կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-30 11:44
Հասարակություն

Տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորումը, 2021 թ. ՏԻՄ ընտրությունները Վրաստանում և դրանց ազդեցությունը Ջավախքի վրա

Տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորումը, 2021 թ. ՏԻՄ ընտրությունները Վրաստանում և դրանց ազդեցությունը Ջավախքի վրա

Պրեֆեկտուրայի ինստիտուտի ներդնումը Վրաստանում

Անկախացման գործընթացին զուգահեռ՝ 1991 թ. հունվարի 29-ի հերթական նիստում Վրաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց տեղական ինքնակառավարման մասին օրենք: Այդ օրենքի համաձայն՝ հանրապետական ենթակայության քաղաքներում և շրջաններում այդուհետ կառավարման գործառույթներն իրականացնելու էր պրեֆեկտը: Պրեֆեկտը կենսագործելու էր վերադաս մարմինների որոշումները: Նա նշանակվելու էր չորս տարի ժամկետով, Գերագույն խորհրդի նախագահի ներկայացմամբ, ազատվելու էր Գերագույն խորհրդի նախագահության կողմից և հաշվետու էր լինելու Գերագույն խորհրդին, նրա նախագահությանն ու Նախարարների խորհրդին:

Պրեֆեկտը նշանակում և ազատում էր ինչպես պրեֆեկտուրայի ստորաբաժանումների, այնպես էլ տեղական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին: Նա իրավունք ուներ վերացնելու տեղական իշխանության մարմիններ հանդիսացող ժողովների այն ակտերը, որոնք չէին համապատասխանում Վրաստանի Հանրապետության օրենսդրությանը, թույլատրում էր տնտեսական գործունեություն, իրականացնում մի շարք այլ գործառույթներ: Ինչպես տեսնում ենք, այս պաշտոնյային օժտել էին մի շարք լուրջ իրավունքներով, որոնց կիրարկմամբ նա կարող էր ազդել տվյալ շրջանի ինչպես տնտեսական, այնպես էլ ներքաղաքական կյանքի վրա :

1991 թ. մարտի 31-ին` ԽՍՀՄ պահպանման հանրաքվեի օրը, Վրաստանում առաջին անգամ անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների` տեղական ժողովների (սակրեբուլոների) ընտրություններ: 1992 թ. իշխանափոխությունից հետո պրեֆեկտուրայի ինստիտուտը վերացվեց, և տեղերում ողջ իշխանությունը փոխանցվեց շրջանային վարչությունների նախագահներին: 1993 թ. հոկտեմբերից սկսվեց պետության ղեկավարների լիազորների և երկրամասային վարչությունների ինստիտուտի ձևավորումը: 1993-1995 թթ. ստեղծվեցին 1-ին մակարդակի վարչական միավորները. երկիրը բաժանվեց 9 տարածաշրջանի, 2 ինքնավար հանրապետության (Աբխազիա, Աջարիա) և մայրաքաղաք Թբիլիսիի: Յուրաքանչյուր տարածաշրջանում նշանակվեց պետության ղեկավարի (հետագայում` նախագահի) լիազոր-ներկայացուցիչ (նահանգապետ):

Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման հետագա ընթացքը Վրաստանում և դրա ազդեցությունը Ջավախքի վրա

Ի տարբերություն ՀՀ-ի՝ Վրաստանում չլուծարվեցին նախկին խորհրդային շրջանները, որոնք (շուրջ 7 տասնյակ)՝ որպես տեղական ինքնակառավարման 2-րդ մակարդակի միավորներ, առանձին շրջանների (քաղաքապետարաններ, մունիցիպալիտետներ) տեսքով ներառվեցին նորաստեղծ նահանգների մեջ: Երկու ինքնավար հանրապետություններում՝ Աջարիայում և Աբխազիայում ևս պահպանվեցին նախկին խորհրդային շրջանները, փոխարենը հարավօսեթական ինքնավար մարզի լուծարման և դրա տարածքի՝ 4 նորաստեղծ նահանգների մեջ բաշխման հետ մեկտեղ լուծարվեցին նաև դրա 4 շրջանները:

Է. Շևարդնաձեի 1994 թ. հուլիսի 31-ի հրամանագրով կազմավորվեց նաև Սամցխե-Ջավախքի նահանգը: Սամցխե (Ադիգենի, Ախալցխայի և Ասպինձայի շրջաններ) և Ջավախք (Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններ) պատմական գավառների հետ այս նահանգի մեջ ներառվեց նաև գերակշիռ մասով վրացաբնակ Բորժոմի շրջանը, սակայն նահանգից դուրս մնաց հիմնականում հայերով և հույներով բնակեցված մեկ այլ շրջան` Ծալկայի շրջանը (պատմական Թռեղք գավառը): Արհեստական այս վարչաբաժանումը նպատակ ուներ նահանգում նվազեցնելու հայության տեսակարար կշիռը չնայած որ հայերը դարձյալ շարունակեցին մեծամասնություն կազմել:

1995 թ. օգոստոսի 24-ին ընդունվեց Վրաստանի Սահմանադրությունը: Եվ քանի որ դեռևս կարգավորված չէին Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ հարաբերությունները (վերջիններս փաստացի անկախ էին), Սահմանադրության մեջ երկրի տարածքային կարգավորման հարցը բաց մնաց: Սահմանադրության 2-րդ հոդվածի 3-րդ կետում նշված էր, որ «Վրաստանի պետական-տարածքային կառուցվածքը սահմանվելու է սահմանադրական օրենքով՝ երկրի ամբողջ տարածքի վրա Վրաստանի իրավասության վերականգնումից հետո լիազորությունների սահմանափակման սկզբունքի հիման վրա» : Հետևաբար փաստացի գոյություն ունեցող երկրամասային բաժանումը իրավաբանական ձևակերպում չստացավ: Այս հարցը նույն պատճառներով կարգավորված չէ առ այսօր:

1997 թ. վերջին մշակվեց և 1998 թ. հունիսի 25-ին Վրաստանի նախագահի կողմից ստորագրվեց Վրաստանի «Տեղական ներկայացուցչական մարմինների՝ ժողովների ընտրությունների մասին» օրենքը: Նշված օրենքով (Վրաստանի Սահմանադրության 2-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան) մինչև Վրաստանի տարածքային-պետական կառուցվածքի մասին սահմանադրական օրենքի ընդունումը (որը, ինչպես բազմիցս նշել ենք, առ այսօր ընդունված չէ) սահմանվում էին տեղական ինքնակառավարման և կառավարման մարմինների ստեղծման և գործունեության հիմունքները: 1998 թ. նոյեմբերի 16-ին ՏԻՄ ընտրություններն անցկացվեցին այս օրենքով: Նշենք նաև, որ մինչ այս ընտրությունները՝ սկսած 1995 թ. Սահմանադրության ընդունումից, երկրամասում փաստացի դադարեցված էին 1991 թ.՝ Զվիադ Գամսախուրդիայի օրոք ընդունված «Վրաստանի Հանրապետության տեղական իշխանությունների մարմինների՝ ժողովների ընտրությունների մասին» օրենքի լիազորությունները (իրավաբանորեն 1991 թ. ընդունված այս օրենքն ուժը կորցրած ճանաչվեց միայն 1998 թ. հունիսի 25-ի օրենքով), իսկ նոր օրենքի ընդունման ձգձգման պատճառով մի քանի տարի տեղում կարգավորված չէր ժողովրդական լայն զանգվածների` տեղական ներկայացուցչական մարմինների մաս կազմելու գործընթացը, ինչի հետևանքով երկրամասում ստեղծվել էր բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ:

Իսկ ի՞նչ էր նախատեսվում 1998 թ. վերոնշյալ օրենքով: Տեսնենք դա ըստ հոդվածների. «Բազմամանդատային ընտրական շրջաններում տեղական ներկայացուցչական մարմինների` ժողովների ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, եթե համապատասխան ժողովի տարածքում ընտրողների թիվը գերազանցում է 2000-ը»: «Բազմամանդատային ընտրական շրջաններում տեղական ներկայացուցչական մարմինների` ժողովների ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով, եթե համապատասխան ժողովի տարածքում ընտրողների թիվը չի գերազանցում 2000-ը»:

Ի՞նչ է ստացվում: Փաստորեն, եթե տվյալ բնակավայրում ընտրողների թիվը անցնում էր 2000-ից, և այդ տարածքում առաջադրվող թեկնածուն չէր պատկանում որևէ կուսակցության, իրավունք չուներ առաջադրվելու: Այստեղ կա քաղաքացու` և՛ ընտրելու, և՛ ընտրվելու իրավունքի խախտում: Սա` մի կողմից: Մյուս կողմից` սույն օրենքով խախտվում էր արդարությունը Սամցխե-Ջավախք-Ծալկայի հայաբնակ շրջաններում: Բանն այն էր, որ նախ և առաջ այս շրջաններում գրանցված չէր հայկական ոչ մի կուսակցություն, և ընտրությունների ժամանակ իրենց գործն էին տեսնելու վրացական կուսակցությունները (հատկանշական է, որ 1998 թ. նոյեմբերի ընտրություններին Նինոծմինդայի շրջանում տեղական ինքնակառավարման մարմինների 123 պատգամավորական տեղերի համար պայքարող 338 թեկնածուներից 224-ը ներկայացնում էին Վրաստանի քաղաքացիների միությունը, 94-ը` վրացական «Լեմի» քաղաքական կազմակերպությունը, և միայն 12-ն էին անկախ թեկնածուներ), իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրելու և ընտրվելու հնարավորությունից օգտվելիս առաջ էր գալիս ևս մեկ օրինախախտում, որը պարզապես անհնար էր դարձնում մեծամասնական ընտրակարգով ընտրելը և ընտրվելը։ Դա կապված էր այն բանի հետ, որ այս շրջաններում տեղական ժողովները ձևավորվել էին մի քանի գյուղերից, ինչն էլ իր հերթին «ապահովում էր» ձայների 2000-ից ավելի լինելը, իսկ մեկ ժողովը համարվում էր մեկ ընտրատարածք:

Այս ամենին զուգահեռ՝ երկրի ղեկավար Է. Շևարդնաձեն իրեն վերապահեց շրջանային վարչության նախագահին նշանակելու իրավունքը: Եվ եթե Զ. Գամսախուրդիայի իշխանության օրոք համընդհանուր քաոսի պայմաններում դա հասկանալի էր, ապա այս դեպքում դա կարելի էր դիտել որպես հակաժողովրդական քայլ:

2001 թ. օգոստոսի 2-ին նախագահ Է. Շևարդնաձեն ստորագրեց Վրաստանի նոր ընտրական օրենսգիրքը , որով ուժը կորցրած ճանաչվեցին Վրաստանի «Տեղական ներկայացուցչական մարմինների՝ ժողովների ընտրությունների մասին» օրենքը (1998 թ.), «Վրաստանի խորհրդարանի ընտրությունների մասին» (1995 թ.) և «Վրաստանի նախագահի ընտրությունների մասին» (1995 թ.) օրգանական օրենքները: Սույն օրենքի հիման վրա 2002 թ. Վրաստանում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ (ընդհանուր առմամբ՝ 3-րդ), որոնք կրկին վեր հանեցին Ջավախքի շրջանների՝ ազգաբաշխական պատկերին անհամահունչ շրջանային ժողովների ձևավորմանն առնչվող խնդիրները : Այսպես՝ Ախալքալաքի շրջանում վրացաբնակ բոլոր գյուղերը (օրինակ՝ Հոկամ` 443 ընտրող, Չունչխա` 243, Պրտենա` 216, Գոգաշեն` 299, Կոթելիա` 315 և այլն) ունեին առանձին գյուղական ժողովներ, այն դեպքում, երբ հայաբնակ գյուղերի պարագայում ժողովները ձևավորվում էին մի քանի գյուղերից: Փաստենք նաև, որ հայաբնակ այդ գյուղերից յուրաքանչյուրը, առանձին վերցրած, ավելի շատ ընտրող ուներ, քան նշված վրացական գյուղերը: Այս անարդարությունը հանգեցրել էր նրան, որ, օրինակ, Ախալքալաքի շրջանային ժողովում հավասար ձայներով էին ներկայացված 10.000 բնակիչ ունեցող Ախալքալաք քաղաքը, 6.000 բնակիչ ունեցող Կարտիկամի գյուղական ժողովը և 400 բնակիչ ունեցող վրացական Չունչխա գյուղը: Հետևանքն այն էր, որ 96 %-ով հայերով բնակեցված Ախալքալաքի շրջանային ժողովի 22 մեծամասնական տեղերից 5-ը ազգությամբ վրացիներ էին զբաղեցնում, մինչդեռ, ըստ համամասնության, Ախալքալաքի շրջանի վրացական համայնքը շրջանային ժողովում պետք է ունենար 1 ներկայացուցիչ:

Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիային Վրաստանի միանալով (Վրաստանը Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիան (1985 թ. հոկտեմբերի 15, Ստրասբուրգ) ստորագրել է 2002 թ., վավերացրել 2004 թ.: Այն երկրի տարածքում ուժի մեջ մտավ 2005 թ. ապրիլի 1-ից) նոր իրավիճակ ստեղծվեց երկրում: Պայմանավորված այդ իրողությամբ՝ մշակվեց և 2005 թ. վերջին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվեց ՏԻՄ նոր օրենքը , որի հիման վրա 2006 թ. աշնանը Վրաստանում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման նոր (4-րդ) ընտրություններ:

Նոր օրենքն արմատապես փոխեց երկրում գործող ինքնակառավարման համակարգը: Տեղի ունեցավ գոյություն ունեցող ինքնակառավարվող միավորների խոշորացում, և մինչ այդ գործող ինքնակառավարման 3-րդ մակարդակի 1004 միավորի (նախկին խորհրդային գյուղական խորհուրդները հիմնականում դարձել էին տեղական ինքնակառավարման առանձին միավորներ՝ ժողովներ) փոխարեն ձևավորվեցին ընդամենը 68-ը: Ձևավորվեցին միայն շրջանային ընդհանուր ինքնակառավարման մարմիններ, այսինքն` շրջանային ժողովներ (սակրեբուլոներ), իսկ դրանց հենքի վրա՝ շրջանային վարչություն (գործադիր մարմին): Շրջանային ժողովը, փաստորեն, դարձավ մի յուրօրինակ խորհրդարան: Շրջանային վարչությունը շրջանի կազմի մեջ մտնող բնակավայրերում կամ բնակավայրերի խմբում նշանակեց լիազորներ, այսինքն` իր գործառույթներն իրականացնող անձանց: Սակրեբուլոն` շրջանային ժողովը, ձևավորվեց հետևյալ սկզբունքով. շրջաններում համամասնական ընտրակարգով ընտրվեց 10 անդամ, իսկ շրջանի կազմի մեջ մտնող նախկին սակրեբուլոներից (գյուղական, թեմական ժողովներ) մեծամասնական ընտրակարգով՝ մեկական անդամներ: Մեծ քաղաքների ինքնակառավարվող սակրեբուլոյում ընտրվեցին համամասնական ընտրակարգով 10 և մեծամասնական ընտրակարգով 5 անդամ:

Օրինակ՝ Ախալքալաքի շրջանում ձևավորվեց մեկ ժողով, որում ընդգրկվեցին կուսակցական ցուցակներով (համամասնական ընտրակարգ) ընտրված 10 և Ախալքալաքի շրջանի կազմի մեջ մտնող ինքնակառավարվող միավորների (դրանք 22-ն են)՝ մեծամասնական ընտրակարգով ընտրված մեկական պատգամավորներ, այսինքն` շրջանային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը կազմեց 32: Գյուղական հիմնախնդիրները, ըստ օրենքի, կարգավորվում էին ինչպես ընտրված պատգամավորների, այնպես էլ գործադիրի (որը շրջանային ժողովի կողմից, ըստ օրենքի, օժտված էր լինելու տեղում ծառայություններ իրականացնելու լիազորություններով) միջոցով:

Ինքնակառավարման մարմնի գործադիր օրգանը վարչությունն էր: Նոր օրենքով վարչության նախագահին (քաղաքապետին) ընտրում էր շրջանային ժողովը, այսինքն` ընտրությունը դարձավ անուղղակի:

Ջավախքի պարագայում, կարելի է ասել, որ նոր օրենքը իրադրության վրա էական ազդեցություն չունեցավ: Չնայած գյուղական շրջաններում ժողովները շատ աղքատ էին, բայց, փոխանակ դրանք հզորացվեին, ընդհանրապես վերացվեցին, և ինքնակառավարման մարմինն էլ ավելի հեռացավ ժողովրդից, չնայած, ըստ եվրոպական խարտիայի, որքան ինքնակառավարումը մոտ է ժողովրդին, այնքան այն ավելի բարձր մակարդակի է:

Շրջանային ժողովներում ազգային կազմի անարդարացիության առումով հարաբերակցությունը դարձյալ մնաց նույնը: Օրինակ՝ Ախալքալաքի շրջանի սակրեբուլոյի 32 անդամից 10-ը, ըստ օրենքի, կուսակցությունների հայեցողությամբ ներկայացված անձինք էին, 5-ը` ազգությամբ վրացի, և միայն 17-ը՝ հայազգի: Նույն պատկերը ձևավորվեց նաև 2010 թ. տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների (5-րդ) արդյունքներով։

2011 թ. վերջին Վրաստանում ընդունվեց ընտրական , 2014 թ.՝ տեղական ինքնակառավարման մասին նոր օրենսգրքերը , որոնք, ենթարկվելով մի շարք փոփոխությունների, գործում են առ այսօր։ Այս օրենքների հիման վրա 2014, 2017 և 2021 թվականներին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխանաբար 6-րդ, 7-րդ և 8-րդ ընտրությունները Վրաստանում։

Սկսած 2014 թվականից, բացի շրջանային ժողովներից, ընտրովի դարձան նաև Վրաստանի շրջանների (քաղաքապետարաններ, մունիցիպալիտետներ) ղեկավարները։ Միաժամանակ 7-ով ավելացվեց ինքնավար կարգավիճակ ունեցող քաղաքների թիվը (Վրաստանի «Տեղական ինքնակառավարման մասին» 2005 թվականի օրգանական օրենքով այդպիսիք էին Թբիլիսին, Ռուսթավը, Քութայիսը, Փոթին և Բաթումը). ՏԻՄ նոր օրենքով ինքնակառավարվող քաղաքի կարգավիճակ ստացան նաև Թելավը, Օզուրգեթը, Զուգդիդը, Գորին, Ամբրոլաուրը, Մցխեթան և Ախալցխան։ Այդուհանդերձ, հետագա փոփոխություններով վերստին ինքնակառավարվող քաղաքներ մնացին միայն առաջին խմբի 5 քաղաքները՝ Թբիլիսին, Ռուսթավը, Քութայիսը, Փոթին և Բաթումը (հոդված 151, 152)։

ՏԻՄ ընտրությունները Վրաստանում 2021 թ.

Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին (8-րդ) ընտրությունները Վրաստանում տեղի ունեցան 2021 թ. հոկտեմբերի 2-ին, որոնց մասնակցեց 48 ուժ: Մինչ այդ՝ 2020 թ. հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրություններում երրորդ անգամ անընդմեջ (2012 թ. սկսած) հաղթեց Բիձինա Իվանիշվիլու հիմնադրած «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմադիր ուժերը, որոնց առանցքում Մ. Սահակաշվիլու հիմնադրած «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունն էր, վիճարկեցին ընտրությունների արդյունքները, հրաժարվեցին մանդատներից և պահանջեցին անցկացնել խորհրդարանական նոր ընտրություններ։

Վրաստանում սկսված քաղաքական ճգնաժամի հաղթահարման փորձ էր 2021 թ. ապրիլի 19-ին «Վրացական երազանքի» և ընդդիմադիր կուսակցությունների միջև ստորագրված համաձայնագիրն այն մասին, որ եթե 2021 թ. հոկտեմբերին Վրաստանում տեղական ինքնավարության մարմինների ընտրություններում «Վրացական երազանքը» ստանա 43 %-ից պակաս ձայն, ապա 2022 թ. պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ։ Արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ սույն համաձայնագիրը ներկայացվեց Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջարկով : Այդուհանդերձ, 2021 թ. հուլիսի 28-ին «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ կուսակցությունը դուրս է գալիս ապրիլի 19-ի համաձայնագրից, քանի որ, ըստ նրա, համաձայնագրի ստորագրումից նույնիսկ 100 օր անց ընդդիմադիր պատգամավորների կեսից ավելին այն չեն ստորագրել: «Ակնհայտ է, որ այն սպառել է իրեն, ուստի և այն չեղյալ է հայտարարվել: Համաձայնագրին միակողմանի հավատարմությունը վիրավորական է մեր կուսակցության համար, և մեր ընտրողները չեն ների մեզ»,- հայտարարել է Ի. Կոբախիձեն:

2021 թ. աշնանը ՏԻՄ ընտրությունները տեղի ունեցան երկու փուլով: Հոկտեմբերի 2-ին կայացած 1-ին փուլի արդյունքներով՝ «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» իշխող ուժը ստացավ 824.755 ձայն կամ ձայների 46.747 %-ը : Ընտրությունից մի քանի օր անց՝ հոկտեմբերի 6-ին, Եվրախորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարություն հրապարակեցին, համաձայն որի՝ ընդունում են Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած տվյալները, ըստ որոնց՝ «Վրացական երազանքի» թեկնածուները ստացել են ձայների ավելի քան 46 %-ը և հաղթահարել ընտրաշեմը (43 %), որը սահմանված էր ապրիլի 19-ի Շառլ Միշելի պայմանագրովշ:

1-ին փուլի արդյունքներով՝ 2-րդ տեղում նախկին նախագահ Մ. Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցությունն էր, որը ստացել էր ձայների 30․7 %-ը։ Երկրի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Գախարիա ‒ Վրաստանի համար» կուսակցությունը ստացել էր ձայների 7․8 %-ը, 4-րդ տեղում էր «Լելո» կուսակցությունը ձայների 2․71 %-ով։

Հոկտեմբերի 30-ին Վրաստանում տեղի ունեցավ ՏԻՄ ընտրությունների 2-րդ փուլը։ Քաղաքացիներն ընտրեցին 15 շրջանների (մունիցիպալիտետներ կամ քաղաքապետարաններ) և 5 ինքնակառավարվող քաղաքների՝ Թբիլիսիի, Բաթումի, Քութայիսի, Փոթիի և Ռուսթավի քաղաքապետերին, քանի որ նշված տեղերում թեկնածուներից ոչ մեկը 1-ին փուլում բավարար ձայներ (5 %-ից ավելի) չէր ստացել։ (Փաստենք, որ հենց 1-ին փուլում 44 շրջանների ղեկավարների ընտրություններում հաղթել էին իշխող թիմի թեկնածուները): 2-րդ փուլում Վրաստանի 24 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով տեղի ունեցան նաև 42 պատգամավորների (շրջանային ժողովների անդամների) ընտրություններ (դրանք չեղյալ էին ճանաչվել տարբեր պատճառներով):

2-րդ փուլում երկու հիմնական մրցակից ուժերն էին իշխող «Վրացական երազանքը» և ընդդիմադիր ՄԱՇ-ը: Բոլոր 5 ինքնակառավարվող քաղաքներում հաղթեց իշխող ուժը․ մայրաքաղաքում՝ Կախա Կալաձեն (55․6 %), Ռուսթավում՝ Նինո Լացաբիձեն (53․7 %), Քութայիսում՝ Իոսեբ Խախալեիշվիլին (51․7 %), Փոթիում՝ Բեքա Վաճառաձեն (57․3 %), Բաթումում՝ Արչիլ Չիքովանին (51 %):

2-րդ փուլում 15 շրջաններում ևս հիմնական մրցակից ուժերը իշխող «Վրացական երազանքը» և ընդդիմադիր ՄԱՇ-ն էին: Այս դեպքում ևս հաղթանակը գրեթե ամբողջությամբ իշխող ուժինն էր. 1. Թելավում՝ 56․9 %, 2. Թիանեթում՝ 54․8 %, 3. Քարելում՝ 56․7 %, 4. Խաշուրում՝ 59․1 %, 5. Ցագերում՝ 63․5 %, 6. Բաղդաթում՝ 60․7 %, 7. Ծղալտուբոյում՝ 57․1 %, 8. Օզուրգեթում՝ 55․4 %, 9. Սենակում՝ 53․1 %, 10. Մարտվիլիում՝ 51․8 %, 11. Խոբիում՝ 56․8 %, 12. Զուգդիդում՝ 51․6 %, 13. Չխորոծղուում՝ 50․9 %, 14. Խելվաչաուրիում՝ 55 % , և միայն Ծալենջիխայի շրջանի ղեկավարն է ընտրվել ՄԱՇ-ից՝ 51․1 %-ով պարտության մատնելով «Վրացական երազանքի» թեկնածուին (վերջինս ստացել էր 48․9 % քվե):

Այսպիսով՝ Վրաստանի 59 ինքնակառավարվող շրջաններից (համայնք, մունիցիպալիտետ կամ քաղաքապետարան) 58-ի, 5 խոշոր քաղաքների (այդ թվում՝ մայրաքաղաքի) ղեկավարներ ընտրվեցին իշխող ուժի թեկնածուները, 1-ում՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» ուժի թեկնածուն: Վրաստանի 59 ինքնակառավարվող շրջաններից 58-ի, 5 ինքնակառավարվող քաղաքներից 4-ի (այդ թվում՝ մայրաքաղաքի)՝ համամասնական և մեծամասնական կարգերով ձևավորված ժողովներում նույն կերպ գերակշիռ (50+) դիրք զբաղեցրեց իշխող «Վրացական երազանքը». ընդդիմադիր ՄԱՇ-ը առավելություն ունեցավ միայն Զուգդիդի շրջանային ժողովում և ինքնակառավարվող Բաթումի քաղաքային ժողովում:

Ջավախքը 2021 թ. ՏԻՄ ընտրությունների նախօրյակին

2021 թ. հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների նախօրեին հերթական անգամ փոփոխության ենթարկվեց Վրաստանի ընտրական օրենսգիրքը, և փոփոխություններից մեկով բազմաթիվ տեղերում միավորվեցին շրջանների (մունիցիպալիտետների)՝ 3-րդ մակարդակի ինքնակառավարվող միավորների հենքի վրա ձևավորված մեծամասնական ընտրատարածքները, ինչի հետևանքով էլ, օրինակ, Ախալքալաքի շրջանային ժողովում նվազեց մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների թիվը՝ 24-ից դառնալով 14: Փոխարենը՝ Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավորների թիվը 38-ից դարձավ 42՝ համամասնական կարգով ընտրված պատգամավորների թվի ավելացման հաշվին, որը 14-ի փոխարեն դարձավ 28:

Մեծամասնական ընտրատարածքների միավորումը դրական ազդեցություն ունեցավ Ախալքալաքի շրջանում, և մեծամասնական կարգով ընտրված հայ և վրացի պատգամավորների 13/1 հարաբերակցությունն ինչ-որ տեղ արտացոլեց շրջանի ազգաբաշխական պատկերը (2014 թ. դրությամբ՝ շուրջ 42.000 հայ և 3.000 վրացի) : Այդուհանդերձ, միավորման նույն գործընթացը բացասական էական ազդեցություն թողեց Ջավախքի մեկ այլ՝ Ախալցխայի շրջանի վրա, որի շրջանային ժողովում մեծամասնական ընտրակարգով ընտրվող 13 պատգամավորից ընդամենը 3-ն են ազգությամբ հայ (1-ը՝ Ախալցխա քաղաքից, 2-ը՝ գյուղերից), ինչն այնքան էլ չի արտացոլում Ախալցխայի շրջանի ազգաբաշխական պատկերը. 2014 թ. մարդահամարի արդյունքներով՝ 26.400 վրացի և 12.000 հայ ազգաբնակչություն ունեցող Ախալցխայի շրջանում հարկ էր, որ մեծամասնական կարգով ընտրվեր առնվազն 4 հայ:

Ինքնակառավարվող համայնքներում տեղական մեծամասնական ընտրատարածքների միավորման հետևանքով մեկով նվազել է նաև Սամցխե-Ջավախք նահանգի Բորժոմի շրջանային ժողովում մեծամասնական կարգով ընդգրկվող հայերի թիվը (Տաբածղուրի, Մոլիթ, Չխարոլա և Բալանթա գյուղերի հենքի վրա ձևավորված նախկին 2 ընտրատարածքների փոխարեն այժմ 1-ն է), քանի որ Բորժոմում այլ միավորումներ չեն եղել: Ասպինձայում 1 (Դամալա գյուղ) ընտրատարածքը, հետևաբար 1 հայազգի պատգամավորի տեղը պահպանվել է, փոխարենը միավորվել են վրացաբնակ գյուղերի առանձին ընտրատարածքներ: Նինոծմինդայի պարագայում փոփոխություն տեղի չի ունեցել, իսկ Ծալկայի շրջանում միավորվել են թե՛ հայաբնակ գյուղերով կազմված նախկին ընտրատարածքները (հայաբնակ բոլոր 13 գյուղերն այժմ կազմում են 4 ընտրատարածք), թե՛ նախկինում հունաբնակ, այժմ աջարներով և սվաններով բնակեցված գյուղախմբերով կազմված ընտրատարածքները:

Ջավախքի Ախալքալաքի շրջանում ՏԻՄ ընտրություններին մասնակցեց 12 ուժ՝ 1. «Երրորդ ուժ», 2. «Եվրոպական Վրաստան. Շարժում հանուն ազատության», 3. «Միասնական ազգային շարժում», 4. «Եվրոպական դեմոկրատներ», 5. «Դավիթ Թարխան-Մուրավի, Իրմա Ինաշվիլի. Վրաստանի հայրենասերների դաշինք», 6. «Լելոն հանուն Վրաստանի», 7. «Շալվա Նաթելաշվիլի – Վրաստանի լեյբորիստական կուսակցություն», 8. «Եվրոպական սոցիալիստներ», 9. «Գիորգի Գախարիա – Վրաստանի համար», 10. «Գիրչի», 11. «Ազատ Վրաստան» (Զազա Խատիաշվիլի, Կախա Կուկավա, Գրիգոլ Ջոջուա), 12. «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան»:

Ջավախքի մեկ այլ՝ Նինոծմինդայի շրջանում ՏԻՄ ընտրություններին մասնակցեցին 9 կուսակցություն և մեկ նախաձեռնող խումբ՝ 1. «Երրորդ ուժ», 2. «Եվրոպական Վրաստան. Շարժում հանուն ազատության», 3. «Միասնական ազգային շարժում», 4. «Եվրոպական դեմոկրատներ», 5. «Դավիթ Թարխան-Մուրավի, Իրմա Ինաշվիլի. Վրաստանի հայրենասերների դաշինք», 6. «Շալվա Նաթելաշվիլի – Վրաստանի լեյբորիստական կուսակցություն», 7. «Գիորգի Գախարիա – Վրաստանի համար», 8. «Ազատ Վրաստան» (Զազա Խատիաշվիլի, Կախա Կուկավա, Գրիգոլ Ջոջուա), 9. «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան»: Սուրեն Մոսոյանը քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել նախաձեռնող խմբի կողմից:

Ախալքալաքում և Նինոծմինդայում շրջանի ղեկավարի (քաղաքապետի) թեկնածուներ էին առաջադրել միայն 3 կուսակցություններ՝ «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան»-ը (Ախալքալաք, Նինոծմինդա), «Եվրոպական Վրաստանը» (Ախալքալաք) և «Միասնական ազգային շարժումը» (Ախալքալաք, Նինոծմինդա):

Ջավախքի մյուս շրջաններում՝ Ախալցխայում, Ասպինձայում, Ադիգենում և Բորժոմում, պայքարել է 15 քաղաքական ուժ: Այս շրջաններում համամասնական ցուցակներով առաջադրված 1.012 թեկնածուներից միայն 58-ն էին ազգությամբ հայեր, որոնցից 25-ը՝ Ախալցխայում, 5-ը՝ Ադիգենում, 8-ը՝ Ասպինձայում, 20-ը՝ Բորժոմում: Իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրված 137 թեկնածուներից հայ էին միայն 12-ը, որոնցից 7-ը՝ Ախալցխայում, 1-ը՝ Ասպինձայում, 4-ը՝ Բորժոմում : Ե՛վ մեծամասնական, և՛ համամասնական ընտրակարգերով թեկնածուներ էին առաջադրել ինչպես երկու հիմնական մրցակից կուսակցությունները՝ «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան»-ը և ՄԱՇ-ը, այնպես էլ «Գիորգի Գախարիա – Վրաստանի համար» նորաստեղծ կուսակցությունը և մի շարք այլ ուժեր: Կուսակցությունների ցուցակներում առաջադրված հայ թեկնածուների զբաղեցրած տեղերը խիստ տարբեր էին, ինչից ելնելով էլ՝ շատ դեպքերում զրոյական էր հավանականությունը, որ նրանք տեղ կզբաղեցնեին այս կամ այն շրջանի ՏԻՄ-ում:

Փոխարենը բոլորովին այլ պատկեր էր Ախալքալաքում և Նինոծմինդայում ազգությամբ վրացիների առաջադրման առումով:

Այս շրջաններում 12 քաղաքական ուժերի՝ համամասնական ցուցակներով առաջադրած 524 թեկնածուներից 107-ը ազգությամբ վրացի էին. Ախալքալաքում տարբեր ուժերի կողմից առաջադրված 346 թեկնածուներից ազգությամբ վրացի էին 79-ը, իսկ Նինոծմինդայում 178 թեկնածուներից՝ 28-ը : Չափազանց հետաքրքրական է որոշ քաղաքական ուժերի կազմած համամասնական ցուցակների ազգային կազմը։ «Գիրչի» կուսակցությունը (№ 36) Ախալքալաքում համամասնական կարգով առաջադրել էր 31 թեկնածուի, որոնց գրեթե կեսը (14-ը)՝ ազգությամբ վրացի (վերջիններս հանդես են եկել 1, 2, 4, 5, 6, 7, 8, 16, 17, 18, 19, 22, 24 և 30 համարների ներքո): Երկրի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Գիորգի Գախարիա ‒ Վրաստանի համար» կուսակցությունը (№ 25) Ախալքալաքում համամասնական կարգով առաջադրել էր 40 թեկնածուի, որոնցից 39-ն ազգությամբ վրացի էին (հանդես են եկել 2-40 համարների ներքո)։ Պատկերը նույնն էր «Եվրոպական դեմոկրատներ» (№ 6) կուսակցության պարագայում. առաջադրված 28 թեկնածուներից ընդամենը 1-ն էր ազգությամբ հայ, այն էլ՝ 26 համարի ներքո: Իսկ ահա «Շալվա Նաթելաշվիլի – Վրաստանի լեյբորիստական» կուսակցությունը (№ 10) Ախալքալաքում համամասնական կարգով առաջադրել էր 32 թեկնածուի, որոնք բոլորն ազգությամբ վրացի էին: «Շալվա Նաթելաշվիլի – Վրաստանի լեյբորիստական կուսակցություն» և «Գիորգի Գախարիա –Վրաստանի համար» կուսակցությունների համամասնական ցուցակների պարագայում ազգաբաշխական նույն պատկերն էր նաև Նինոծմինդայում . համապատասխանաբար 20 թեկնածուներից 19-ը (հանդես են եկել 2-20 համարների ներքո) և 28 թեկնածուներից 27-ն ազգությամբ վրացի էին (միակ հայը հանդես է եկել 5 համարի ներքո) :

2021 թ. ՏԻՄ ընտրությունների արդյունքները Ջավախքում

Փաստենք, որ Ջավախքի բոլոր 7 շրջաններում, ներառյալ գերազանցապես ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլի նահանգի մեջ ներառված Ծալկայի շրջանը, հենց 1-ին փուլով թե՛ շրջանի ղեկավարի, թե՛ շրջանային ժողովի՝ մեծամասնական և համամասնական կարգերով ընտրվող պատգամավորների պարագայում ջախջախիչ հաղթանակ է տարել իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը: Նշված շրջաններում ընտրությունների՝ հոկտեմբերի 30-ին անցկացված 2-րդ փուլում որևէ կարգով սահմանված ընտրություն տեղի չի ունեցել : Որպես արդյունք՝ բոլոր շրջանների շրջանային ժողովներում 50 %-ից ավելի առավելություն է ստացել նույն ուժը, իսկ շրջանների ղեկավարներ (մունիցիպալիտետի ղեկավար կամ քաղաքապետ) ընտրվել են «Վրացական երազանքի» առաջադրած թեկնածուները․ Ծալկայում՝ Իլիա Սաբաձեն (55․9 %), Նինոծմինդայում՝ Անիվարդ Մոսոյանը (82․5 %), Ախալքալաքում՝ Մելքոն Մակարյանը (82 %), Ասպինձայում՝ Ռոստոմ Մագրաքվելիձեն (68․2 %), Ախալցխայում՝ Իրակլի Լազարաշվիլին (56․7 %), Բորժոմում՝ Օթար Արբոլիշվիլին (68․4 %), Ադիգենում՝ Գոչա Քիմաձեն (63․1 %) :

Նշված շրջանների շրջանային ժողովներում ազգաբաշխական կազմը, սակայն, վերստին մեծ մասամբ չի արտացոլում ազգաբնակչության ազգաբաշխական պատկերը: Պատճառը և՛ մեծամասնական ընտրատարածքները, և՛ կուսակցությունների համամասնական ցուցակների անցողիկ տեղերը շրջանների ազգային կազմին համահունչ չձևավորելն է: Որպես արդյունք՝ ունենք հետևյալ պատկերը.

1. Ծալկայի շրջանային ժողով ‒ 30 պատգամավոր (10-ը՝ մեծամասնական, 20-ը՝ համամասնական ընտրակարգով), որոնցից 7-ը՝ ազգությամբ հայ (4-ը՝ մեծամասնական, 3-ը՝ համամասնական ընտրակարգով, բոլորը՝ իշխող «Վրացական երազանքից»): 2014 թ. մարդահամարի տվյալներով՝ վրացի՝ 8.800 (46․7 %), հայ՝ 7.300 (38․7 %): Անհամաչափությունն ակնհայտ է․ պետք է լիներ 11-12 հայազգի պատգամավոր:

2. Նինոծմինդայի շրջանային ժողով ‒ 30 պատգամավոր (10-ը՝ մեծամասնական, 20-ը՝ համամասնական ընտրակարգով), որոնցից 29-ը՝ ազգությամբ հայ (10-ը՝ մեծամասնական, 19-ը՝ համամասնական ընտրակարգով, նշված 19-ից 1-ը՝ «Եվրոպական Վրաստան», 1-ը՝ «Միացյալ ազգային շարժում», 1-ը՝ «Գիորգի Գախարիա – Վրաստանի համար», 16-ը՝ իշխող «Վրացական երազանք» ուժերից) : 2014 թ. մարդահամարի տվյալներով՝ վրացի՝ 1.000 (4․1 %), հայ՝ 23.300 (95․1 %): Անհամաչափություն չկա:

3. Ախալքալաքի շրջանային ժողով ‒ 42 պատգամավոր (14-ը՝ մեծամասնական, 28-ը՝ համամասնական ընտրակարգով), որոնցից 35-ը՝ ազգությամբ հայ (13-ը՝ մեծամասնական, 22-ը՝ համամասնական ընտրակարգով, նշված 22-ից 1-ը՝ «Լելո», 2-ը՝ «Եվրոպական Վրաստան», 2-ը՝ «Միացյալ ազգային շարժում», 17-ը՝ իշխող «Վրացական երազանք» ուժերից) : 2014 թ. մարդահամարի տվյալներով՝ վրացի՝ 3.100 (6․9 %), հայ՝ 41.900 (93 %): Անհամաչափությունն ակնհայտ է․ պետք է լիներ առնվազն 39 հայազգի պատգամավոր:

4. Ասպինձայի շրջանային ժողով ‒ 30 պատգամավոր (10-ը՝ մեծամասնական, 20-ը՝ համամասնական ընտրակարգով), որոնցից 2-ը՝ ազգությամբ հայ (1-ը՝ մեծամասնական, 1-ը՝ համամասնական ընտրակարգով, բոլորը՝ իշխող «Վրացական երազանքից»): 2014 թ. մարդահամարի տվյալներով՝ վրացի՝ 9.000 (86․8 %), հայ՝ 1.400 (13․5 %): Անհամաչափությունն ակնհայտ է․ պետք է լիներ առնվազն 4 հայազգի պատգամավոր:

5. Ախալցխայի շրջանային ժողով ‒ 39 պատգամավոր (13-ը՝ մեծամասնական, 26-ը՝ համամասնական ընտրակարգով), որոնցից 5-ը՝ ազգությամբ հայ (3-ը՝ մեծամասնական, 2-ը՝ համամասնական ընտրակարգով, բոլորը՝ իշխող «Վրացական երազանքից»): 2014 թ. մարդահամարի տվյալներով՝ վրացի՝ 26.400 (67․9 %), հայ՝ 12.000 (30․9 %): Անհամաչափությունն ակնհայտ է․ պետք է լիներ 12-13 հայազգի պատգամավոր:

6. Բորժոմի շրջանային ժողով ‒ 33 պատգամավոր (11-ը՝ մեծամասնական, 22-ը՝ համամասնական ընտրակարգով), որոնցից 2-ը՝ ազգությամբ հայ (2-ն էլ՝ մեծամասնական ընտրակարգով, 1-ը՝ իշխող «Վրացական երազանքից», 1-ը՝ ընդդիմադիր ՄԱՇ-ից): 2014 թ. մարդահամարի տվյալներով՝ վրացի՝ 22.000 (87․3 %), հայ՝ 2.200 (8․7 %): Անհամաչափությունն ակնհայտ է․ պետք է լիներ առնվազն 3 հայազգի պատգամավոր:

7. Ադիգենի շրջանային ժողով ‒ 33 պատգամավոր (11-ը՝ մեծամասնական, 22-ը՝ համամասնական ընտրակարգով): Ժողովում հայ պատգամավոր չկա: 2014 թ. մարդահամարի տվյալներով՝ վրացի՝ 16.000 (97․2 %), հայ՝ 400 (2․4 %): Պետք է գոնե 1 հայազգի պատգամավոր լիներ։

Ասպինձայի և Ախալցխայի շրջանային ժողովներում նախագահի տեղակալ են ընտրվել հայազգի պատգամավորները, ինչը պետք է արձանագրել որպես դրական փաստ:



Վահե Սարգսյան

«Դրօշակ» թիվ 1 (1662), դեկտեմբեր 2022 թ.