Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսուհետև վարչական գործերով վճռաբեկ դատարանին բողոք կարող են գրել միայն ու միայն փաստաբանները: Այս տարվա հունվարի 7-ին ուժի մեջ է մտել Վարչական դատավարության նոր օրենսգիրքը, որի 154-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է հետևյալը. «Ֆիզիկական և իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով»:
Լավագույն դեպքում 50 հազար դրամ պետք է վճարել փաստաբանին` վճռաբեկ բողոք գրելու դիմաց, էլ չենք խոսում հայտնի փաստաբանների և փաստաբանական գրասենյակների գների մասին: Օրինակ` AM փաստաբանական գրասենյակում 50 հազար դրամ և ավելի է միայն խորհրդատվության մեկ ժամը:
Թե որքանո՞վ է այս նորմը սահմանադրական, և արդյո՞ք չի խախտվում անձի դատական պաշտպանության իրավունքը, Yerkir.am-ի հետ զրույցում իրավաբան Արա Ղազարյանն ասաց, որ նման դեպքերում պետք է առաջնորդվել Սահմանադրական դատարանի կողմից ընդունված ՍԴՈ-765 որոշման 14-րդ կետում նշված դրույթով:
«Այստեղ ունիվերսալ դիրքորոշում է արտահայտել ՍԴ-ն` ասելով, որ հատուկ արտոնագրված փաստաբանների կամ անոլոգիայով` միայն որոշակի խմբի կողմից վճռաբեկ բողոք տանելու իրավունքը հակասահմանադրական չէ, եթե կա այլընտրանքային մեխանիզմ, որը բոլոր քաղաքացիների համար ապահովում է դատական պաշտպանության իրավունք»,- նշեց նա:
Համաձայն վերոնշյալ իրավանորմի` այլընտրանքային ասելով` հասկանում ենք անվճար իրավաբանական ծառայությունները և նկատի ունենում հանրային պաշտպանի գրասենյակը, որի դեպքում քիչ չեն բողոքները, որ գերզբաղվածության պատճառով շատ դեպքերում մերժում է քաղաքացիներին:
«Եթե մենք ունենք քաղաքացիների ստվար զանգված, որը չի կարողանում վճարել փաստաբանին, իսկ հանրային պաշտպանի գրասենյակն էլ ասում է` ռեսուրս չունենք, սա հակասահմանադրական վիճակ է: Այսինքն` ոչ թե իրավական նորմն ինքին, այլ պրակտիկայում ստեղծված վիճակն է հակասահմանադրական»,- ասաց Ղազարյանը:
Փաստաբան Գևորգ Գյոզալյանն էլ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, զուտ ինստիտուցիոնալ առումով, խնդիր չկա` օրենքի հետ կապված, եթե հաշվի ենք առնում, որ Վճռաբեկ դատարանն իրեն համարում է իրավունքի դատարան և իրեն ուղղված դիմումները պետք է գրվեն պրոֆեսիոնալ կերպով: Սակայն օրենքը խնդրահարույց է, երբ խոսքը վերաբերում է հայաստանյան իրականությանն ու ՀՀ վճռաբեկ դատարանին, որը «խնդիր ունի` հասկանալու իր դերն ու նշանակությունը»:
Պետք է պատկերացնել մի իրավիճակ, երբ քաղաքացին բավական զգալի գումար է վճարում փաստաբանին, և դիմումը հետ է վերադարձվում: Հիշեցնենք, որ դեռևս 2012 թվականի հունիսից մի քանի անգամ բողոքի ակցիաներ կազմակերպվեցին փաստաբանական համայնքի կողմից, դժգոհության պատճառներից մեկն էլ Վճռաբեկ դատարանի կողմից առանց հիմնավոր պատճառաբանության բողոքը վարույթ ընդունելու մերժումներն են:
Նշենք, որ դեռևս 2011-ի դեկտեմբերին ընդունված` «Փաստաբանության մասին» օրենքի 5-րդ կետով սահմանվեց, որ քաղաքացիական գործերով դատական ներկայացուցչություն կարող են անել միայն փաստաբանները (կան քիչ բացառություններ):
Արա Ղազարյանի խոսքով` վաղաժամ էր նման քայլի գնալը, քանի դեռ պետությունը համապատասխան ռեսուրսները չէր տրամադրել անվճարունակ քաղաքացիներին` դատական պաշտպանությունը ապահովելու համար. «Սկզբում պետությունը պետք է բավարար ռեսուրսներ ապահովեր, հետո օրենքը փոխեր, բայց արվեց հակառակը: Հիմա պատմությունը կրկնվում է վարչական դատավարության դեպքում»:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք նա գիտի դեպքեր, երբ հանրային պաշտպանի գրասենյակը մերժել է քաղաքացուն ռեսուրսներ չունենալու պատճառով, Ա. Ղազարյանը պատասխանեց. «Ես գիտեմ, որ շատ են եկել մեզ մոտ, ասել են, որ գնացել են հանրային պաշտպանի մոտ, իրենց մերժել են: Ու հիմա քաղաքացին չի իմանում` ինչ անել, ինքը չի կարողանում գրել, մյուս կողմից` փաստաբանին վճարել չի կարող»:
Թե ինչպե՞ս կարելի է լուծում գտնել, դեռևս տարբերակներ չեն առաջարկվում:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ