կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-10 18:50
Հասարակություն

Կանացի ռեպրոդուկտիվ համակարգի ձևավորումը մանուկ և դեռահաս տարիքներում

Կանացի ռեպրոդուկտիվ համակարգի ձևավորումը մանուկ և դեռահաս տարիքներում

 

Տարբերակում ենք աղջկա սեռական հասունացման հետևյալ շրջանները` նորածնային, «չեզոք» մանկություն (մինչև 7 տարեկան), նախաարբունքային (8 տ.` մինչև առաջին դաշտան), արբունքային (առաջին դաշտանից մինչև 16 տ.) և դեռահասային (16-18 տ.):

 

Այս շրջանների ընթացքում իգական սեռական օրգանները ձևավորվում են աստիճանաբար և արդեն դեռահաս տարիքում նմանվում հասուն կնոջ օրգանների կառուցվածքին: Հեշտոցը երկարում է մինչև 8-10 սմ՝ ծալքավոր լորձաթաղանթով, արգանդի կշիռը` մինչև 25 գրամ, կարգավորվում է արգանդափողերի կծկողականությունը, կայունանում է ռեպրոդուկտիվ (վերարտադրողական) ֆունկցիայի կարգավորման ամբողջական հորմոնալ համակարգը:

 

Մինչև 7 տարեկանը աղջիկների և տղաների ֆիզիկական աճը քիչ է տարբերվում, իսկ 7-14 տարեկանում տարբերությունը ակնհայտ է, մասնավորապես` ի հայտ են գալիս սեփական սեռի նշանները` փոխվում է դեմքի արտահայտությունը, մարմնի կազմվածքը, սկսում են զարգանալ երկրորդային սեռական հատկանիշները, ի հայտ է գալիս առաջին դաշտանը՝ մենարխեն:

 

Հաջորդ տարիքային շրջանում (արբունքային` առաջին դաշտանից մինչև 16 տ.) ակտիվ զարգանում են երկրորդային սեռական հատկանիշները` ձևավորվում է հասուն կրծքագեղձ, նկատվում է ցայլային և թևատակային շրջանի մազածածկույթը, ակտիվանում են դեմքի ճարպագեղձերը՝ հաճախ կորյակների առաջացմամբ: Այս ընթացքում ձևավորվում է բնորոշ կանացի կոնք` այն դառնում է լայն, մեծանում է թեքման անկյունը, աղջկա մարմինը ստանում է համապատասխան «կլորություն»՝ ցայլքի, ուսագոտու և հետույքի շրջաններում ճարպային հյուսվածքի ավելացմամբ:

 

Սեռահասունացման շրջանը համարվում է անցումային մանկական և հասուն տարիքների միջև, երբ տեղի է ունենում ոչ միայն սեռական օրգանների զարգացում, այլ նաև ընդհանուր սոմատիկ-կառուցվածքայինը: Այս շրջանում ֆիզիկական զարգացման հետ մեկտեղ ավելի արտահայտիչ են դառնում երկրորդային սեռական հատկանիշները, այսինքն` այն բոլոր առանձնահատկությունները, որոնցով իգական օրգանիզմը տարբերվում է արականից: Մանկական տարիքի նորմալ ֆիզիկական աճի բնութագրի համար կարևոր են մարմնի հասակի և քաշի ցուցանիշները: Մարմնի զանգվածը փոփոխական է, քանի որ կախված է արտաքին գործոններից և սննդակարգից: Վերջնական հասակին աղջիկը հասնում է սեռահասունացման շրջանում, երբ ավարտվում է էպիֆիզար կռճիկների ոսկրացումը:

 

Քանի որ սեռահասունացման շրջանում աճը կարգավորվում է ոչ միայն գլխուղեղի կեղևի կողմից, ինչպես մանկական տարիքում, այլ նաև ձվարանների («ստերոիդային աճ»), ապա վաղաժամ սեռահասունացման դեպքում ընդհատվում է նաև հասակային աճը:

 

Սեռական օրգանների ձևավորումը կարգավորվում է սեռական հորմոնների արտադրմամբ իգական սեռական գեղձերի կողմից, վերջիններս էլ կարգավորվում են կենտրոնական նյարդային համակարգի (հիպոթալամուս, հիպոֆիզ և էպիֆիզ), ինչպես նաև ծայրամասային էնդոկրին գեղձերի (ձվարան, մակերիկամներ և վահանագեղձ) կողմից:

 

Սեռահասունացման շրջանում հորմոնների արտադրությունը ակտիվանում է:

 

Առաջին դաշտանի՝ մենարխեի միջին տարիքն է 11-15 տ., ինչը պայմանավորված է ժառանգականությամբ, կլիմայով, սննդային և կենցաղային պայմաններով: Վերջին տարիներին արագացած է երեխաների և դեռահասների ֆիզիկական ու սեռական զարգացման ակտիվությունը (աքսելերացիա), ինչը պայմանավորված է ֆիզիկական ակտիվությամբ և սպորտով զբաղվելով, կենցաղային պայմանների բարելավմամբ:

 

Եթե երկրորդային սեռական հատկանիշները և առաջին դաշտանը ի հայտ են գալիս 15 տարեկանից հետո, ապա տեղի է ունենում ուշ սեռական հասունացում, նկատվում է սեռական աճի և գեներատիվ ֆունկցիայի կայացման շեղումներ: Իսկ առաջին դաշտանի և այլ սեռական հատկանիշների ձևավորումը մինչ 10 տարեկանը կոչվում է վաղաժամ սեռական հասունացում:

 

Այսպիսով` սեռահասունացման գործընթացը, ընդհանուր առմամբ, տևում է մոտ 10 տարի, որոնց ընթացքում աստիճանաբար տեղի է ունենում աղջկա ֆիզիկական, մտավոր և սեռական զարգացումը: Հետևաբար` 20 տարեկանում օրիորդը դառնում է լիարժեք զարգացած, սոցիալապես հասուն անձ:

 

Կուջոյան Լիլիթ

Մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, գինեկոլոգ-կոլպոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու