Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, լրագրողների հետ զրույցում խոսել է Հայաստանի տնտեսության, առաջիկա անելիքների ու խնդիրների մասին: Նշենք, որ սեպտեմբերին նախատեսված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Չինաստան, որտեղ պետք է քննարկվի կարևոր հարց` Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Չինաստանի հետ Հայաստան-Իրան երկաթգծի վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ եղել են նախարարների ու փոխնախարարների մակարդակով, եղել են բազմաթիվ քննարկումներ: Վարչապետի այցը Չինաստան աշխատանքային է լինելու, և Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հարցը քննարկվելու է Չինաստանի վարչապետի հետ: «Այն ընկերությանը, որը կարող է կառուցել այդ երկաթգիծը, ես առաջարկելու եմ կոնկրետ մոտեցումներ ու կոնկրետ լուծումներ: Այդ երկաթթգծի կառուցումը մեր երկրի տնտեսության համար շատ կարևոր գործընթաց է լինելու»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ուղիղ ներդրումները զգալիորեն նվազել են, մասնավորապես` Ռուսաստանն է բազմակի անգամ նվազեցրել իր ներդրումները, վարչապետը պատասխանեց. «Եթե դուք իմանայիք, թե տարածաշրջանում ինչ տնտեսական վիճակ է, ապա կընդունեիք, որ Հայաստանը դեռ բարվոք վիճակում է գտնվում: Ես հայտարարեցի, որ 4,4 տոկոս տնտեսական աճ ունենք: Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը տնտեսական անկումներ ունեն: Իհարկե, 4,4 տոկոս տնտեսական աճը մեզ չի բավարարում: Այո, մենք պետք է փորձեն ներդրումներ բերել: Իսկ ներդրումներ որտե՞ղ են արվում, այնտեղ, ուր քիչ ռիսկեր և շատ շահույթ կա: Իսկ ինչ վերաբերում է ժողովրդի սոցիալական վիճակին, ապա տնտեսական 4 կամ 5 տոկոս աճը չի կարող ակնհայտ երևալ` սոցիալական վիճակի բարելավման առումով»,- ասաց Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ տնտեսության կայունացման գործում կառավարությունը դանդաղ է շարժվում, և որ պետք է հիշել, որ ամեն ինչ չէ, որ կախված է կառավարությունից, կան նաև տարածաշրջանային խնդիրներ:
Վարչապետը նշեց, որ կառավարությունը, այնուամենայնիվ, փորձում է տնտեսական համագործակցային հարաբերություններ հաստատել հարևան Իրանի հետ, կան լուրջ ծրագրեր Վրաստանի հետ: «Այսօր, քան երբևէ, Վրաստանի հետ կա լուրջ համագործակցություն: Արդեն սեպտեմբերի 8-ին Բելառուսում հանդիպելու ենք ԵՏՄ երկրների վարչապետերի հետ` քննարկելու տնտեսական ապագա համագործակցությունը: Այնպես որ` շատ լարված աշխատանք է սպասվում կառավարությանը` սեպտեմբերից սկսած մինչև տարեվերջ, և մենք լարելու ենք մեր բոլոր ուժերը, որ կարողանանք տնտեսական աճ ապահովել»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: