կարևոր
3169 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-18 11:46
Քաղաքական

Կոռուպցիան հո պոզով-պոչով չի լինում. Մանուկ Սուքիասյանը՝ միասնական տոմսային համակարգի մասին

Տրանսպորտի թանկացմանը չգնալու իրենց կողմից «հաշվարկված» քայլերը հավաստի են: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Ապիկար և փնթի կառավարման արդյունքում ավտոբուսները ժամանակին չեն հասնում տեղ: Երկրում տիրող քաղաքական լարված մթնոլորտում տրանսպորտի թանկացմանը չգնալու՝ իրենց կողմից «հաշվարկված» քայլերը հավաստի են: Փորձում են հնարավոր սոցիալական դժգոհությունը հետաձգել և տեղափոխել ամսաթիվը:

Խնդրահարույց է նաև այն, որ, օրինակ, օրեր առաջ բացահայտվեց՝ այդ GPS համակարգերը, որ պետք է տեղադրվեն ավտոբուսների վրա, Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել շուկայականից մեկուկես անգամ ավելի թանկ: Կոռուպցիան հո պոզով-պոչով չի լինում, հենց այդպես էլ լինում է: Տեղի է ունենում քաղաքային բյուջեի մսխում և վատնում»,- ասել է Սուքիասյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը երկարացրել է թանկացումների ժամկետները, բայց չի հրաժարվել դրանից։

«Կա միտում, որ թանկացումները տանեն դեպի ձմեռ, դեպի Ամանոր: Ամանորին մարդիկ հակված չեն դուրս գալ փողոց սոցիալական բողոքների՝ եղանակային պայմաններով, տոնական զբաղվածությամբ պայմանավորված: Ակնհայտ է, որ կա միտում ՝ թանկացումները տանել դեպի ավելի հեռու ժամկետներ, բայց երբևէ չհրաժարվել դրանից:

Դրան զուգահեռ՝ «Մայր Հայաստան»-ի նախագիծը տրանսպորտի սակագների վերաբերյալ, այս նիստում էլ առ այս պահը չկա օրակարգում: «Մայր Հայաստանը» կոնկրետ ցույց էր տալիս այն աղբյուրները, որոնցից կարելի է սնվել և պահպանել գործող սակագները և միասնական տոմսային համակարգի դեպքում որոշ դեպքերում անգամ էժան կարող էր նստել քաղաքացու վրա»,- նշել է Մանուկ Սուքիասյանը: