Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 9-ամյա տղային գանգուղեղային վնասվածքներ պատճառելու և բնակարանը հրկիզելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 05։20-ին, Գյուլիքևխյան փողոցի 23/1 շենքի թիվ 48 բնակարանում տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով նույն բնակարանի բնակչուհի, 1968 թվականին ծնված Աննա Բադալյանը՝ «ամբողջ մարմնի այրվածք 4-րդ աստիճանի» և վերջինիս անչափահաս, 9-ամյա որդին՝ «բաց գանգուղեղային վնասվածք և մարմնի տարբեր մասերի հատվածների այրվածք» ախտորոշումներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում կատարված լրացուցիչ զննության, ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ երեխային ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել մայրը։ Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ Ա.Բադալյանը 2015թ. փետրվարի 9-ին՝ ժամը 04-ի սահմաններում, կողպել է իրենց բնակարանի մուտքի դուռը և պատուհանները, որից հետո, սպանելու դիտավորությամբ, մուրճով բազմաթիվ հարվածներ հասցրել դեռահաս որդու կենսական կարևոր օրգանի՝ գլխի շրջանում։ Հարվածների հետևանքով երեխային պատճառվել են գանգուղեղային բաց վնասվածքներ։
Սպանության դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով կինը հրկիզել է բնակարանը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանացագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ առաջացած հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցները և Ա.Բադալյանին ու Ֆ.Նահապետյանին դուրս են բերել բնակարանից։
Ձեռք բերված նոր ապացույցների հիման վրա՝ արարքը որակվել է որպես երեխայի նկատմամբ սպանության փորձ և հարուցվել քրեական գործ՝ մոր կողմից երեխային սպանելու փորձ կատարելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է մուրճը՝ արյան հետքերով եւ բենզինի հոտով պոլիէթիլենային տարա։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հյուրասենյակի բազմոցին կիպ պատի վրա հայտնաբերվել է նաև երկտողանի հայատառ գրառում՝«մեր մահվան պատճառը էդ սր-ն է» , որից վերցվել են պատի քերուկներ։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։