կարևոր
4363 դիտում, 1 օր առաջ - 2025-06-11 23:18
Հասարակություն

Ճանապարհների անմխիթար վիճակ, գյուղմթերքի իրացման խնդիր, անորոշ ապագա. պատգամավորի այցը՝ Աշոցքի գյուղեր

Ճանապարհների անմխիթար վիճակ, գյուղմթերքի իրացման խնդիր, անորոշ ապագա. պատգամավորի այցը՝ Աշոցքի գյուղեր

ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.

«Օրերս աշխատանքային այցով եղա Աշոցք համայնքի` Սալուտ, Բաշգյուղ, Փոքր Սարիար, Կաքավասար, Սարապատ, Ձորաշեն բնակավայրերում։

Աշոցքը ոչ միայն մեր սահմանամերձ կարևոր համայնքներից է, այլև տարածաշրջանային կյանքի յուրահատուկ օրինակը՝ համառ, աշխատասեր և հայրենասեր մարդկանցով։

Հանդիպում ունեցա բնակիչների, ուսուցիչների և ֆերմերների հետ։ Հանգամանորեն խոսեցինք այն խնդիրների մասին, որոնք վերջին տարիներ շարունակում են մնալ չլուծված կամ պահանջում են պետության հատուկ ուշադրությունը։

Քննարկված գլխավոր խնդիրներն էին՝

▪️ Ճանապարհների անմխիթար վիճակը, հատկապես ձմռանը դժվարանցանելի ճանապարհները, որոնք կաթվածահար են անում համայնքի բնականոն կյանքը։

▪️ Ջեռուցման և վառելիքի հասանելիության խնդիրները՝ պայմանավորված տարածաշրջանի կոշտ ձմեռներով։

▪️ Որակյալ բժշկական ծառայության անհասանելիությունը։

▪️ Գյուղմթերքի իրացման սահմանափակ հնարավորությունները, որոնք հաճախ ստիպում են գյուղացիներին վաճառել ցածր գներով կամ առհասարակ մերժել արտադրությունը։

▪️ Երիտասարդների հեռացման միտումը, որի հիմքում կրթության և զբաղվածության անհավասար հնարավորություններն են։

Ես համոզված եմ, որ նման այցերը՝ ուղիղ շփումը բնակիչների հետ, լավագույն միջոցն են հասկանալու իրական խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։

Այժմ նախապատրաստում եմ գրավոր դիմումներ մի շարք գերատեսչություններին՝ բնակավայրերի բազմաթիվ խնդիրները վեր հանելու համար։

Շնորհակալ եմ բնակիչներին՝ ջերմ ընդունելության, բաց խոսակցության և վստահության համար»։