Փոխարժեքներ
13 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Մեծանուն գրող Մկրտիչ Սարգսյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով վերահրատարակվել է նրա հայտնի գործերից՝ «Գրիգոր Նարեկացի» պատմավեպը: Գրքի հրատարակությունը հովանավորել են Ջավախքի հայորդիները, ովքեր, ի խոնարհումն Սուրբ Գրիգոր Նարեկացու հանճարի, ձեռնպահ են մնացել իրենց անունները հրապարակելուց: Գրքի խմբագիրն է բանաստեղծ, հրապարակախոս, ՀՀ ԱԺ երեք գումարումների պատգամավոր՝ Տաճատ Վարդապետյանը: Առաջաբանը գրել են Տաճատ Վարդապետյանն ու ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. Վահե Սարգսյանը: Գիրքը հրատարակության է պատրաստել գրողի որդին՝ բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը:
Ստորև ներկայացնում ենք գրքի առաջաբանը.
***
«Գրիգոր Նարեկացի» վեպը
2024 թ. լրացավ մեծանուն գրող Մկրտիչ Սարգսյանի (1924 թ., Ախալքալաք – 2002 թ., Երևան) ծննդյան 100-ամյակը: Հոբելյանական տարում վերահրատարակվում է նրա լավագույն գործերից մեկը՝ «Գրիգոր Նարեկացի» վեպը, ինչը թե՛ հարգանքի տուրք է գրողի հիշատակին, թե՛ հիանալի նվեր՝ ընթերցողին: 1989 թ. 20,000 տպաքանակով լույս տեսած վեպը մեծ իրադարձություն էր, և այն սպառվեց մեծ արագությամբ: Հետխորհրդային դժվարին տարիներին վեպը չվերահրատարակվեց, և այժմ լրացվում է այդ բացը:
Ստեղծագործությունը համարվում է կատարյալ, երբ գրողն ընթերցողին կարողանում է ոչ միայն տեղափոխել ներկայացվող ժամանակաշրջան, այլև պահել այնտեղ մինչև վերջ: Մկրտիչ Սարգսյանն այդ երջանիկներից է. մինչ Գրիգոր Նարեկացու մասին խոսելը նա հենց առաջին իսկ տողերով մեզ քաշում-տանում է Բագրատունյաց Հայաստան և զարմանալի վարպետությամբ ներկայացնում այն միջավայրը, որը ծնունդ տվեց հանճարին («Մինչև հայտնությունը»): «Ի՞նչ էր կատարվում աշխարհում հայոց մինչև Նարեկացու հայտնությունը, ինչպե՞ս նախապատրաստվեց նրա ծնունդը»՝ հարցադրումներով բացվում է Բագրատունյաց Հայաստանի փառաց պատկերները. պայքար Արաբական խալիֆայության դեմ, պետականության վերականգնում, երկրի, քաղաքների, վանքերի ծաղկում: Անին հռչակվեց մայրաքաղաք, աշխուժացավ տնտեսական ու մշակութային կյանքը: Այդուհանդերձ, հանգիստ չէր հայոց երկիրը. Սմբատ Զարեհավանցու սկիզբ դրած Թոնդրակյան շարժումը երկիրը փոթորկում էր, և այդ բախումների, արյունալի տեսարանների ու մղկտացող հոգիների կիզակետում ծնվում է Գրիգոր Նարեկացու խռովքը: Նախապայմա՞ն էր այդ ամենը, թե՞, միևնույն է, հանճարը ծնվել էր և երկնելու էր իր գործերը՝ Մկրտիչ Սարգսյանը տատանվում է պատասխանել. «Այսօր դժվար է ասել, թե Խոսրով Անձևացի եպիսկոպոսի որդի Գրիգորը՝ Գրիգոր Նարեկացի կդառնա՞ր, եթե չլինեին թոնդրակեցիների պայքարի տասնամյակները, թեև մեծ, հանճարեղ ածականները բոլոր դեպքերում նրա համար գոյականներ էին, աստվածատուր, բնածին իրենը, ինչպես սեփական մաշկը, ինչպես սեփական արյունը, ինչպես սեփական անունը…»:
Վեպի սյուժեն, բնականաբար, Գրիգոր Նարեկացու կյանքի ուղին է: Սակայն ասել, որ այն սոսկ կենսագրական վեպ է, մեծագույն անարդարություն կլինի: Վեպում խտացված են 10-րդ դարի Հայաստանի անցքերը, փոթորկուն իրադարձությունները, և առանցքում, բնականաբար, Թոնդրակյան շարժմամբ պայմանավորված իրադարձություններն են, արյունալի բախումներ, որոնցով հեղվում էր հայ հոգևորականի ու ռազմիկի, շինականի ու գյուղացու արյունը:
Ընդհանրապես, պատումն սկզբից մինչև վերջ լի է բախումներով, ընդ որում՝ ոչ միայն և ոչ այնքան ֆիզիկական. վեպի սկզբից՝ երիտասարդ Գրիգորիկի շուրջ տեղի ունեցող անցքերից (վանականների ու իշխանների հրահանգով կաքավող գեղեցկուհու դաժան սպանությունն Աղթամար կղզում և այլն), մինչև վեպի ավարտը («Մատյանի» ծնունդը և Նարեկացու մահը), դարաշրջանի հակադիր բևեռների, գաղափարների ու գաղափարախոսությունների, դասակարգերի, հոգևոր և աշխարհիկ շրջանակների, տիրապետող պատկերացումների, զգացմունքների ու դոգմաների, իրար դեմ ելած, իրար հետ հաշիվներ ունեցող հոգևորականների, զորականների ու շինականների բախման տեսարաններ են: Փոքր ու մեծ ողբերգություններ:
Շրջապատում՝ հայոց աշխարհի մոտ ու հեռու անկյուններում տեղի ունեցողը, որոնցից շատերի ականատեսն էր Գրիգորիկը, միանգամից բնակություն հաստատեց նրա հոգում. բախումներն իրենց դաժան տեսարաններով տեղափոխվեցին կամ, կարելի է ասել, ներխուժեցին երիտասարդ տաղերգուի ներաշխարհ՝ պատերազմ հայտարարելով Գրիգորիկի հոգում ի ծնե ապրող մարդկային բարձր հատկանիշներին, զգացմունքներ, որոնք կատարյալից ձգտում էին աստվածայինի:
Վեպի ողջ ընթացքում երիտասարդ Գրիգորիկը, այնուհետև՝ Գրիգոր Նարեկացին, բախման մեջ է գտնվում մարդկային սիրո և Աստծո հանդեպ տածած հավատի, նրան տված երդման միջև: Ողջ կյանքում աստվածային սիրով սիրում է Նարեկաշենին հարևան Մանակերտ գյուղի տանուտեր Սահակի աղջկան՝ Դրախտիկին, երիտասարդ ժամանակ գյուղի այգու մութ անկյուններում անգամ թաքուն հանդիպում նրան, սակայն չի կարողանում շրջանցել Նարեկավանքի ճգնակենցաղ միաբանության մեջ ունենցած իր կարգավիճակը, դրժել Աստծուն տված խոստումը. Գրիգորի և Դրախտիկի միջև կանգնած էր Աստված: Ու բախվում են իրար սերն ու հավատը՝ փոթորկելով Գրիգորի հոգին. «Եվ ինչու՞ են իրար խանգարում այս երկու աստվածությունները՝ սերն ու հավատը»՝ հարցնում է երիտասարդ Գրիգորիկը: Ու տառապանքից, Աստծո հետ ունեցած բանավեճից ծնվում են նրա անմահ տաղերը:
Գաղափարների բախման մեկ այլ օրինակ է Գրիգորի ու Կճավա վանքի վանական, աժդահա Մուշեղի հետ գաղափարական վեճը, որը ևս կարմիր թելի նման դրված է վեպի առանցքում: Մուշեղը հայտնի թոնդրակյան էր, որին դեպի Անի ճամփորդելիս Նախիջևանում հանդիպում է գուսան ներկայացող Գրիգորը: Եվ սկսվում է հակադրությունը՝ Գրիգորը, որը Նարեկավանքի վանահայր, իր սիրելի հայր Անանաիայի գաղափարակիցն ու ժառանգորդն է, ներկայացնում է եկեղեցու շահերը, Մուշեղը, որը թոնդրակյաններին որպես հայ աշխարհի կրոնական և աշխարհիկ կյանքի բարենորոգիչ գնահատող Կճավա վանքից էր, ծայրահեղ հակադրվում է թե՛ Գրիգորին, թե՛ հեռակա կարգով նաև հայր Անանաիային, ով արդեն տարածել էր իր հակաթոնդրակյան «Հակաճառությանց» իմաստասիրությունը: Սկսվում է չափազանց հետաքրքիր զարգացում. Գրիգորը մեծ մարդասեր է, հայասեր ու հայրենապաշտ, նա սարսափում է այն մտքից, որ կարող է հայը դուրս գալ հայի դեմ, ու հեղվի անմեղ շինականի, կանանց ու երեխաների արյունը: Նրա նրբազգաց հոգին չի դիմանում սարսափազդու տեսարաններին, երբ կրոնավոր և աշխարհիկ պետերը անխնա ոչնչացնում են թոնդրակյանների գյուղերը՝ չխնայելով անգամ կանանց ու պատանիներին: «Աստվա՜ծ իմ, ինչու՞ ես թույլ տալիս սպասավորներիդ կատարելու այս նախճիրը: Աստվա՜ծ, մի՞թե չես տեսնում այս ամենը: Իսկ եթե տեսնում ես ու լռում, ուրեմն դու…»: Եվ սկսվում է բախումը նաև Աստծո հետ, թեև Գրիգորը հաջորդ վայրկյանին իսկ սարսափում էր իր այդ քայլից:
Լինելով բոլոր ժամանակների մեծագույն մարդասերը՝ Գրիգորը բարեկամանում է Մուշեղի հետ, որի հետ լինում է շքեղաշուք Անիում, հիանում նորահռչակ քաղաքամայրի փառքով, Բագրատունյաց պալատներով, մոտիկից զգում հայոց արքա Աշոտ Ողորմածի շունչը, խորհում քաղաքի «բազմազգ» շուկայում տեղի ունեցող երևույթների մասին: Գրիգորը Մուշեղի հետ մասնակցում է նաև Անիի թոնդրակյանների գաղտնի հավաքներին, նրա հետ վերստին ճամփորդում Սյունյաց աշխարհ՝ թոնդրակյանների հայտնի Ավելադաշտ գյուղ, որտեղ ինքը և Մուշեղը բաժանվելով՝ հայտնվում են հակադիր ճամբարներում, ականատես լինում, թե ինչպես են Սյունյաց հոգևոր առաջնորդն ու աշխարհիկ զորապետերն ավերում գյուղը: Եվ կրկին բախում. Գրիգորը հիանում է Ավելադաշտի շինականների քաջագործություններով, հիանում Մուշեղի առասպելական ուժով, թոնդրակյանների առաջնորդ գեղանի Սաթենիկի աննկարագրելի գեղեցությամբ ու կամքով: Արդյունքում, գործած դաժանությունների համար Գրիգորը կշտամբում է Սյունյաց առաջնորդին, ինչի պատճառով հետագայում Նարեկավանք է հասնում Սրբազան հոր՝ Գրիգորի դեմ ուղղված ամբաստանագիր-նամակը: Գրիգորն Աստծո չափ սիրում էր նաև իր ժողովրդին, հայ մարդուն, և նրա աչքի առաջ գլխատվող ու նետահարվող ավելադաշտցի շինականները, անգամ տկլոր պարող և դեպի մահը նետվող թոնդրակյան կանայք, պատանիները աննկարագրելի դառնություն էին պատճառում Գրիգորին:
Եվ շարունակվում էր Գրիգորի հոգու մեծ ողբերգությունը. մի կողմում Աստված էր, Հայ Առաքելական եկեղեցին, Նարեկավանքն ու իր պաշտելի Անանիա ուսուցչապետը, մյուս կողմում՝ իմաստուն ու անխորտակելի կամքի տեր թոնդրակյան Մուշեղը, մորթվող հայ շինականը, որը ելել է պաշտելու մեկ Աստծու, Քրիստոսին համարում է սովորական մահկանացու, մերժում է Աստծո հետ միջնորդությունները՝ եկեղեցին, հոգևորականներին, խաչի պաշտամունքը. «….Մեկի թիկունքում աստծո, աստվածային ողջ ծառայությունն է, մյուսինը՝ շինական ժողովուրդը: Ես ու՞մ հետ եմ: Աստծուն երդվել եմ նրա սպասավորը դառնալ, ժողովուրդը երդում ընդունելու ո՛չ կարիք ունի, ո՛չ էլ ցանկություն: Ժողովուրդը երդում չպարտադրող սրբություն է: Ու՞մ տալ նախապատվությունը, ու՞մ հետ լինել: Երկուսն էլ թանկ, երկուսն էլ իրար ներհակ ու թշնամի: Երկուսին ծառայել միաժամանակ անկարելի է, իսկ նրանցից որին էլ ծառայես, մյուսի աչքին դավաճան ես հռչակվելու, թշնամի ես ճանաչվելու: Աստծո թշնամի՝ հոգեկործան մեղադրանք է, ժողովրդի թշնամի՝ բարոյական ինքնասպանության է հավասար: Ի՞նչ անել…»:
Եվ չմերժելով երկրորդը՝ մարդկային սերն ու երկրային կյանքի գեղեցկությունները, իր պաշտելի Դրախտիկին հավերժ պահելով սրտում («Սիրո վախճանը»), Գրիգորն ընտրում է առաջինը՝ Աստծուն տված երդումն ու երկնում իր հակաթոնդրակյան բանավեճը՝ «Թուղթը», որն ուղղված էր Կճավա ուխտին և իր սիրելի Մուշեղին:
Գրիգորի հոգու բախումները թեժացնում, նրանց վրա մեկ այլ ուղղությունից ներգործող ազդակներ էին ուղարկում նաև Նարեկավանքում տեղի ունեցող խժդժությունները: Նրա բնատուր տաղանդի ու հանճարի երկնած տաղերը չնայած մտել էին ամեն հայի սիրտն ու հոգին, իսկ ինքն արդեն Նարեկավանքում փոխարինել էր հայր Անանիային, այդուհանդերձ, անվերջանալի լրտեսումները, Կունձիկ և Խաչիկ աբեղաների մաշեցնող դավադրությունները, Վասպուրական աշխարհի առաջնորդ Ստեփանոս եպիսկոպոսին ուղղված ամբաստանագրերը, Գրիգորին թոնդրակյան լինելու մեջ մեղադրելը, ի վերջո՝ Դրախտիկի հանդեպ ունեցած սիրո բացահայտումն ու նրան շնանալու մեջ մեղադրելն իրենց գործն անում էին: Հռչակավոր Նարեկավանքը, որը ճգնակենցաղ միաբանների մենաստանն էր, Գրիգորի համար դարձել էր ճնշող, հեղձուցիչ, նրա հոգին կարոտ էր աստվածային սիրո և ճախրանքի: Եվ Գրիգորը հաճախ էր դուրս գալիս վանքից ու խոսում Վասպուրական աշխարհի, Վանա լճի զարթնող գարունների, բնության մեջ վազվզող գառնուկների ու ծովածիծաղ ալիքների հետ: Նման դեպքերում նրա մտահորիզոնում բացվում էին մանկության տեսարանները, վաղամեռիկ մայրը, որի դեմքը նա ձգտում էր վերականգնել իր հիշողություններում, բանադրված հայրը՝ Խոսրով Անձևացի եպիսկոպոսը: Մանկության վառ պատկերներին հաջորդողը, բնականաբար, իր պատանեկությունն ու երիտասարդությունն էր և իր մշտաբորբոք սերը՝ Դրախտիկը, որի պատկերը, ինչպես Մկրտիչ Սարգսյանն է նշում, վեհանում էր, խառնվում աստվածամոր պատկերին: Եվ մտորում էր Գրիգորը. «Դրախտիկն աստվածամոր եկվորյակն է, ուրիշ էլ ո՞վ կարող է լինել աստվածամոր նախատիպը, Դրախտիկը նույն կույս Մարիամն է, նույնը, միայն տեսանելի, շոշափելի, հասկանալի: Դրախտիկով ճանաչեցի քեզ, աստվածամայր, իսկ աստվածամորով պաշտեցի քեզ, Դրախտիկ….»:
Դրախտիկի հանդեպ սերը և նրան աստվամոր կերպարի հետ համեմատելը մյուս ծանրագույն մեղադրանքն էր, որը Նարեկավանքի որոշ վանականների կողմից ներկայացվում էր Գրիգորին: Այնպես, ինչպես մեղադրվեց ժամանակի մեծագույն ծաղկող Հուսիկը, որը, ըստ մեղադրանքի, Աղթամարի տաճարի աստվածամոր որմնանկարները ներկայացրել էր Վանա ծովում խեղդամահ արված կաքավող աղջկա ներշնչանքով ու նրա պատկերով:
Թոնդրակյանների մոլեգնած ապստամբությունները, նրանց դեմ հայ հոգևոր, աշխարհիկ վերնախավի ու զորապետերի, նրանց միացած արաբ ամիրաների զորքերի՝ թոնդրակյանների դեմ կիրառվող անխնա դատաստանները, իր բարեկամ Մուշեղի քաջագործություններն ու նրան օգնելու անզուսպ մղումները, տիրող սոցիալական անարդարությունները, ծանր հարկերի տակ տառապող գյուղացու անելանելի վիճակը, Ստեփանոս եպիսկոպոսի հետ այդ ամենի պատճառով լարված հարաբերությունները, Նարեկավանքում իր դեմ նյութվող նորանոր դավերը շարունակում էին փոթորկել Գրիգոր Նարեկացու հոգին, որում շարունակում էին մեծ բախումները: «….Իմ հոգին ուրի ցավ է կրծում: Ուրի՜շ… Իմ երկդիմի վիճակը, եթե կուզես ճիշտն իմանալ, իմ երկերեսանիությունը: Խաղում եմ հակաթոնդրակյան, բայց հոգով չգիտեմ, թե ում հետ եմ: Հայհոյում եմ թոնդրակյաններին, բայց ասում են, որ իմ տաղերով ջուր եմ լցնում նրանց ջրաղացին: Զարմանալի հետևողական եմ թոնդրակյաններին գաղափարական մեղադրանքներ հարուցելու մեջ: Սակայն ոչ ոք չի հավատում իմ հակաթոնդրակյան լինելուն: Սա մի այնպիսի տառապանք է, հայր սուրբ, որ իմ հոգին դարձրել է մեղքերի մի անքավելի շտեմարան» (հատված Կճավա վանքի միաբան Մուշեղի հետ վերջին զրույցից): Գրիգորի տառապանքի ու հոգու այս երկփեղկվածության արդյունքն էր նաև այն, որ Թոնդրակյան շարժման հիմնադիր Սմբատ Զարեհավանցու տեսիլքի հետ գիշերային զրույց-բանավեճում հանճարի դիրքերը թույլ էին. թեև արտաքուստ քննադատում, երբեմն պախարակում ու վիրավորում էր Զարեհավանցուն, սակայն դրանք շատ դեպքերում արհեստական էին, հերթապահ, այլ ոչ Նարեկացու հոգուց ծնված: Իսկ Գրիգոր Նարեկացու հոգում Աստծո հետ մեկտեղ բնակվում էր նաև աստծո կերպարով ստեղծված մարդը, հայն ու աստվածատուր հայրենիքը, որոնց դեմ գնալ նա չէր կարող, որքան էլ ինքն իրեն պարտադրեր ու պարտադրված լիներ դարաշրջանի կողմից: Նարեկացու հոգին վաղուց հատել էր դարաշրջանի սահմաններն ու դուրս եկել բաց տիեզերք. նա դեպի Աստված էր ձգտում, Աստծո հետ երկխոսության ու աստվածանալու:
Սակայն մեծ պոռթկումը դեռևս սպասեցնել էր տալիս: Հավանաբար հարկավոր էին նոր ողբերգություններ, որոնք չուշացան: Գրիգոր Նարեկացու ամենահավատարիմ ուղեկից տեր Հակոբը մի օր բերեց արաբ ամիրայի զորքերի ու հակաթոնդրակյան ուժերի դեմ վերջին կռիվը տված սիրելի Մուշեղի զոհվելու մասին լուրն ու ասաց, որ իր ջանքերով նրա մարմինը սայլով բերվել ու ամփոփվել է Նարեկավանքից ոչ հեռու: Հաջորդ ցնցող լուրը չուշացավ. Հակոբը հայտնեց, որ ավելի քան մեկ տասնամյակ առաջ Դրախտիկը ծննդաբերելիս մեռել է, սակայն ապրել է զավակը, որին Դրախտիկի թախանձանքով անվանակոչել են Գրիգոր: Ավելին, տանուտեր Սահակը, որի մոտ այժմ ապրում է նրա թոռ Գրիգորիկը, մտադիր է նրան հանձնել վանքին և սպասում է Գրիգոր Նարեկացու դրական որոշմանը: Լուրն սիտպեց գիշերով այցելել Վասպուրականի Մանակերտ գյուղի գերեզմանոցը, փարվել Դրախտիկի շիրիմին, դառնորեն հեկեկալ ու գերեզմանի խաչքարի առջև գիշերային լռության մեջ հանկարծ տեսնել իր պաշտելիին հարսանեկան շորերով:
Վանքից աննկատ հեռանալուց և Կճավա միաբանությունում հանգրվանելուց հետո մի օր եկավ նամակ. իր պաշտելի վանահայր Անանիան վախճանվել է: Նարեկացին իրեն հավատարիմ տեր Հակոբի օգնությամբ սիրելի վանահոր աճյունը տեղափոխեց Նարեկավանք և ամփոփեց Սբ. Աստվածածին և Սբ. Սանդուխտ եկեղեցիների արևելյան ժամատանը՝ Գրիգորի եղբոր՝ Հովհաննեսի շիրիմի հարևանությամբ: Կրկին փոթորկվեց Գրիգոր Նարեկացու հոգին. «Դու էլ գնացիր, հայր Անանիա, գնացիր… Հարազատներ, հոգեկիցներ այլևս չմնացին: Զարմանալի բան է կյանքը: ….Կար ժամանակ, որ ցանկություն ունեի հեռանալ այս աշխարհից, միանալ գնացող սրբազան մարդկանց: Հիմա, հիմա չեմ ցանկանում, քանզի «Մատյանն» է ինձ կյանքի կոչում: Հայր Անանաիան չգիտեր դրա մասին: Միայն դու գիտես, տեր, միայն դու, օգնական լեր, ավարտեմ իմ «Մատյանը», հետո… Հետո կհեշտանա մեռնելը: Հետո էլ մեռնել չի լինի, եթե կարողանամ ավարտել, էլ ի՞նչ մահ: «Մատյանը» չի թողնի մեռնել: Սիրելի Ուսուցչապետ, գոնե հիմա իմացիր, երբ մի քանի տասնյակ էջ արդեն հանձնել եմ թղթին»:
Թո՛ղ որ հռչակված հասնի ազգերին,
Ժողովուրդներին քարոզվի ի լուր,
Տպվի դռներին բանականության
Եվ զգայության սերմերի վրա դրոշմվի ամուր:
Ու թեպետ որպես մի մահկանացու՝ պիտի վախճանվեմ,
Բայց այս մատյանի հարակայությամբ կմնամ անմահ:
Բնականաբար, ընթերցողի մտապատկերում՝ մի ներքին համոզմունքով, այս պատմավեպն էլ ընկալվում է որպես Մկրտիչ Սարգսյան գրողի «հասարակության մատյանը»:
Նարեկացին ողբերգությունների գագաթնակետում էր, մեծագույն բախման ու պոռթկման նախօրեին: Եվ այդ կուլմինացիայի փուլում Նարեկացին վեճ ուներ Աստծո հետ. «Բայց ես վեճ ունեմ քեզ հետ, ով անվիճելի, անքննելի, անճառելի երկնային»: Նարեկացու հանճարը երկունքի ցավերով էր: Գրողը վեպի վերջին՝ «Մատյանի» ծննդյան բաժինն անվանել է «Արարում»: Շռնդալից ու հյութեղ է նրա՝ «Մատյանի» ծննդյան տեսարանը, Նարեկացու ներքին խոռվքը նկարագրող խոսքը. «Ոգևորությունն անսահման է, ներշնչանքն՝ անհատնելի: Ժամանակը կանգ է առել՝ գիշեր-ցերեկ չկա: Քուն ու արթնություն խառնվել են իրար: ….«Մատյանը» հրամայում է: Չի տեսել նման խանդավառություն, որ ամբողջովին կլաներ իր էությունը: Մագաղաթի առջև բացվում է հոգին: Իսկ հոգում ցավի ու մեղքի, խղճի ու զղջման, աղաչանքի ու ընդվզման անչափելի կուտակումներ կան»: Եվ ծնվեց «Մատյանը», որն ամենքինն էր. «Ամեն ոք իր մատյանն ունի իմ «Մատյանում»: ….Հարկավոր է բարձրացնել մարդուն: Մարդը առաքինությամբ և կատարելությամբ պետք է, պարտավոր է մոտենալ աստծուն»:
Շարադրանքն ավարտվում է Գրիգոր Նարեկացու՝ հայ ժողովրդի մասին մտորումներով, որտեղ վեր է խոյանում նաև հանճարի հայապաշտ ու հայրենապաշտ կերպարը. «Ես հայրենիքի կենաց համար եմ հյուսում իմ «Մատյանը»: Ազգի, ժողովրդի կենսունակությունը տեսնելով միասնական մտածողության, հավաքական ուժի, ժողովրդական ազնվության և հավատի ամրության մեջ: ….Փոքր է հայ ժողովուրդը, ինչպես փոքր են ոսկին և ադամանդը: Ես կցանկանայի դառնալ ձգվող նրա ճանապարհի լույսերից մեկը: ….Ես հավատում եմ հայ ժողովրդին, քանզի քրտինք թափելը նա գերադասում է արյուն թափելուց: Պաշտպանվելը՝ հարձակվելուց: Աշխատելը՝ կողոպտելուց: Գոյատևելը բնական և բանական արդյունքն է այս ամենի, և հայ ժողովուրդը կհասնի հեռավոր գալիքին: Ցանկությունս՝ ժողովրդիս անմահությունն է: Իսկ իմ գործի անմահությունը՝ նրա անմահությունը»:
Եվ ահա հազարամյակից ավել է, ինչ հայ ժողովուրդը պաշտում է «Մատյանը»՝ վերանվանելով այն «Նարեկ»: Նարեկացու հանճարի ծնունդ «Մատյանը» հարուրամյակներ շարունակ զորավիգ է եղել հայ ժողովրդին, մտել ամեն հայի տուն, դարմանել ցավերն ու ամոքել վերքերը: Հայ մարդը հավատում է «Նարեկի» հրաշագործ զորությանը, քանզի իր ներքին ձայնով ձգտում է կատարելության, Աստծո հետ երկխոսության, ձգտում է առ Աստված՝ այնպես, ինչպես ինքը՝ Գրիգոր Նարեկացին:
Վեպը մեզ մոտեցնում է Նարեկացուն, նրա խորախորհուրդ էությանը: Ընթերցողն ակամայից զրույցի, բանավեճի մեջ է մտնում Նարեկացու հետ, նրա հետ սկսում որոնել ճշմարտությունը: Ավելին, կարճ ժամանակ անց՝ ընթերցողն անկախ իրենից դառնում է Նարեկացու՝ Աստծո հետ զրույցների ու բանավեճի մասնակիցը, և ձևավորվում է մի յուրօրինակ «բանավիճային եռանկյունի», որի գագաթներից մեկում հայտվում է նաև ընթերցողը: Արդյունքում՝ ընթերցողը Նարեկացու միջոցով զրուցում է նաև Աստծո հետ, մոտնում նրան: Սա է նաև վեպի խորությունը:
Մկրտիչ Սարգսյանը ստեղծել է Գրիգոր Նարեկացու հանճարին վայել շարադրանք, ներկայացրել ոչ միայն Նարեկացուն ու նրա ոգեղենությունը, այլև նրա ժամանակաշրջանը, թափանցել պատմական անցքերի խորքը, վերլուծել ժամանակաշրջանի խոշոր դեմքերին, տիրող բարքերը, պատկերել հայ ժողովրդական ծեսերը, սովորույթները, արքայի, իշխանների ու զորապետերի, հոգևոր դասի, հասարակ շինականի կյանքն ու կենցաղը, Հայաստանի բնաշխարհն ու գեղեցկությունը, նրա վանքերն ու պաշտամունքի վայրերը:
«Գրիգոր Նարեկացի» վեպը հոգևոր անսպառ շտեմարան է, դեպի Նարեկացուն, դեպի կատարելությանը ձգտող մարդու սեղանի գիրք: Բարի երթ նրա երկրորդ ծնունդին:
Տաճատ Վարդապետյան
ՀՀ ԱԺ չորրորդ, հինգերորդ և վեցերորդ գումարումների պատգամավոր, տնտեսագետ
Վահե Սարգսյան
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ.