Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեղադրյալը սուտ ցուցմունք տալու համար կարող է քրեական պատասխանատվություն կրել. այդպես է սահմանում է Քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որը ներկայումս քննարկվում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից:
Մասնավորապես` նոր օրենսգրքի 239 հոդվածի 5-րդ կետում նշվում է. «Եթե մեղադրյալը ցուցմունք տալու ցանկություն է հայտնում, քննիչը նրան տեղեկացնում է ճիշտ ցուցմունք տալու պարտականության և նախազգուշացնում սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին: Այս փաստը հավաստվում է մեղադրյալի ստորագրությամբ»:
Սակայն գործող օրենսգիրքը սուտ ցուցմունքի համար պատասխանատվություն սահմանում է միայն վկաների և գործով անցնող մյուս անձանց համար:
Yerkir.am-ի հետ զրույցում փաստաբան, Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Լուսինե Սահակյանը նշեց, որ նոր իրավանորմը սահմանափակում է անձի` պաշտպանվելու իրավունքը: Փաստաբանը օրինակ է բերում գործ, երբ քաղաքացին մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, տվյալ դեպքում` ոստիկանի հանդեպ բռնություն կատարելու համար:
Գործի քննության ժամանակ ոստիկան վկաները պնդում են, որ անձն իսկապես բռնություն է գործադրել իրենց կամ իրենց գործընկերոջ հանդեպ, հետևաբար` անձի` հակառակը պնդող ցուցմունքները գնահատվում են որպես սուտ: Եվ մարդը դատապարտվում է միանգամից երկու հոդվածով` սուտ ցուցմունք տալու և ոստիկանի հանդեպ բռնություն գործադրելու համար:
«Բազմաթիվ գործեր կան` դատարանները հավատում էին ոստիկանի ցուցմունքին: Եթե մենք ունենք սուտ ցուցմունք տվող անձինք, ապա տվյալ պարագայում մենք իրավունք չունեինք նման հնարավորությունից` գոնե իր ցուցմունքով պաշտպանվելու իրավունքից զրկելու: Անձի պաշտպանվելու միակ ձևն իր ցուցմունքն է»,- ասաց փաստաբան Լ. Սահակյանը:
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, սակայն, կողմ է այս ինստիտուտի ներդրմանը: «Որքանո՞վ է արդար, որ վկային մենք «սպառնում» ենք, որ սուտ ցուցմունքի համար պատասխանատվության կենթարկվի, իսկ մեղադրյալին թույլ տալիս` ինչ ուզում է ասի: Օրենքն ասում է` լռիր, բայց սուտ ցուցմունք մի տուր, մի ապակողմնորոշիր դատարանին»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:
Նոր օրենսգրքի 239 հոդվածի 4-րդ կետը սահմանում է լռելու իրավունքը: «Հարցաքննությունը սկսելուց առաջ քննիչը մեղադրյալին բացատրում է լռելու` նրա իրավունքը և պարզաբանում, որ այդ իրավունքից օգտվելը չի կարող մեկնաբանվել ի վնաս իրեն»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` միջազգային պրակտիկայում ընդունված է լռելու իրավունքը, և որ կարևոր հանգամանք է` լռելն ի վնաս մեղադրյալի չի մեկնաբանվում:
Սակայն Լ. Սահակյանը սրա վերաբերյալ նշեց, որ այս դեպքում անձը ոչ թե հանուն արդարության է լռելու, այլ պարզապես ստիպված է լինելու լռել. «Այս դեպքում լռելը դառնում է ոչ թե նրա իրավունքը, այլ պարտականությունը: Գոնե կդատվի միայն մեկ հոդվածով»:
Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը միանշանակ մոտեցում չունի այս հարցին: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հատկապես դատարանում սուտ ցուցմունքը որևէ մեկի կողմից անթույլատրելի է: «Գաղափարի հետ համաձայն եմ: Պարզապես վախենում եմ, որ եթե քրեական պատասխանատվության հարց դրվի, ապա պաշտպանության հարցը վտանգի տակ է դրվում, քանի որ մեղադրյալը կասի, որ` ես իմ ասածը չկարողացա ապացուցել և պարտավոր էլ չէի ապացուցել և հիմա դրա համար եմ պատասխանատվության ենթարկվում: Սա բարդ հարց է: Ռեալիստական տեսանկյունից նայելով` մտավախություններ առաջանում են»,- ասաց Ղամբարյանը:
Ա.Կ.