՞նչ պայմաններում են դրանք արվում: Հունիսի 23-ին, երբ Լավրովը դեռ Երևանում էր, Կրեմլի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Հուլիսի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է անվտանգության խորհրդի նիստ, որի մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվում: Պարզ է, որ նման բան կարող է տեղի ունենալ միայն ծայրահեղ անհրաժեշտության և խիստ արտառոց պայմաններում: Դրան նախորդում և հաջորդում են Հայաստանի ղեկավարների ինտենսիվ այցերը Լեռնային Ղարաբաղ, ապա ԼՂՀ արտգործնախարարը հրավիրվում է Հայաստան, տեղի է ունենում հայկական երկու պետությունների արտգործնախարարների հանդիպումը, որի մասին միայն հերթապահ, շաբլոնային հաղորդագրություն է տարածվում: Եթե այս ամենին ավելացնենք Ռուսաստանի քաղաքագիտական և փորձագիտական շրջանակներից ավելի ու ավելի հաճախակի դարձող ակնարկներն ու հայտարարությունները հակամարտության գոտում ռուսական խաղաղապահներ տեղակայելու մասին, ինչպես նաև Մոսկվայի ու Բաքվի միջև ընթացող կուլիսային ու հեռակա երկխոսությունը ԵՏՄ-ին Ադրբեջանի միանալու հնարավորությունների ու դրա դիմաց ԼՂ հիմնահարցի հետ կապված վերջինիս ներկայացրած պայմանների շուրջ, պարզ է դառնում, որ հայկական կողմի նման արտառոց պահվածքը և համարձակությունը պատահական լինել չեն կարող: Դրանք ավելի շատ մատնում են, որ Հայաստանը հարկադրված է նման կերպ արձագանքել իրողությանը` կանխելու համար  իր և ԼՂՀ-ի շահերին հակասող, անցանկալի պրոցեսների ծավալումը, որոնք տեղի են ունենում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ԼՂ հիմնահարցով պայմանավորելու` գրեթե բացահայտ միտումների համատեքստում:

 

Առաջին անգամ է, թերևս, որ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն թույլ է տալիս Ռուսաստանին հիշեցնել Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում ստանձնած պարտավորությունների մասին, բացահայտ կերպով դժգոհել Ռուսաստանից Ադրբեջանին զինելու կապակցությամբ, ինչը կարելի է պատկերացնել միայն այն դեպքում, եթե Երևանն իր թիկունքում հյուսվող դավադրության նշաններ է տեսնում, որից այլ ելք, քան դիրքորոշման կարծրացումը, ուղղակի չի տեսնում: Սա ոչ այնքան նախաձեռնողականության, որքան մտահոգության, եթե չասենք` հուսահատության արտահայտություն է:

 

Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միություն մտնելու որոշման շարունակ հետաձգմանը, հայտարարել է, թե մեկնում է Սոչի` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման, որից հետո միայն կարող է պատասխանել այդ հետաձգումների պատճառների մասին հարցերին: Բայց վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ամբողջությամբ կատարել է անդամակցության համար անհրաժեշտ` իրենից կախված բոլոր քայլերն ու պայմանները, ինչն ակնարկ է, որ հետաձգման պատճառները Հայաստանում չպետք է փնտրել: Երևանը, կարծես, փորձում է աստիճանաբար սրել այդ հարցը: Եթե իսկապես այս ամենի պատճառները թաքնված են ԼՂ հիմնահարցում, ապա չի կարելի բացառել, որ հայկական կողմի դիրքորոշման կարծրացման նպատակը իր ռազմավարական դաշնակցին հասկացնելն է, որ հանուն Մաքսային միությանն անդամակցելու, իրենք պատրաստ չեն զիջումների գնալ ԼՂ հարցում և կարող են հանրային քննարկման առարկա դարձնել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցը:

 

Բոլոր դեպքերում հայկական կողմի այս «դիվանագիտական կրակոցները» ցույց են տալիս, որ Հայաստանը հայտնվել է արտաքին քաղաքական չափազանց լուրջ մարտահրավերների առաջ:

 

Գևորգ Դարբինյան